ՄԻՄՅԱՆՑ ՎՐԱ ՑԵԽ ԵՆ ՇՊՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է նաեւ «Հայք (հայկազունիներ) կուսակցությունը»: Այդ կուսակցության քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը խոսել է Երեւանի ավագանու ընտրությունների մասին:

-Պարո՛ն Հովսեփյան, տեղեկացանք, որ որոշել եք մնալ շտաբում եւ այդպես անցկացնել քարոզարշավը: Ինչո՞ւ ընտրեցիք այս մարտավարությունը:
-Մենք ունենք կուսակիցներ, ովքեր ամեն մեկը իրենց տեղում, իրենց թաղամասերում անցկացնում են իրենց քարոզարշավը: Առաջին օրերից պարզ դարձավ, որ այդ հին ոճը, որ ընկնում են փողոցներով, ժողովրդի մոտ արհամարհանք եւ զզվանք է առաջացնում: Մենք նույնիսկ հրաժարվել ենք բուկլետների մշակույթից: Մենք ունենք երեք ծրագիր` Երեւանը` հայության մայրաքաղաք, Երեւանը` ազգային արժեքների, հեղափոխության մայրաքաղաք, Երեւան քաղաք: Մեր կուսակիցները սրանք բաժանել են իրար մեջ եւ իրենց շենքերում, թաղամասերում քարոզարշավ են իրականացնում: Փողոցային քարոզարշավը արդյունավետ եւ պատվաբեր չէ:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը: Ի՞նչ եք կարծում, ձեր թեկնածուներից քանիսը կլինեն ավագանիում:
-Մեր շանսերը շատ բարձր ենք գնահատում: Կուսկացությունները իրենց ամեն ինչը պետք է բխեցնեն իրենց գաղափարախոսությունից, նույնիսկ այն տնտեսական ծրագրերը, որոնց մասին խոսում են: Բայց դրանք տնտեսական ծրագրեր չեն: Դրանք այսօրեական խնդիրներ են, որոնք պիտի լուծի քաղաքապետարանը: Դրանք կուսակցության խնդիրներ չեն: Դրանք թաղապետարանի ուղղակի խնդիրներն են, որոնք պետք է լավ լուծումներ ստանան: Այսինքն` կուսակցությունները պետք է շնորհակալություն հայտնեն, որ վատ աշխատեց, հակառակ դեպքում նրանք խոսելու բան չէին ունենա:
Մեզանից կողոպտվել են մեր հոգիները: Ո՞վ է խոսելու այն աղբի մասին, որը կուտակվել է մեր հոգիներում: Այն աղբաջրերը, որ մտել են մեր կյանք, մեր մշակույթ, ո՞վ է հանելու դրանք: Շինարարությունից են խոսում: Ո՞վ է ստեղծելու վաղվա հային: Ոչ մեկը դրա մասին չի խոսում: Կոռուպցիայից են խոսում, բայց չեն ասում, որ մեզնից մեր հոգիներն են կողոպտվել: Երեւանը դարձրել են փող դիզելու միջոց: Մենք ազգայնականներ ենք, եւ մեր խոսքը ուղղված է յուրաքանչյուր հայի:Մեր ելույթներն ու խոսքերը արժեքային դաշտից են: Մրցակցություն չկա. բոլորը խոսում են նույն բանից: Մեկը ասում է` էդ բանը էսպես կանեմ, մյուսը ասում է` էնպես կանեմ:
-Խոսեցինք ձեր մարտավարության մասին: Մտավախություն չկա՞, որ քաղաքացին կգնա ընտրատեղամաս եւ չի հիշի ձեր կուսակցությունը:
