Գաղտնիք չէ, որ շատ հաճախ Հայաստանում գործող պետական կառույցները միջազգային կազմակերպություններից տարբեր ծրագրերի համար գումար են ստանում, սակայն այդ ծրագրերն այդպես էլ մնում են չկատարված եւ թղթի վրա մնացած: Եվ դրան զուգահեռ էլ պետական բյուջեից մեծ գումարներ են ծախսվում տարբեր գործուղումների համար, եւ դրանց արդյունավետության մասով եւս հստակ արձանագրումներ չենք կարող անել, քանի որ շատ հաճախ արվում են լոկ հայտարարություններ եւ այդ գործուղումների գործնական արդյունքներն այդպես էլ անհայտ են մնում:
Հենց այդ ամենն էլ հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր մի քանի հարց էր ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին եւ վերջիններիցս մի քանի տվյալներ խնդրել` հենց գործուղումների եւ դրանց արդյունքների հետ կապված: Մասնավորապես, մենք ՄԻՊ ուղարկված մեր հարցման մեջ խնդրել էինք հայտնել, թե 2018 թվականի ապրիլից մինչ օրս ՀՀ ՄԻՊ գրասենյակից քանի աշխատակից է մեկնել գործուղման, որ երկրներ եւ ինչ նպատակով:
Ըստ այդմ, մեզ ուղարկված պատասխանում նշվում է, որ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ նույն թվականի հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արտասահմանյան գործուղման է մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 25 աշխատող (երկրները` Ֆրանսիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Չեխիա, Ուկրաինա, Վրաստան, Սլովենիա, Լատվիա): Եվ գործուղումները հիմնականում տեղի են ունենում բազմակողմ կամ երկկողմ հարաբերությունների համատեքստում` համապատասխան հրավերների հիման վրա: Դրանք նպատակ ունեն հնարավորինս լայն ներգրավվել միջազգային կառույցներում, ինչպես նաեւ ձեռք բերել նոր կարողություններ երկրում կատարվող աշխատանքների որակն ավելի բարձրացնելու համար:
Մեր մյուս հարցով փորձել էինք ճշտել, թե ինչ արդյունավետություն է ապահովել գործուղումը: «Վերջին մի քանի տարվա ընթացքում մեր կողմից տարվում են այնպիսի աշխատանքներ, որոնք միջազգային փորձի լավագույն օրինակներ են երրորդ կողմ ՄԻԵԴ-ում քննվող գործով, ԵԽ նախարարների կոմիտե ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով հատուկ դիրքորոշումների ներկայացում, Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշների մշակում, ՍԴ-ին հատուկ կարծիքների ներկայացում, օրենսդրական նախագծերի մշակում ու դրանց շրջանառություն շահագրգիռ կողմերին, այդ թվում` քաղաքացիական հասարակության ու խորհրդարանին եւ այլն:
Միջազգային բարձր գնահատականի վերջին օրինակը ԵՄ հատուկ հայտարարութունն էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ եւ ԵՄ անդամ բոլոր երկրների անունից այս ամիս հրապարակեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բարձրաստիճան կոնֆերանսի ընթացքում: Հայտարարությունում ընդգծվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու իր աշխատակազմը դրական դեր են կատարել այս տարի առավել վաղ տեղի ունեցած խաղաղ հավաքների մշտադիտարկման հարցում: Հայտարարությունում հատուկ ընդգծվում է նաեւ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն «օրինակ է մեզ բոլորիս համար»: Ընդ որում, այդ նիստին մասնակցության համար բացման խոսքով հանդես գալու մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հատուկ հրավեր էր ստացել Մարդու իրավունքների պաշտպանը` իրենց իսկ ֆինանսավորմամբ», – նշված է պատասխանում:
Որքա՞ն գումար է ծախսվել այս գործուղումների համար եւ ի՞նչ միջոցներից է այն հատկացվել հարցերին ի պատասխան` ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերը նշված արտասահմանյան գործուղումների ծախսերի գերակշիռ մասը հոգացել են միջազգային կառույցները եւ միայն 2 մլն 362 հազար դրամն է հատկացվել Պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից:
Մյուս հարցին` ՄԻՊ աշխատակազմը կամ աշխատակազմի անհատական աշխատակիցներ ներգրավված եղե՞լ են արդյոք որեւէ ծրագրում վճարովի հիմունքներով: Խնդրում ենք ներկայացնել ֆինանսական հաշվետվություն այդ կապակցությամբ. ովքե՞ր ի՞նչ աշխատանքի դիմաց որքա՞ն գումար են ստացել, տրվել է ոչ ամբողջական պատասխան եւ մասնավորապես բացակայում է ֆինանսական հաշվետվությունը: Դրա փոխարեն այսպիսի պատասխան է առկա. «Ինչ վերաբերում է աշխատակիցների ծրագրային ներգրավվածությանը, տեղեկացնում ենք, որ Պաշտպանի աշխատակազմի մի շարք աշխատողներ ներգրավված են թե՛ միջազգային ծրագրերում` կատարելով հետազոտական ու գիտական աշխատանքներ, թե՛ դասավանդում են տարբեր հաստատություններում:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես խրախուսում է իր աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացումը` կրթության կատարելագործման, միջազգային ծրագրերին մասնակցելու, գիտական եւ հետազոտական աշխատանքներ կատարելու հարցերում»:
Եվ մեր վերջին հարցով ցանկացել էինք ճշտել, թե միջազգային կազմակերպություններից տարբեր ծրագրերի տեսքով ՄԻՊ գրասենյակը որքա՞ն գումար է ստացել եւ ի՞նչ է արել այդ ֆինանսավորմամբ: Այս հարցին ի պատասխան էլ նշվել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ֆինանսավորում է ստացել «խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության հիմնադրամի, Հայաստանում Բուլղարիայի դեսպանության, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում, որի ընդհանուր գումարը կազմում է 28 մլն 51 հազար դրամ: Նշված ծրագրերով նախատեսվում եւ իրականացվում են Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ու հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումները:
Նաիրա Հովհաննիսյան