Ինձ համար չկան անելանելի իրավիճակներ. Գարիկ Սեփխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը եւ նախասիրությունները: Գարիկը պատմել է, թե ինչով է առաջնորդվում դժվարին ընտրության պարագայում, ինչ որակներով օժտված մարդկանց չի հանդուրժում եւ մանկուց ինչ է ցանկացել ունենալ: Նա խոստովանել է, որ կատակերգական դերերից բացի ցանկանում է նաեւ դրամատիկ դերեր խաղալ, պարզապես քանի որ զբաղված է նաեւ սցենարական աշխատանքներով եւ ժամանակի սղություն ունի, չի հասցնում առաջարկներ ընդունել:

-Գարիկ, եթե նորից անցնելու լինեիք Ձեր կյանքի ուղին, ի՞նչը կփոխեիք:

-Երեւի ոչ մի բան էլ չէի փոխի. ճակատագիրն ուր կտաներ, այնտեղ էլ կգնայի:

-Թալիսման ունե՞ք:

-Եթե նկատի ունեք որեւէ իր, ապա ոչ: Առհասարակ, սնահավատ չեմ:

-Ժամանակի ընթացքում հասկացել եք, որ…

-Բաներ կան, որոնք պետք չէր անել, բայց արել եմ, եւ հակառակը, որոնք պետք է անեի, չեմ արել: Բայց ասեմ, որ ափսոսում եմ չարածներիս համար:

-Եղե՞լ է, որ ինչից փախչեք, Ձեր գլխին գա:

-Հա, շատ է եղել այդպես, ուստի աշխատում եմ չֆիքսվել նման բաների վրա: Ինչ լինում է, թող լինի:

-Շարունակեք միտքը. «Ամենատհաճ իրավիճակում անգամ պետք չէ մոռանալ…»

-Արժանապատվության, մարդ մնալու մասին:

-Կա՞ն իրավիճակներ, որոնցում մարդիկ երբեք Ձեզ չեն տեսել:

-Երգելիս, որովհետեւ չեմ կարողանում: Բայց ասեմ, որ մարդիկ ինձ չեն տեսել նաեւ դրամատիկ դերերում, սակայն նման կերպարներ մարմնավորելու ցանկությունս մեծ է: Պարզապես եթե նույնիսկ առաջարկներ լինում են, զբաղվածության պատճառով չեմ ընդունում դրանք:

-Երբ կանգնած եք լինում դժվարին ընտրության առջեւ…

-Փորձում եմ սառը դատել, տաք գլխով ոչինչ չեմ անում: Առհասարակ, միշտ փորձում եմ դժվարին պահերից ելք գտնել: Ինձ համար չկան անելանելի իրավիճակներ:

-Ձեզ արագաշարժ, ճկուն մարդ համարու՞մ եք:

-Այո, հատկապես երբ համեմատում եմ ինձ իմ շրջապատից շատերի հետ, չնայած որ գործի բերումով մեծ մասամբ նստակյաց կյանք եմ վարում:

-Ինչի՞ համար եք ափսոսում:

-Կորցրած ժամանակի, որը կարելի էր ծախսել արդյունավետ, այնինչ դու գիտակցում ես, որ զուր է անցել, անիմաստ…

-Որոշումները կայացնում ես ակնթարթորե՞ն, թե՞ երկար-բարակ կշռադատելուց հետո:

-Շատ կարեւոր որոշումներն ընդունում եմ երկար-բարակ մտածելուց հետո, բայց կան նաեւ որոշումներ, որոնք հարկավոր է արագ կայացնել:

-Ձեր կյանքում ի՞նչ տեղ ունի կրոնը եւ ի՞նչ տեղ՝ հավատը:

-Երկուսն էլ մեծ տեղ ունեն. ես հավատում եմ Աստծուն եւ այցելում եմ եկեղեցի: Կյանքս հանձնել եմ Աստծուն, քանի որ ամեն բան նրա ձեռքերում է:

-Չեք հանդուրժում մարդկանց, որոնք…

-Սուտ են խոսում: Նրանց միանգամից հեռացնում եմ իմ շրջապատից:

-Կա՞ մի բան, որ փոքր ժամանակ շատ եք ուզեցել ունենալ, բայց չի ստացվել: Խոսքս նյութականի մասին է:

-Այո, կոշիկ: 90-ականներին երեխա եմ եղել, իմ սերունդը լավ կհասկանա ինձ. այդ ժամանակ սոցիալական խնդիրները շատ էին:

-Սիրու՞մ եք, որ Ձեզ գովում են:

-Անկեղծ ասած՝ ոչ: Ի դեպ, այդպես հաճախ է լինում, հատկապես՝ հայտնի դառնալուց հետո, անծանոթ շրջապատում:

-Ձեր արտաքինի մեջ ի՞նչը կփոխեիք:

-Արդեն փոխել եմ. քիթս չորս անգամ վիրահատել եմ:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Դա թող մնա գաղտնիք:

-Իմ հարցերից ո՞րն ամենաշատը Ձեզ դուր եկավ:

-Մանկության մեծ ցանկության մասին հարցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս