Ադեկվատ դատող պաշտոնյան պետք է հասկանա, որ հարկավոր է դուրս գալ Հանրապետական կուսակցությունից, այդ որջից. Վահագ Ռաշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադեկվատ դատող ցանկացած պատգամավոր, պաշտոնյա պետք է հասկանա, որ վաղ թե ուշ հարկավոր է դուրս գալ «Հանրապետական» կուսակցությունից, այսպես ասած՝ այդ որջից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց երգիչ Վահագ Ռաշը՝ անդրադառնալով վերջին շրջանում հանրապետականների կողմից կուսակցությունը լքելու միտումին:

Մենք Վահագի հետ զրուցեցինք նաեւ թավշյա հեղափոխության ժամանակ իր ունեցած սպասելիքների մասին եւ հարցրինք՝ արդյոք դրանք արդարացան. «Չէի ասի, թե շատ մեծ փոփոխություններ են եղել, բայց այնպես էլ չէ, որ կարճ ժամանակում սպասում էի հրաշքների: Հիմա առաջին հերթին անհրաժեշտ է, որ անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որպեսզի երկիրը ղեկավարի այն ուժը, որին ժողովուրդն է վստահում: Իհարկե, Ազգային Ժողովում պետք է նաեւ այլ կուսակցություններից ներկայացուցիչներ լինեն, որպեսզի բալանսը պահվի»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Վահագի խոսքով՝ այս փուլում Հայաստանին շատ է պետք ընդդիմություն, բայց ոչ «Հանրապետական» կուսակցության մակարդակի. «Մեզ ադեկվատ ընդդիմություն է պետք, որը ոչ թե ամեն փուչ բան քննարկման առարկա կդարձնի, լուն ուղտ կսարքի, այլ որը առողջ մթնոլորտ կձեւավորի երկրում, հանդես կգա տեղին քննադատություններով»,-շեշտեց երգիչը:

Նրա համոզմամբ՝ Ազգային ժողովը չպետք է համալրեն միայն հեղափոխության մասնակիցները, ակտիվիստները. «Անկեղծ ասած՝ դա ինձ վախեցնում է: Հիմա եթե կառավարության կազմը նայեք, ակնհայտ կերպով այդ միտումը կնկատեք: Պաշտոններ են զբաղեցնում նրանք, ովքեր, այսպես ասած, քայլել են: Ես չեմ ասում, որ նրանք վատ մարդիկ են, բայց հարկավոր է մեծ տեղ տալ ոլորտի մասնագետներին՝ անկախ այն բանից՝ նրանք եղել են ակտիվիստ, թե ոչ»,-մեկնաբանեց Վահագը:

Նա խոսեց նաեւ ժողովրդի շրջանում ներկայումս տիրող տրամադրությունների մասին եւ նշեց, որ իր շրջապատի մարդկանց շրջանում ներկայիս իշխանության հանդեպ համակրանքը հիմնականում պահպանվել է. «Ժողովրդի մոտ արթնացել է հույսը, իսկ դա արդեն քիչ չէ: Դրա արդյունքները որոշ ժամանակ անց արդեն տեսանելի կլինեն»,-եզրափակեց երգիչը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս