ԿԻՆԸ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԵՐԵՍ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ, ՈՒՐ ՄՆԱՑ ԾԵԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 թվականի հունվարի 31-ին ԱԺ-ի ընդունած «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, ոստիկանությունը սկսել է կիրառել այն: Այն ոստիկաններին լրացուցիչ հնարավորություններ է տվել. բռնության դեպքում իրավապահները կարողանում են անհետաձգելի միջամտության որոշում կայացնել:

Տեղեկացնենք, որ 3 պաշտպանական միջոց կա` նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն եւ պաշտպանական որոշում, ինչը դատարանի միջոցով է իրականացվում, առաջին երկուսը` ոստիկանի: Ի դեպ, այս տարվա 5 ամիսների ընթացքում արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության 864 դեպք, որից 40-ը` սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված, 223-ը ընտանեկան բռնության դեպքերն են: Իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 842 բռնության դեպք, որից 41-ը` սեռական անձեռնմխելիության, 241-ը` ընտանեկան բռնության դեպք: Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 164 դեպք է եղել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ`1 դեպք: Ծնողի կողմից զավակի նկատմամբ` 10 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ` 16 դեպք, ընտանիքի այլ անդամների կողմից 32 դեպք է արձանագրվել:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ, ով ասաց. «Հուլիս, օգոստոս եւ սեպտեմերի 16-ը ներառյալ մենք ունեցել ենք 450 ամփոփագիր` ընտանեկան բռնության ահազանգերով, որից 375-ը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են, իսկ 25-ը կնոջ կողմից տղամարդու նկատմամբ: Չնայած մենք հունիսի 30-ին դեպք ենք ունեցել եւ առաջին բռնարարը, որին տանից հեռացրել ենք, դա եղել է կին»:
Մյուս կողմից` «Կանանց աջակցման կենտրոն»-ի ներկայացուցիչ Հասմիկ Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ իրենց կենտրոնը այս տարեսկզբից մինչ օրս տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնության 502 դեպք է արձանագրել: «Ճիշտ է, սկսվել է կիրառվել պաշտպանական միջոցները`նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն, բայց մնացած առումներով փոփոխություններ չկան, որովհետեւ ճգնաժամային կենտրոններ, ապաստարաններ չեն բացվել: Այսինքն` շատ խնդիրներ կան, որոնք դեռ լուծման կարիք ունեն: Նաեւ դեռ վերապատրաստված մարդիկ չկան, որոնք կաշխատեն այս ոլորտում: Խնդիրը կա, եւ կանայք շատ են բարձրաձայնում, բայց դրանք այդպես էլ չեն լուծվում»,- մեծ ափսոսանքով նկատեց Հասմիկ Գեւորգյանը: Նրա խոսքերով` 502 դեպքից մոտ 200-ը արձանագրվել է հուլիսից սկսած: Ապա նկատեց, որ հանրության գերակշիռ մասը իրազեկ չէ օրենքից:
«Այնպես չէ, որ իրենք մեզ դիմել են օրենքը իմանալով: Մենք ենք իրենց իրազեկել, որ կա նման օրենք: Անգամ կանանց մի մասը չգիտի`ոստիկանությունում տղամարդու նկատմամբ նախազգուշացում կիրառելը ինչ է նշանակում: Այնպես չէ, որ օրենքը ազդել է կանանց վրա, եւ իրենք գիտակցաբար դիմել են ոստիկանություն»,- լրացրեց նա: Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ օրենքում բազմաթիվ բացեր կան, որոնց լուծումը օդում կախված է մնում. «Օրինակ` բռնարարին պետք է ուղղորդեն վերականգման կենտրոն: Բայց վերականգման կենտրոն չկա, որ բռնարարին գնահատում արվի եւ դրան համապատասխան հոգեկան առողջության կենտրոն ուղեկցի կամ դասընթացի ուղարկի: Չկա կենտրոն, չկա դասընթաց: Իրազեկվածությունը շատ ցածր է, միայն իրավապաշտպանները, ՀԿ-ները եւ մնացած այլ կառույցներն են բարձրաձայնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է համայնքապետերի հետ պարզելու՝ իրենց համայնքներում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո որեւէ բան փոխվել է, թե ոչ:
ՀՀ Շիրակի մարզի Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանի խոսքերով` գյուղի բնակիչները տեղյակ են «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին ՀՀ օրենքի մասին, բայց այն խախտող չկա: «Ցավդ տանեմ, ինչեր կխոսաս, ինչեր կխոսաս… ըդպես բան կյանքում մեր մտքով չի անցնում: Մեր ժողովուրդը էնքան լավ, բարեհամբույր են, որ նույնիսկ էն կենդանուն` շանը, կատվին, կովին բան չեն անի: Էդպես բան գոյություն չունի: Մենք մեզ թույլ չենք տա կանանց վրա ձեռք բարձրացնել: Մեր գյուղում տղամարդիկ հանդուրժող են: Կանայք էլ ոգեւորվողը չեն: Մեր կանայք տարվա մեջ երկու-երեք ամիս են տղամարդու երես տեսնում, բոլորը արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Գյուղում տղամարդ քիչ է, բոլորը երեխա են, ուր մնաց բռնություն գործադրեն»,- վստահ ձայնով ասաց գյուղապետը:
Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքում տղամարդիկ կանանց սիրում են, ոչ թե բռնանում նրանց նկատմամբ: Համենայնդեպս այդպես է պնդում Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանը: «Մեզ մոտ բռնության դեպքեր չեն գրանցվում, թե տեղյակ չենք լինում, բայց առայժմ չկա նման բան. ոստիկանին բողոքի կինը, որ ամուսինը ծեծել է իրեն, հետո երեք օր բացատրություն տա նույն ոստիկանին, որ սխալվել է (ծիծաղում է-Ս.Հ.)… չէ, նման բան չկա: Բայց մի երկու-երեք տարի առաջ գյուղում նոր եկած ընտանիք կար, անընդհատ մարդ ու կին կռվում էին, լապատկայով ծեծել էր կնոջը, իսկ կինը ոստիկանություն չէր զանգում, ստիպված ես ինքս դիմեցի ոստիկանությանը, դրանից հետո այդ ընտանիքում վերացավ ծեծուջարդը: Մի խոսք կա է` քաղաքակրթությունը Զանգերից սկսում է ու աստիճանաբար դեպի ներքեւ մարում է, հիմա մեր գյուղը սկզբում է»,- հպարտացավ Առուստամյանը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՏԱՔՍՎԵՆ

ՀՀ արդարադատության նախարարությունն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որն առայժմ քննարկման փուլում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով նախատեսվում է հնարավորություն արտաքսման որոշում կայացնել ՀՀ-ում ոչ միայն առանց թույլտվության բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների նկատմամբ, այլեւ երբ նրանք Հայաստանում քրեորեն պատժելի արարք են կատարել եւ օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են ազատազրկման ձեւով պատիժը կրելու:

Նշենք, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը իրականացնում է բաց վիզային ռեժիմով, իսկ որոշ երկրների հետ` առանց վիզային ռեժիմի, ինչի արդյունքում ազատ մուտքը հասանելի է բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների: Սակայն ըստ արդարադատության նախարարության` հենց այս հանգամանքը հանգեցնում է նաեւ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ օրենքների խախտումների, եւ հաճախ նաեւ քրեորեն պատժելի արարքներ կատարելու պատճառով վերջիններս պատիժ են կրում մեր երկրում: Մյուս կողմից` Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են: Եւ այս խնդրի լուծման նպատակով արդարադատության նախարարությունը 2013-2018թթ. ընթացքում իրենց քաղաքացիության երկրներում ՀՀ դատավճռով սահմանված հետագա պատիժը կրելու նպատակով օտարերկրյա պետություններ է փոխանցել ավելի քան 200 դատապարտյալների:
Ըստ ԱՆ-ի` դատապարտյալների փոխանցման միջազգային, ինչպես նաեւ հայաստանյան փորձի ուսունասիրությունը ցույց է տվել, որ դատապարտյալի փոխանցման գործընթացի ավարտից հետո նրանց նկատմամբ կիրառվում են պայմանական վաղակետ ազատման, համաներման կամ ներման ինստիտուտները, որոնց արդյունքում նշված դատապարտյալները կրկին հայտնվում են ազատության մեջ եւ հետեւաբար հնարավորություն են ստանում կրկին վերադառնալ Հայաստան:
