Ինչո՞ւ մամուլի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Հայ մամուլի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության 2004-ի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 -ի հոկտեմբերի 16-ին Մադրասում լույս է տեսել հայկական առաջին տպագիր պարբերականը`«Ազդարարը»:  «Ազդարարը» հայերեն լեզվով լույս է տեսել ամիսը մեկ անգամ` 1794-ի հոկտեմբերից մինչեւ 1796 -ի մարտ: Ամսագիրը հրատարակել է Հարություն Շմավոնյանը: Ընդհանուր առմամբ լույս է տեսել 18 համար:

Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ:

Յուրաքանչյուր տարի հայ մամուլի ներկայացուցիչներին շնորհավորել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Սակայն դեռ երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով հանդիսանում է մամուլի ներկայացուցիչ, կարծես, հարկ չհամարեց շնորհավորելու գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ: Ի դեպ, սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին բացթողումը չէ: Ինչպես հայտնի է` նա չէր շնորհավորել նաև Գյումրիի տոնը, և միայն օրվա ավարտին կարճ ուղերձ էր հղել` գյումրեցիներին խոստանալով պատժել մեղավորներին` իրեն տեղյակ չպահելու համար: Հետաքրքիր է` այս անգամ ո՞վ է մեղավոր և ով պետք է վարչապետին հիշեցներ օրվա խորհրդի մասին:

Թերևս, գոնե Նիկոլ Փաշինյանին կարիք չկա հիշեցնելու` ինչ դեր ունի մամուլը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, որքան մեծ է ազատ մամուլի ներդրումը բոլոր բնագավառներում: Ի վերջո, անկախ ինտերնետային դարի առանձնահատկություններից` մամուլը զանգվածային լրատվության ավանդական միջոց է և պետք է գործի: Ուստի, պետությունը պետք է արժևորի դրա գոյությունը: Միայն «այփադներով» ապրելը կտրում է իրական արմատներից»:




Լրահոս