-Օրը 500-1000 տոկոս աճում է ժողովրդի հետաքրքրությունը մեր նկատմամբ, որովհետեւ մենք խոսում ենք իրական խնդիրների ու ցավերի մասին: Իրական խնդիրները փողոցում չեն, այլ մեզանում են: Երբ մեր թեկնածուները խոսում են քաղաքացիների հետ, նրանք ասում են, որ, այո, ոչ մեկը չի խոսում իրական խնդիրների մասին: Մենք այսօր արտաքին ուժերի կառավարման ուղղակի հարվածի տակ ենք: Փոքրամասնություններ կան` սեռական փոքրամասնություններին աջակցողները, քաղաքականությունը իրենց շահի համար օգտագործող օլիգարխները, կրոնական մի շարք կազմակերպություններ, որոնք հիմա քանդում են երկիրը: Նրանք մասնատում են մարդկանց: Դա քաղաքացիական պատերազմի տեխնոլոգիան է:
-Ավագանու ընտրություններում ամենաքիչ թեկնածուները ձեր ուժն է ներկայացրել: Իսկ եթե ավելի շատ ձայներ հավաքե՞ք, քան ձեր թեկնածուների թիվն է:
-Մեր ցուցակը 60 հոգուց է բաղկացած: Եվ չենք կարծում, որ 95 տոկոս կհավաքենք: Էնպես որ, մենք օպտիմալ թիվ ենք ներկայացրել
-Ո՞ւմ եք համարում ձեզ համար լուրջ մրցակից:
-Այսօր ես մրցակցություն չեմ տեսնում: Մրցապայքարի ելած կուսակցությունները չեն մրցում, այլ ցեխ են շպրտում միմյանց վրա: Լուրջ մրցակիցները լինում են գաղափարական դաշտում: Պետք է հստակեցնենք այդ գաղափարները: Բայց ոչ ոք դրա մասին չի խոսում, այլ մտածում են` աղբամանը ալյումինից պետք է լինի, թե պլասմասից: Մեզ համար ամենաթանկ արժեքը ոչ թե շենքերն են, այլ հայ մարդն է:
-Քաղաքականության մեջ մտել է սեւ եւ սպիտակ ուժեր ձեւակերպումը: Ո՞ր գույնի մեջ եք Ձեզ տեսնում:
-Ես ազգը չեմ բաժանում սեւի եւ սպիտակի: Տեղի է ունեցել հեղափոխություն, եւ գլխատվել է քաղցկեղի գլուխը: Բայց մետազստազները դեռ մնում են: Հասկանում եմ` վարչապետը այդ ասելով նկատի է ունեցել, որ սեւ ուժերը նրանք են, ովքեր շարունակում են իրենց սեւ գործը, իսկ սպիտակ ուժը հայ ժողովուրդն է:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՀՀԿ-Ն ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ ՈՒ ՓՈԽԵՑ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ականները թաքուն ծրագրեր են մշակել: Մասնավորապես, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել էր իրավիճակը չսրելու համար ապահովել Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու համար համապատասխան քանակությամբ կողմ ձայներ, երեքից-չորս ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի աշխատանքին: Նրանք այդ ժամանակ թաքուն հույս են փայփայել, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից եւ վերջինս ու իր թիմը կձախողվեն:

Եվ փաստացի այդ երեք ամիսը ՀՀԿ-ականներն իսկապես սպասել են: Ընդ որում՝ նրանք նաեւ ծրագրեր էին մշակել, թե ինչ են անելու, եթե իսկապես իրենց ծրագրերը իրականանան:
Եվ այդպես էլ եղավ. ընդ որում ՀՀԿ-ականների հիմնական թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը` հայ-ռուսական հարաբերությունները: Հատկապես վերջին մեկ ամսում այդ առումով ՀՀԿ-ականներն իրար հերթ չեն տալիս քննադատելու այդ մարտավարությունը: Մյուս թիրախն էլ նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն է: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ականները պնդում են, թե տնտեսական քաղաքականություն առհասարակ չկա:
ՀՀԿ-ականներն ամեն անգամ հատկապես ոգեւորվում էին հենց ռուսական կամ այլ երկրների գործիչների կողմից քննադատություն լսելու պարագայում: Եվ եթե նախկինում նույն ՀՀԿ-ական պատգամավորները խուսափում էին լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ եւ անդրադառնալ Փաշինյանի աշխատանքին՝ խորհուրդ տալով սպասել, ապա այժմ իրենք են ձգտում խոսել կամ արտահայտվել սոցիալական ցանցերի իրենց էջերում: Հենց սա էլ մարտավարության մի մասն է: Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, իհարկե, նրանք հասկացան, որ հայ-ռուսական հարաբերությունները բավական լավ վիճակում են: Հիմա էլ ՀՀԿ-ականները փորձում են նույն հնարքը կիրառել ՀՀ-Արեւմուտք հարաբերությունների հետ կապված:
Հետաքրքիր է, որ երեք ամիս անց մեկ առվով չհոսեցին նաեւ կառավարության մաս կազմող մյուս ուժերի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջրերը, իսկ դա եւս ՀՀԿ-ի սրտով է: Այս դեպքում եւս Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար դժվար կլինի նախագծեր անցկացնել խորհրդարանի կողմից, քանի որ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունն այսպես շարունակվելու դեպքում նույնիսկ կարող են միասնական բոյկոտել նախագծերը: Եվ պատահական չէ, որ երեկ «Լույս» դաշինքի հանրահավաքի ժամանակ պատգամավոր Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել իր կողքից չվանել այն ուժերին, ովքեր իր կողքն են եղել: Սա թերեւս մեսսիջ էր՝ ուղղված Փաշինյանին եւ իր թիմին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱՎ
Դեռեւս այս տարվա օգոստոսի 24-ին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը ներկայացրել էին 2008 թվականի մարտի 1-ին տուժած քաղաքացիներին փոխհատուցում տալու մասին օրինագիծ: Ըստ այդմ` սույն օրենքի շահառուներ պետք է լինեին այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտյան իրադարձությունների հետեւանքով: Եվ ահա նախագիծը ներկայացնելուց մոտ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովի իրավական փորձաքննության վարչությունը տվել է իր եզրակացությունը: Միայն թե խորհրդարանը, խորհրդարանի աշխատակազմը, որ շարունակում է մնալ ՀՀԿ իշխանության տիրապետության ներքո, փորձել է «թեթեւի մեջ» այս նախագիծը «մրոտել»: Եզրակացությունում նշվում է՝ «հարկ է նկատի ունենալ, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում հնարավոր է, որ տեղի են ունեցել մի շարք այլ հանցագործություններ, որոնց արդյունքում վրա են հասել նույնաբնույթ հետեւանքներ, հետեւաբար՝ հաշվի առնելով Սահմանադրության որոշակիության եւ համաչափության սկզբունքները՝ առաջարկում ենք Նախագծում հստակեցնել մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունները»: Նաեւ առաջարկվել է խմբագրել «իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» բառերը` փոխարենը առաջարկվելով կիրառել «իրադարձությունների ժամանակ անձանց սպանության կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» կամ «իրադարձությունների հետեւանքով կամ արդյունքում անձանց սպանության կամ մահվան կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» ձեւակերպումներից որեւէ մեկը:

 

 

ԸՆԴԴԵՄ ՌԵԿՏՈՐԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 14-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել ԵՊՀ աշխատակից Վոլոդյա Հովսեփյանը: Վերջինս դատարանին խնդրել է վերանայել ռեկտորի հրամանը, խախտումների բնույթը բացահայտել եւ նախկին աշխատանքում վերականգնել: Նկատենք, որ դատական համակարգը այս օրերին հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Բանն այն է, որ մի շարք գերատեսչությունների աշխատակիցներ դատի են տվել իրենց ղեկավարներին եւ պահանջում են վերականգնել իրենց նախկին աշխատանքում: Արդյունքում, դատարանը, ուսումնասիրելով այդ գործերը, նկատում է, որ հայցվոր եւ պատասխանող կողմը իրենց պնդումներում արդարացի են, ուստի այստեղ հարց է առաջանում` ում օգտնին որոշում կայացնի դատարանը` շարքային աշխատակցի՞, թե՞ պետական կառույցի ղեկավարության:




Լրահոս