Այսօրվանից ՀՀ ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սպասվում: Այսօր սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաեւ սկսվում են կառավարության ներկայացուցիչների եւ խորհրդարանական ուժերի միջեւ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումները: Ինչպես հայտնի է, նախագիծը դեռ նախորդ ուրբաթ օրն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, եւ սպասվում է, որ պետք է ընդգրկվի նաեւ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ:
Սակայն մինչ այդ լրացուցիչ քննարկումներ կանցկացվեն, եւ չի բացառվում, որ նախագծում փոփոխություններ տեղ գտնեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունից խորհրդարանական խմբակցությունների հետ բանակցելու մանդատը տրված է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, ով, ի դեպ, վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովի նախագահն է նաեւ:
Ընդգծենք, որ մինչ այս խորհրդարանական խմբակցությունները մշտապես դժգոհում էին, թե անտեսված են եւ իրենք ընդգրկված չեն Ընտրական օրենսգրքի հարցերով քննարկումներում, եւ ահա հնարավորությունը ընձեռնված է, սակայն հետաքրքիրն այն է, որ նախագիծն արդեն Վենետիկի հանձնաժողովում է: