«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, երբ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարվեց, եւ տասնյակ հազարավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախ բողոքի ակցիա իրականացրին, ապա մուտք գործեցին Ազգային ժողովի տարածք, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում էր արտերկրում: Ավելի ուշ հայտարարեցին, որ շուրջ մեկ շաբաթ ԱՄՆ-ում գտնված նախագահն այդ ընթացքում Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի կողմից պարգեւատրվել է Համաշխարհային պետական գործչի մրցանակով:
Զավեշտալին այն է, որ, համաձայն Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի կայքի, ինքը՝ Արմեն Սարգսյանը, այդ ինստիտուտի փոխնախագահն է: Նա փոխնախագահ է նշանակվել 2008-ին, իսկ մինչ այդ՝ 2002-ից, եղել է տնօրենների խորհրդի անդամ: Փաստացի ստացվում է, որ Արմեն Սարգսյանն այդ հնչեղ անունով մրցանակը ստացել է իր կողմից ղեկավարվող հաստատությունից, իսկ նրա ամերիկյան վոյաժների ծախսը հոգացել են Հայաստանի հարկատուները, քանի որ ՀՀ նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակությունն ԱՄՆ են գործուղվել պետբյուջեի հաշվին եւ այնտեղ մնացել շուրջ մեկ շաբաթ:
Դժվար է չհամաձայնել, որ Հայաստանի նման աղքատ երկրում անգլիական թագուհու կարգավիճակ ունեցող, բայց էլիտար հաճույքների ու բեմականացված մեծարման երեկոների սիրահար նախագահ ունենալը, իրապես, մեծ բեռ է:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: