Կանադայի վարչապետը բարձր է գնահատում ՖՄԿ նախկին գլխավոր քարտուղարի դերը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարևորում է ՖՄԿ արդեն նախկին քարտուղարի՝ Միկայել Ժանի աշխատանքը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին Թրյուդոն նշեց Երևանում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ավարտից հետո հրավիրված ասուլիսում:

«Կանադան 18 մլրդ դոլարի ներդրում է կատարել Կոնգոյում սեռով պայմանավորված բռնությունների կանխարգելման համար: Դա անհանդուրժելի հանցագործություն է: Այս ամենի ֆոնին ես պարտավոր եմ ընդգծել Միկայել Ժանի հոյակապ աշխատանքը, ով կանանց մեծ պաշտպանն է ֆրանկոֆոն տարածքում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ Միկայել Ժանը կանանց իրավունքների պաշտպանությունը դարձրել էր ՖՄԿ-ի առաջնահերթություններից մեկը:

Թրյուդոն համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները պետք է կարողանան կենտրոնացնել իրենց ուժերը՝ ավելի լավ աշխարհի տեսլականի մղումով: «Դրան տանող ճանապարհն, առաջին հերթին, կրթական այնպիսի համակարգի ներդրումն է, որն ավելի լավ տնտեսության ունենալու դուռ կբացի»,- ասաց նա:

Կանադայի վարչապետը շնորհավորեց ՖՄԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ: «Կանադան կհամագործակցի նրա հետ՝ ավելի զարգացնելու համար կազմակերպությունը: Նոր քարտուղարն ընտրվեց կոնսենսուսի պայմաններում, երկրների համաձայնությամբ»,- նշեց Ջասթին Թրյուդոն:




Լրահոս