Օրինակ` Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում այս խնդրի լուծման նպատակով ներպետական օրենսդրությամբ սահմանել են իրենց երկրներում օտարերկրացիների արտաքսման հնարավորությունը, այն դեպքում, երբ վերջիններս իրենց երկրներում կատարել են քրեորեն պատժելի արարքներ:
Իսկ այս նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն հստակեցնել արտաքսման պատճառները, այլեւ ամբողջական կարգավորել նշված հարաբերությունները` ստեղծելով Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրացիների փոխանցումից հետո վերջիններիս մուտքը Հայաստան բացառելու օրինական հիմքեր: ԱՆ-ն հույս ունի, որ այս ամենի արդյունքում հանցավորության եւ կրկնահանցագործների թիվը կնվազի:
Նկատենք, սակայն` նախարարությունը չի ներկայացրել վիճակագրություն, թե ՀՀ-ում ամենաշատը որ երկրի քաղաքացիներն են օրենք խախտել:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

ՇՏԱՊ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Շահեն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումները կանխարգելուն ուղղված միջոցառումների հանդեպ իր բողոքն արտահայտելու նպատակով 2018թ. օգոստոսի լույս 13-ի գիշերը կազմակերպել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 9-րդ եւ 11-րդ պահաբաժիններում 21 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատումը` պետությանը պատճառելով 2 միլիոն 567 հազար 500 դրամի վնաս: Ըստ մեղադրական եզրակացության` Մանուչարյանն ունեցել է նաեւ օժանդակողներ` համագյուղացի Դավիթ Հովհաննիսյանը, Գեւորգ Բաբինյանը եւ Վալարիկ Թամամյանը: Ապօրինի ծառահատումներին Դ. Հովհաննիսյանի օժանդակությունը եղել է այն, որ նա բենզասղոցը դեպքի վայր է հասցրել եւ էլեկտրական լամպերով անտառը լուսավորել է: Շ. Մանուչարյանին եւ Դ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-296 հոդվածի 3-րդ մասով («Հանցակցությունը ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով»), Գ. Բաբինյանին եւ Վ. Թամամյանին` 296 հոդվածի 3-րդ մասով(«Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով»): Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը սույն քրեական գործը վարույթ է ընդունել օգոստոսի 31-ին, դատաքննության առաջին նիստը նշանակված է սեպտեմբերի 18-ին: Հետաքրքիրն այն է, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է տեղի ունեցած ապօրինի ծառահատումից ընդամենը 18 օր հետո եւ այն ուղարկվել է դատարան: Նման արագությունը բացատրվում է այն բանով, որ այդ ծառահատումն իրականացվել է որպես ապօրինի ծառահատումները կանխարգելող միջոցառումների դեմ բողոքի գործողություն:
Օգոստոսի 11-ին Հաղարծինում շուքով նշվեց գյուղի 200-ամյակը, տոնական միջոցառմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում ասաց, որ շատ դժվար ժամանակներ Տավուշի մարզի բնակիչները դիմակայել են անտառ հատելով, կոչ արեց ապրել բնության հետ ներդաշնակ, առանց անտառը վնասելու` հաղարծինցիներին հորդորելով. «Կոչ եմ անում անջատել «Դրուժբաները» եւ միացնել միտքը»: Նա հայտարարեց, որ ինքը Հաղարծնին նվեր է բերել 140 հազար դոլարանոց դրամաշնորհային ծրագիր, որից կարող են օգտվել առանց բնությանը վնասելու տնտեսական գործունեություն նախաձեռնողները: 2-3 հազար դոլարանոց դրամաշնորհները կտրվեն անասնապահության, չորանոցների ստեղծման եւ այլ նպատակներով: «Դրուժբաները» անջատելու մասին Փաշինյանի հորդորը Շ. Մանուչարյանը չընդունելով մեկ օր հետո կազմակերպել է գիշերով 21 ծառի ապօրինի հատումը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս