Աղմկահարույց գաղտնալսումից 1 ամիս անց. ինչ են պարզել իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը, սակայն դեռեւս գործով որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, իսկ հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ասել էր, որ հետքի վրա են: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ ցուցմունք են տվել իրավապահներին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը:

Ինչպես հայտնի է, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը, որտեղ կոնկրետ թիրախում էին եղել Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Արդյունքում դեպքի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով), հատկանիշներով եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանի անունը եւս շոշափվում էր ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցում, քանի որ նա է բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Մասնավորապես հեռախոսային խոսակցության մեջ Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանին ասում է. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը… Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց` մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ, զեկուցեմ, էս անեմ, էն անեմ… Ասի` նայի, ասի` նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»:

Այսպիսով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Վաչե Մարգարյանի հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Նախաքննական մարմինը դատավոր Վաչե Մարգարյանին հարց է ուղղել, թե արդյոք նա երբեւէ խոսել է Արթուր Վանեցյանի հետ եւ, առհասարակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի շուրջ նրա հետ զրույց ունեցե՞լ են, թե՞ ոչ: Ի պատասխան քննիչի հարցադրմանը` դատավոր Վաչե Մարգարյանը ասել է, որ ինքը երբեւէ հեռախոսազրույց չի ունեցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:
Նույն հարցը ՀՀ քննչական կոմիտեի քննիչը հարցաքննության ժամանակ ուղղել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ վերջինս կրկին ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն որեւէ դատավոր չի զանգահարել եւ հատկապես` Վաչե Մարգարյանը:

Չնայած նրան, որ գործով անցնող անձինք պնդել են, որ երբեւէ չեն խոսել միմյանց հետ եւ որեւէ զանգ չեն կատարել, նախաքննական մարմինը անցել է մեկ այլ գործողության:

Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննություն իրականացնող մարմինը դիմել է դատարան եւ դատարանին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի եւ դատավոր Մարգարյանի հեռախոսահամարները, որպեսզի դատարանը որոշում կայացնի, որպեսզի նախաքննական մարմնին համապատասխան օպերատորը տրամադրի վերոնշյալ անձանց կողմից հուլիսից մինչեւ օգոստոսը ընկած ժամանակահատվածում մուտքային ու ելքային հեռախոսային խոսակցությունների ցանկը: Արդյունքում, նախաքննական մարմնին է ներկայացվել դատավոր Մարգարյանի եւ ԱԱԾ տնօրենի մուտքային ու ելքային հեռախոսային խոսակցությունների ցանկը, որի արդյունքում պարզվել է, որ կոնկրետ ո՛չ դատավոր Մարգարյանը, ո՛չ ԱԱԾ տնօրենը հեռախոսային խոսակցություն չեն ունեցել: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ով է զանգահարած եղել ԱԱԾ տնօրենին եւ, առհասարակ, զանգ եղե՞լ է, թե՞ ոչ:

Հուսանք` այս հարցի պատասխանը կտա նախաքննական մարմինը, սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու եւ տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն` մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են եղել, որոնցից մեկը, ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի, եղել է ԱԱԾ-ականի բնակարան, իսկ թե նա ներկայիս աշխատող է, թե նախկին աշխատակից, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

Նշենք, որ վերոնշյալ հասցեներում խուզարկություն կատարելով` իրավապահները փորձում են պարզել, թե ով է ձայնագրությունը փոխանցել լրատվամիջոցին, այն կրիչի՞ միջոցով են փոխանցել լրատվամիջոցին, անձա՞մբ են տվել, թե՞ էլեկտրոնային տարբերակով են ուղարկել:

Քնար Մանուկյան




Լրահոս