Նպատակ է հետապնդում հարված հասցնել ներկայիս իշխանություններին. Հովիկ Աղազարյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր տված հարցազրույցում նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հետ անձնական հաշիվներ ունի:

«Վարչապետը մարտիմեկյան իրադարձությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր, եւ ընդհանրապես, քաղաքական հաշիվներ մաքրելու եւ պատմությունն իր համար ավելի հարմար համատեքստում վերաշարադրելու փորձերում գլխավոր գործիչներից մեկը: Մոտիվացիան ակնհայտ է»,-մասնավորապես ասել է նա: Նախագահի խոսքով` Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իր անձի հանդեպ, եւ այդ ատելությունն այժմ արտահայտվում է տարբեր պետական ինստիտուտների գործունեության մեջ, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների։

«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցին, ասաց, որ վերջինս այդ հարցազրույցով պարզապես հաստատում է իր խոսքերը ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։ Նա հարցազրույց տալով ընդամենը նպատակ է հետապնդում հարված հասցնել ներկայիս իշխանություններին։

Հարցին` ինքը ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ երկրորդ նախագահը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, պարոն Աղազարյանը պատասխանեց, որ գուցե նա ուզում է ինչ-որ բաներ անել այն քաղաքական ուժերի միջոցով, որոնք կիսում են իր տեսակետներն ու կարծիքները։ Հետաքրքրվեցինք` այսօրվա խորհրդարանում կա՞ն նման ուժեր.

«Իհարկե կան։ Պարզապես անուններ չեմ նշի»,-պատասխանեց պատգամավորը։

Ազգային համաձայնության կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի պնդմամբ` ակնհայտ է, որ «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով իշխանության եկած մարդը, երբ մոռանում է Սերժին եւ նույնիսկ դառնում նրա համար բրոքեր, ապա ակնհայտ է, որ նա, բան ու գործ թողած, պետք է փորձի Քոչարյանի հետ կապված ինչ-որ բաներ անել:

«Նրանից ո՛չ լավ վարչապետ է դուրս գալիս, ո՛չ նույնիսկ բրոքեր: Վերաքննիչի որոշումը ցույց տվեց, որ այդ գործը սարքած է: Ռոբերտ Քոչարյանին նշանակել են մեղավոր ու փորձում են որեւէ ձեւով ինչ-որ բաներ անել: ՀՔԾ-ի պրոֆեսիոնալիզմը այնքան չի հերիքում, որ չեն կարողանում նույնիսկ կարգին հոդված ճարել: Գաղտնալսումները ցույց տվեցին, որ ամեն բան ուղղորդվում է Փաշինյանի կողմից: Սրանում միտում կա, եւ այդ միտումը կապված է նրա հետ, որ մարտի 1-ը Փաշինյանի ամենթույլ կետն է: Մարտի մեկից հետո նա պարզապես փախավ: Անմեղ մարդը չէր փախչի: Ես նույնիսկ վախենում եմ, որ մարտի 1-ի ապացուցողական բազան նրանք կարող են ոչնչացնել: Քոչարյանի ներկայությունը հունից հանում է Փաշինյանին: Հիմա էլ նա վախենում է, որ կկորցնի իր աթոռը: Տեսնում է, որ իր վարկանիշը գնալով ընկնում է, դրա համար էլ ամեն բան անում է, որ ընտրությունները հնարավորինս շուտ լինեն: Վստահ չեմ, որ ինքը հրաժարական կտա: Նա կառչած է իր աթոռին: Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցած 57 տոկոսը, ըստ երեւույթին, դեմ են քվերակել նրան»,-մեզ հետ զրույցում ասաց նա:

Լուսինե Մինասյան




Լրահոս