ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնվել է ոչ նախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդեմ բնապահպանության նախարարի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչական դատարան է դիմել 19 քաղաքացի: Նրանք դատարանից պահանջում են նախարարին պարտավորեցնել ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի` շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը եւ բնապահպանության նախարարի դեռեւս 2016 թվականի ապրիլի 29-ի դրա հաստատումը: Ստացվում է, որ բնապահպանության ներկայիս նախարարը պետք է պատասխան տա իր նախորդի կատարած որոշումների համար: Խոսքը նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի մասին է:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը իր պաշտոնավարման տարիներին Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման ծրագրին բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն էր տվել: Նա իր այդ որոշումը կայացրել էր` հաշվի առնելով համապատասխան համայնքների դրական եզրակացությունները, ավագանու որոշումները, ժողովրդի ցանկությունը:
Բայց չնայած սրան` Ամուլսարում ոսկի հանք շահագործելու խնդրով դատական մի քանի հայցեր կան: Ի դեպ, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով դատարան դիմել էր նաեւ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը, ով այժմ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է:
Սյունէ Համբարձումյան