Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսին գերազանցում է կես միլիոն դրամը: Այստեղ բնակարանների մեկ քառակուսին եթե հուլիսին վաճառվել է 538 հազար դրամով, ապա օգոստոսին այն կազմել է 541 հազար 800 դրամ:
Դավթաշենում բնակարանի մեկ քմ-ն հուլիսին վաճառվել է 289 հազար 500 դրամով, իսկ օգոստոսին` 291 հազար դրամով: Բնակարանները թանկացել են նաեւ Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում, Արաբկիրում, Շենգավիթում, Աջափնյակում: Բայց մասնագետները կանխատեսում են, որ մինչեւ տարեվերջ բնակարանները ավելի կթանկանան: Նրանց խոսքերով` Հայաստանում անշարժ գույք գնելով հետաքրքրված են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը անշարժ գույքի ոլորտի մասնագետներից տեղեկացավ նաեւ, որ հողատարածքները, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, վերջին ամիսներին ոչ միայն թանկացել են, այլեւ թանկանալու են: Սա, թերեւս, խոսում է Հայաստանում տնտեսական վիճակի աշխուժացման մասին. ի վերջո, անշարժ գույքի գներն ուղիղ կապ ունեն երկրի տնտեսության վիճակի հետ: Որքան վատ է այն, այնքան արագ է արժեզրկվում անշարժ գույքը, եւ հակառակը: