«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ահա արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրություններից հետո գործելու է Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:
Իսկ սա նշանակում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները լինեն Երեւանի ավագանու ընտրությունների պես ակնհայտ տարբերությամբ, ապա մեծամասնության թեկնածուն, այս դեպքում` Նիկոլ Փաշինյանը, իրավունքի ուժով է դառնալու ՀՀ վարչապետ, ճիշտ այնպես, ինչպես եւ Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ՝ առանց ավագանիների կողմից ընտրության:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: