Թումոյի մասնաճյուղ` Եվրոպայի սրտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Իրականում շատ ուրախ եմ, որ Թումոյի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում:

Հայաստանից Թումոյի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության ոլորտում մեր լավագույն արդյունքներից մեկը: Հայերի մոտ ծեծված մի արտահայտություն կա, որ մենք չունենք բնական պաշարներ, և այդ հիմնական պաշարը մարդկային ուղեղներն են: Երկար ժամանակ մենք ճանապարհներ էինք փնտրում՝ այդ պաշարն արտահանելու համար, և կրթության ոլորտում Թումոյի միջոցով հնարավոր եղավ ապահովել այդ ճեղքումը: Բազմիցս ասվել է, որ Փարիզը Եվրոպայի նորաձևության մայրաքաղաքն է:

Ինովացիայի և տեխնոլոգիայի ոլորտում ևս այն նորաձևության կրողներից և կենտրոններից է, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ սահմաններից դուրս Թումոյի առաջին կենտրոններից մեկը բացվում է հենց Փարիզում: Այն բանից հետո, երբ 2016 թվականին Փարիզի քաղաքապետը խոսեց Թումոյի մասնաճյուղ բացելու մասին, եվրոպական մյուս կենտրոնները և մայրաքաղաքները ևս վարակվեցին այդ մտքով և ցանկացան ունենալ իրենց թումոները: Ներկայումս նախատեսվում է Թումոյի մասնաճյուղեր բացել Մոսկվայում, Բեռլինում և եվրոպական այլ մայրաքաղաքներում:

Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը այցելել էր Թումո, և դրանից հետ գերմանացիները ևս հետաքրքրված են այս նախագծով: Գիտեք, որ Հայաստանում այս տարի տեղի է ունեցել հեղափոխություն, որին սկզբում հավատում էր 10-12 մարդ: Այս հեղափոխությունը և դրա իրականացումը լավագույն ապացույցն են այն բանի, որ եթե փոքր թվով մարդիկ հավատում են գաղափարին, ապա դա տեղի է ունենում:

Այս օրինակը բերեցի, որովհետև կրթական ոլորտում նման մի հեղափոխություն իրականացրել են Փափազեան ընտանիքը և նրանց գործընկերները՝ Սիմոնյանները, փոքր թվով մարդիկ, ովքեր հավատացին այդ գաղափարին և իրականացրին դա: Եվ պատահական չէ, որ ներկայումս Թումոյի ցանցը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ»:




Լրահոս