ԵԱՀԿ-Ն ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՍԱՀՄԱՆԻ ՎԻՃԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հասարակության մեծ մասի ուշադրությունը սեւեռված է Երեւանի ավագանու ընտրությունների, ընտրություններին մասնակից ուժերի հեռակա բանավեճերի ու լեզվակռիվների վրա, վերջին օրերին գնալով լարվում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանին: Եւ հիմա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԱՀԿ-ն արդեն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել, նաեւ մոնիտորինգ կատարել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի՝ իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ ՀՀ-ն արդեն տեղեկացրել է միջազգային կառույցներին: «Ադրբեջանական կողմի իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ մեր կողմից տեղեկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցներ, որոնք պարբերաբար մտահոգություններ են հայտնում նման լարումների հետ կապված, նաեւ կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից` շեշտելով ամեն անգամ, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Մենք ակնկալում ենք, որ այդ կառույցները համապատասխան քայլեր կձեռնարկեն սանձելու Ադրբեջանին, հետ պահելու հետագա նման գործողություններից»,-ասել է նա:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել է երեքից չորս ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել նոր իշխանության աշխատանքին: Միաժամանակ, սակայն, ՀՀԿ-ականներն իրենց պլաններն են գծել, նաեւ թաքուն հույս են փայփայել, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից, եւ վերջինս ու իր թիմը կձախողեն: Հիմա անցել է այդ 3-4 ամիսը, ու թերեւս դրանով է պայմանավորված ՀՀԿ-ականների վերջին ակտիվ հարձակումները: Պատահական չէ, որ ՀՀԿ-ականների հիմնական թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը` հայ-ռուսական հարաբերությունները: Հատկապես վերջին մեկ ամսում այդ առումով ՀՀԿ-ականներն իրար հերթ չեն տալիս քննադատելու այդ մարտավարությունը: Մյուս թիրախն էլ նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն է: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ականները պնդում են, թե տնտեսական քաղաքականություն առհասարակ չկա:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած եւ հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց: Մասնավորապես, մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանին: Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որտեղ են նրանք տեղակայված եղել եւ այլ հարցեր: Ստացվում է, որ քննիչները Ներքին զորքերի զինվորականներից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են բանակի ներգրավածության հարցի մասին՝ շեշտը դնելով այդ հանգամանքի վրա: Իսկ ինքը՝ Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, երեկ հայտարարել է, թե իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել:

 

 

 

Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքը: Ու մինչ շատերի մոտ դեռ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ տպավորություն էր, թե այն ստեղծվում է կանանց դաժան ամուսինների բռնությունից փրկելու համար, պարզվում է` հակառակն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս ընթացքում արդեն ոստիկանությունն առիթ ունեցել է օրենքի համաձայն տանից հեռացնել բռնություն գործադրած անձին՝ կնոջը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրված վիճակագրությունը: «Հուլիս, օգոստոս եւ սեպտեմբերի 16-ը ներառյալ մենք ունեցել ենք 450 ամփոփագիր` ընտանեկան բռնության ահազանգերով, որից 375-ը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են, իսկ 25-ը կնոջ կողմից տղամարդու նկատմամբ: Չնայած մենք հունիսի 30-ին դեպք ենք ունեցել, եւ առաջին բռնարարը, որին տանից հեռացրել ենք, դա եղել է կին»:

 

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՂՄԱՑՈՒՄ
Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիական ճգնաժամի հարցում ընդհանուր հայտարարի են եկել: Երեկ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Սոչիում ավելի քան չորս ժամ տեւած բանակցություններից հետո ստորագրվել է Իդլիբում իրավիճակի կայունացման մասին ռուս-թուրքական հուշագիր: Ըստ այդմ, Սիրիայի պետական բանակի եւ զինված ընդդիմության շփման գծում մինչեւ հոկտեմբերի 15-ը պետք է ստեղծվի 15-20 կիլոմետր խորությամբ ապառազմականացման գոտի, որից պետք է դուրս բերվի ծանր զինտեխնիկան: ՌԴ-ն ու Թուրքիան այդ գոտում համատեղ պարեկություն են իրականացնելու: Միաժամանակ երկու երկրները պայմանավորվել են Սիրիայում շարունակել պայքարն ահաբեկչության դեմ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններից հետո ընդգծել է, որ Իդլիբում ռազմական նոր գործողություն չի իրականացվի: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պնդել է, որ իրենց համոզմամբ` այս քայլերի իրականացումը քաղաքական նոր լիցք կհաղորդի սիրիական հակամարտության կարգավորմանը եւ խաղաղություն կհաստատի այնտեղ:
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ երեկ ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր են: Եթե հիշում եք, երեք տարի առաջ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները խզվել էին` հասնելով գրեթե թշնամանքի աստիճանի: Սա այն բանից հետո, երբ թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանին խոցել էր ռուսական ռազմական ինքնաթիռը:
ՌԴ-ի ու Թուրքիայի միջեւ այն ժամանակ լարված հարաբերություններն իրենց ազդեցությունն ունեցան նաեւ ԼՂ խնդրի վրա: Ու տեսակետ կա, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հարցում որոշակի դերակատարություն է ունեցել նաեւ այդ փաստը՝ տարածաշրջանում գերլարվածությունը: Այդ էր պատճառը, որ Թուրքիան 2016թ. ապրիլին կոնկրետ աջակցություն էր ցուցաբերել Ադրբեջանին քառօրյա պատերազմը սանձազերծելու հարցում:
Հիմա չի բացառվում, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացումը հանգեցնի նաեւ ԼՂ խնդրում իրավիճակի մեղմացման, եթե, իհարկե, գերտերությունները հերթական անգամ չեն որոշել Հայաստանը դարձնել մանրադրամ իրենց աշխարհաքաղաքական մեծ խաղերում` զոհաբերելով այն: Վերջին օրերին հատկապես հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բավական լարված է. ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է ոչ միայն հայկական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը: Միաժամանակ, Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, թե իրենք մինչեւ վերջ կաջակցեն Ադրբեջանին ԼՂ խնդիրը լուծելու հարցում: Իսկ ավելի ուշ արդեն Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ԼՂ խնդրի կարգավորումը ձգձգելու համար:




Լրահոս