«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ հանդիպում է ունեցել «Վալլեքս» խմբի ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի հետ: Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը, իսկ պատճառն էլ վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մեջլումյանը ցանկանում էր հասնել նրան, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 380 մլն դրամի չափով տուգանքը չեղարկվի: Սակայն մեր տեղեկություններով` երեկվա հանդիպումն անպտուղ է եղել:
Գործարանի հետագա գործունեության ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության ներկայացուցիչները գործարարի հետ նախատեսում են հանդիպում ունենալ նաեւ այս ուրբաթ»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: