ՆԶ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ ԵՆ` ՇԵՇՏԱԴՐԵԼՈՎ ՄԵԿ ՀԱՐՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարտի 1-ի գործով այս օրերին հատուկ քննչական ծառայություն են հրավիրում 2008 թվականին մարտի 1-ի Ներքին զորքերի ծառայողներին, 4 օր առաջ ՀՔԾ է հրավիրվել մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի` Շերիֆի տեղակալ Արթուր Խաչատրյանին եւ մի շարք հարցադրումներ արել կոնկրետ մեկ հարցի մասով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին` այլ առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՔԾ պետը` Սասուն Խաչատրյանը, մարտի 1-ի թեմայով մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Մասնավորապես այն, որ Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Ըստ Սասուն Խաչատրյանի` «Տիգրան Աբգարյանի` ներքին զորքերի զինծառայողի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, եւ այս ուղղությամբ մենք նույնպես բավականին աշխատանք ենք արել: Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ, հստակ ապացույցներ: Այսինքն` ինչի՞ մասին է սա խոսում. Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Եվ մեր տարբերակը, որը հետեւյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվի: Դա նախաքննությամբ հիմնավորվել է: Կարծում եմ, որ այս նորությունն արդեն իսկ բավարար է, որ մեր դեմ` իմ եւ պարոն Վանեցյանի դեմ, իսկական գործ սկսվեր, այդ իսկ պատճառով չէինք հրապարակում այս տվյալները»:
Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Հատուկ քննչական ծառայությունն այս օրերին ակտիվ հարցաքնության է հրավիրում 2008 թվականի մարտի 1-ին Ներքին զորքերում ծառայած զինվորներին, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հարցաքննվել են Ներքին զորքերի մի քանի զինվորականներ, որոնցից առաջին հերթին Հատուկ քննչական ծառայության քննիչները հետաքրքրվել են բանակի ներգրավածության մասին, բանակի ստորաբաժանումների պատրաստվելու, տեղակայման, գործողությունների կամ հրամանների մասին:
Մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանին: Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որտեղ են նրանք տեղակայված եղել եւ այլ հարցեր:
Ստացվում է, որ քննիչները Ներքին զորքերի զինվորականներից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են բանակի ներգրավածության հարցի մասին՝ շեշտը դնելով այդ հանգամանքի վրա:
Հավելենք, որ մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` գործով դեռեւս ծանուցում ուղարկված չէ Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանին: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ անգամ են հարցաքննել, այն էլ՝ 2008 թվականին՝ նախկին իշխանությունների օրոք:
Դատելով իրավիճակից, որ իրավապահները սկսել են հարցաքննության հրավիրել 2008 թվականի մարտի 1-ի Ներքին զորքերի հրամանատարական կազմին, զինվորներին` ապա առաջիկայում նաեւ գործը կհասնի գլխավոր հրամանատարին` Գրիգոր Գրիգորյանին` Շերիֆին:
Ի դեպ, 2018 թվականի հունիսի 14-ին նա, մեզ հետ զրույցում անդրադառնալով մարտի 1-ի բացահայտման թեմային, ասել էր. «Ես ասում եմ, ես իրավաբան եմ, հասկանում եմ այս ամեն ինչի կարեւորությունը ու ես պատրաստ եմ իմ բոլոր կարգադրությունների, հրահանգների ու կատարածի համար պատասխան տալու, այլապես ես Հայաստանում չէի լինի: Այսինքն` ես ոչ մի արարք, որի համար մտավախություն ունենամ, չեմ կատարել ու նման հրահանգներ չեմ տվել եւ ոչ էլ որեւէ մեկից նման հրահանգներ եմ ստացել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆՌՆԱԿԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ձայնային նռնակ կիրառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը նոր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՔԾ գործով փորձաքննություններ է նշանակել, սակայն ամենակարեւոր փորձաքննությունը վերաբերում է դատապայթունատեխնիկական փորձաքննությանը:
Ինչպես հայտնի է, ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքի մասնակիցների հետ միասին Նիկոլ Փաշինյանը շարժվեց Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը: Նա հորդորեց ոստիկաններին բացել Բաղրամյան պողոտան, որպեսզի ինքը ցուցարարների հետ գնա Ազգային ժողով: Այն ժամանակ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որ թավշյա հեղափոխությունից հետո դարձավ ՀՀ ոստիկանապետ, հորդորեց Փաշինյանին չսադրել, իրավիճակը չլարել, սակայն ոստիկանության հորդորները որեւէ կերպ չփրկեցին լարված դրությունը: Նիկոլ Փաշինյանը կատարեց իր քայլը: Վերջինս փորձեց անցնել ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում տեղադրած փշալարերի միջով, ինչի արդյունքում ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեց: Արդյունքում մի շարք մարդիկ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, բեկորային վնասվածքներ ստացան: Հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին: Գրել էինք, որ ի սկզբանե գործը գտնվում էր ՀՀ քննչական կոմիտեում, սակայն հաշվի առնելով որ գործով ներագրվված են պաշտոնատար անձինք` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ` Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ պետության օրինական շահերին, պատժվում է առավելագույնը երկու ամիս ժամկետով, որից հետո էլ գործը ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն:
Նռակի օգտագործման դեպքից անցել է 6 ամիս, եւ տեղեկացանք, որ գործով ՀՔԾ քննիչները նոր փորձաքնություններ են նշանակել, որոնք հարուցված քրեական գործին, ըստ էության, նոր երանգ կհաղորդեն:
Տեղեկությունը փորձեցինք պարզել Հատուկ Քննչական Ծառայությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ քրեական գործով նշանակվել են բազմաթիվ` դատաբժշկական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական եւ դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` առայժմ հարուցված քրեական գործով որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՈՒՍՈՎ ԵՆՔ՝ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է
«Իրենք մեր նկատմամբ ինչ-որ մեղադրանքներ են հնչեցնում ՀՀԿ-ի հետ համագործակցության հարցով: Մենք բոլորս պետք է արձանագրենք, որ Քոչարյանն իրենց համար գոյություն չունի, եւ հուսով եմ՝ այս հերթական հայտարարությունն՝ իրենց կողմից արված, այս անգամ գոնե վերջնական է»: Այս մասին այսօր` ԱԺ ճեպազրույցների ժամին, ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի եւ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Պետրոս Ղազարյանի հայտարարություններին: Լենա Նազարյանը նշեց, թե կարեւոր է՝ ումից ինչ է ուզում Նաիրա Զոհրաբյանը: «Ծառուկյան» դաշինքը 9 պատգամավորներով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ինչպես նաեւ այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է մտել ՀՀԿ-ի հետ: Տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել մարտի մեկին հատուկ դրություն հայտարարելու որոշմանը:

 

 

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ
Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակում ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են մոտեցել երկու կին, տեղեկացել սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում նրա մասնակցության վերաբերյալ եւ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար առաջարկել 60.000 ՀՀ դրամ, կամ դրանից բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում՝ մեկ ամսվա կենսաթոշակի չափով գումար: Քաղաքացուց մերժում ստանալուց հետո կանայք հիշյալ վայրից անմիջապես հեռացել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեն եւ ոստիկանությունը երեկ առավոտյան խուզարկություն են իրականացրել Yerevan.Today խմբագրությունում: Նշենք, որ կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու եւ տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ քննչական կոմիտեի` քննության շրջանակներում օրենքով սահմանված կարգով մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ: Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանի խոսքով` կատարվածը իր համար տարօրինակ է: Այդ ամենի պատճառն այն է, որ Yerevan Today-ն է ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը շուտ տեղադրել: «Առգրավել են իմ համակարգիչը, մյուս համակարգիչների կոշտ սկավառակները: Ընդ որում, դա կատարվել է կրկնակի ստուգումների արդյունքում: Իրենք արձանագրեցին, որ տեղեկատվությունը, որի համար եկել էին, մեր կայքում հրապարակվել է շատ ավելի ուշ, քան տարածվել է, բայց դրանից հետո ինչ իրենց պետք էր, առգրավեցին ու գնացին»,-ասել է Ս. Հակոբյանը:

 

 

 

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի զինծառայողները մարտական պատրաստության ստուգման նպատակով ուսումնական ահազանգով ոտքի են հանվել: Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով` Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի զինծառայողները մարտական պատրաստության ստուգման նպատակով ուսումնական ահազանգով ոտքի են հանվել: Ռուսական ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումներն ու զորամասերը ստուգման են ենթարկվել: Աստաֆեւը նշել է, որ ռազմաբազայի հրամանատարությունը պետք է գործնականում մշակի կառավարման շարժական կետերից զորքերի ղեկավարման կազմակերպման խնդիրները:




Լրահոս