ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ընտրությունների կարելի է գնալ նաև գործող Ընտրական օրենսգրքով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վարչապետին կից ընտրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները` փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպեցին խորհրդանական երեք ուժերի` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի հետ: Եվ չնայած Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին, սակայն, ըստ էության, չի բացառվում, որ եզրակացություն չլինի: Երեկ այս առնչությամբ առաջին փոխվարչապետը լրագրողների հետ զրույցում նկատեց. «Մենք ե՛ւ հայեցակարգը շատ ավելի վաղ, ե՛ւ օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկել ենք, պաշտոնապես վերջին տարբերակն այսօր է ուղարկվել։ Վենետիկի հանձնաժողովի հետ կոնտակները շարունակվելու են, հուսամ՝ որոշակի փոխըմբռնում կլինի»։

«Ժողովուրդ» օրաթերթն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ արդարադատության նախարար, վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանի հետ:

-Պարո՛ն Զեյնալյան, երեկ հանդիպումներ ընթացան խորհրդարանական խմբակցությունների հետ` կապված ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ: Հանրապետական խմբակցության անդամներն, օրինակ, նշում են, որ արդեն ուշ է նման քննարկումների համար, եւ ի սկզբանե պետք է հաշվի առնվեր խորհրդարանական ուժերի կարծիքը: Համաձա՞յն եք, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվել, եւ այս քննարկումներն, ըստ էության, ուշացած են:

-Երկրում ֆորսմաժորային, հակասահմանադրական իրավիճակ է: Բացակայում է սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կայուն մեծամասնությունը, եւ պետք է արագ քայլեր ձեռնարկել դա վերականգնելու համար: Բնականաբար, այս իրավիճակում լինում են սկզբունքներից որոշակի շեղումներ: Կառավարությունը հայտարարել է, որ սա ամենաօպիտիմալ լուծումն է վերականգնելու սահմանադրական կարգը:

-Այդ իրավիճակո՞վ է պայմանավորված, որ նույնիսկ առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության կարող են անցկացվել ընտրությունները:

-Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ եզրակացությունը լինի: Բոլոր դեպքերում, դա խորհրդատվական բնույթ է կրում եւ վճռորոշը ժողովրդի որոշումն է:

-Արդյոք չի՞ ստացվում, որ անտեսվում է միջազգային հանրության կարծիքը:

-Բոլորովին: Եվրոպական կառույցների այն դիտողությունները, որոնք եղել են 2017 թվականի ընտրությունների հիմքում ընկած ընտրական օրենսգրքի վերաբերյալ, դրանք ներառված են, այսինքն` եվրոպական, միջազգային կառույցների եզրակացությունները, առաջարկներն ու դիտողությունները այս ընտրական օրենսգրքի նախագծում:

-Գործող օրենսգրքով հնարավոր չէ՞ արտահերթ ընտրությունների գնալ:

-Հնարավոր է: Այսօրվա կառավարություն ձեւավորած քաղաքական ուժի համար սա ձեռնտու է: Սակայն քաղաքական ուժը նպատակահարմար է գտնում գնալ ժողովրդավարական ճանապարհով, նախապատրաստել ընտրական օրենսգիրքը ավելի ներառական Ազգային ժողով ունենալու:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս