Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի (Մ-11)
Վարդենիս-Սոթք (38-43-րդ կմ) հատվածում սեպտեմբերի 11-ից մեկնարկած
հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել
է շինարարական տեղամաս, տեղում ուսումնասիրել կատարվող աշխատանքները։
Ճանապարհահատվածը հիմնանորոգող «Կապավոր» ընկերության պատասխանատուները
ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Նշվել է, որ արդեն իսկ կատարվել է
հիմնանորոգման ընդհանուր ծավալի հողային աշխատանքների 40%-ը, նորոգվել է
արհեստական կառուցվածքների 70%-ը, դրան զուգահեռ, գոյություն ունեցող
ասֆալտբետոնե պատվածքի վերաօգտագործման սառը վերամշակման եղանակով
ընթանում են նաև ասֆալտապատման աշխատանքներ։ Ճանապարհային պատվածքի ներքին
շերտի 68% և վերին շերտի 40% ասֆալտապատումն արդեն կատարված է։
Գոռ Ավետիսյանը կապալառու ընկերության պատասխանատուների հետ քննարկել է
շինարարության ընթացքի, ժամկետների հետ կապված մի շարք հարցեր։
Հանձնարարվել է առավելագույն ուշադրություն դարձնել հատկապես իրականացվող
աշխատանքների որակին։
5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը, ըստ պայմանագրի,
նախատեսված է ավարտել դեկտեմբերի 10-ին։ Սակայն շինարարները փաստում են, որ
նոր տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա այն ավարտել ժամկետից
շուտ՝ ավահովելով շինարարության բարձր որակը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն