Կապանում քաղաքապետի ընտրությունների թեժ են լինելու. թեկնածուներից մեկը խառնում է կրիմինալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություններ եւ, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, պայքարը թեժ է լինելու:

Համայնքի ղեկավարի 3 թեկնածու ինքնառաջադրվել է` ՔՊ անդամ Նարեկ Բաբայանը, որը Սյունիքի մարզպետի տեղակալն է, անկուսակցական էդգար Հովհաննիսյանը, Գեւորգ Փարսյանը եւ Արմեն Ղազարյանը։ Վերջինս ինքնաբացարկ է հայտնել:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն առաջադրված թեկնածուներից մեկի մասին տևական ժամանակ է, դժգոհություններ է ստանում։ Կապանի բնակիչներից մի քանիսը հայտնեցին, որ թեկնածուներից Գեւորգ Փարսյանը, ով նախկինում ազատազրկման է դատապարտված եղել եւ ներկայումս քրեական բարքերի գործադրմամբ փորձում է հաջողության հասնել քաղաքապետի ընտրություններում։ Պարզվում է, որ Գեւորգ Փարսյանը 2004 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով` ծանր մարմնական վնասվածք հասցնելու եւ 113 հոդվածի 1-ին մասով` միջին ծանության եւ 66 հոդվածի հատկանիշներով, հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան ազատազրկման է դատապարտել 1 տարի, որը այսօրվա թեկնածուն կրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ավելի ուշ վաղաժամկետ ազատ է արձակվել: 2014 թվականին նա կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ նրա նկատմամբ 117 հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, կրկին քրեական գործ է հարուցվել, սակայն ավելի ուշ կարճվել է:

Ըստ բնակիչների` նրա եղբայրը եւս մեկ տարի ազատազրկման է դատապարտված եղել եւ պատիժը կրել է «Գորիս» ՔԿՀ-ում։ Վերջինս շփվում է հանցավոր տարրերի, մասնավորապես օրենքով գող Արտեմ Միքայելյանի հետ եւ այդ կապերով փորձում է քրեական աշխարհում բարձր դիրքի հասնել։ Եվ հիմա բնակիչներն անհանգստացած են, որ ներկայումս այդ կապերը օգտագործվում են, կամ այսպես ասած կրիմինալը խառնում են Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում հաղթանակի հասնելու համար:

Այս ահազանգերի առնչությամբ զրուցեցինք Կապանի քաղաքապետի թեկնածու Գևորգ Փարսյանի հետ։ Վերջինս, անդրադառնալով տեղեկություններին, հայտնեց. «Իհարկե ոչ, նման բան չկա, կրիմինալը ընդգրկելու հարց չկա։ Իսկ ազատազրկման դատապարտված լինելու հետ կապված տեղեկությունների մասով պետք է ասեմ, որ արդեն խոսել եմ, ես համարվում եմ դատավածություն չունեցող, քանի որ այդ դեպքից անցել է արդեն 15 տարի եւ այն արդեն մարվել է: Իսկ ինչ վերաբերում է կատարված դեպքին, ապա դա իմ պատվի եւ արժանապատվության հետ կապված դեպք է եղել, որի համար կարող եմ ասել, որ չեմ փոշմանել: Իմ ու իմ սիրելի աջկա հետ կապված հարց էր, ու կրկնում եմ երբեք չեմ փոշմանել:

Իսկ եղբոր և քրեական հեղինակությունների շփումների, ինչպես նաև կրիմինալի միջոցով հացեր լուծելու մասով Փարսյանն ասաց. «Կապանում կրիմինալ չկա ու անիմաստ է դրա մասին խոսել։ Իմ եղբայրն է, ինձ իհարկե օգնում է։ Ո՞ր եղբայրը չի օգնում, բայց կրիմինալ ընդգրկելու հետ մենք կապ չունենք, ու Կապանը այնպիսի քաղաք է, որ կրիմինալ չկա»:




Լրահոս