ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈՇԻԱՑԵԼ ԵՆ, ԽՆԴԻՐՆ ԷԼ` ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր բնակավայրում բնակչության կեսից ավելին խմելու ջուր չունի: Խնդիրը նոր չէ: Գյուղական բնակավայրում ջրագծերը վաղուց են մաշվել, եւ տարեց տարի շարքից դուրս են գալիս, ու ջուր չունեցողների թիվն առավել է մեծանում: 2016 թվականին կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ տրամադրվեցին ջարգծերն ամբողջությամբ փոխելու համար: Ծրագիրը հաստատվեց, գումարն էլ տրամադրվեց: Մրցույթով հաղթած շինկազմակերպությունը մոտ մեկ տարի գյուղում շինարարական աշխատանքներ իրականացրեց: Սակայն արդյունքը գոհացնող չէ: Գյուղացիների հույսերն ու ակնկալիքները մնացին առկախ: Պետական գումարները փոշիացան, գործն էլ մնաց անավարտ:

Բնակիչները բազմիցս բողոքել են, բայց անօգուտ. «Ցանցը չի շահագործվում: Հսկայական փողեր ծախսեցին: Մեզ անհասկանալի է, թե ո՞րն է պատճառը, որ համակարգը չի շահագործվում: Ի դեպ, նշենք, որ համակարգը ինքնահոս է, այսինքն` գումար չի ծախսվում ջրամատակարարման վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բողոքեց բնակիչներից մեկը: Մյուսն էլ ավելացնում է. «Դժվարությունները ակնհայտ են դառնում ձմռանը, երբ սկսվում է առկա համակարգի սառցակալումը: Անգամ դույլերով ջուրը տուն հասցնելը դառնում է անհնար: Մեր կարծիքով` խնդիրը սխալ ծրագրավորման ու շինարարական թերի աշխատանքների մեջ է»:
Գյուղում բացի նորոգված ու չաշխատող համակարգից եւս 7 կմ երկարությամբ ջրագիծ ընդհանրապես չի փոխվել: Ջրագծի այդ հատվածը ամբողջությամբ քայքայված է, բայց ջրամատակարարումը հենց այդ ջրագծերով է իրականացվում: Բնակիչների հավաստմամբ ջուրը որակյալ չէ, խմելու համար էլ ոչ պիտանի. «Աղբյուրի ջրի ակունքը բաց է, եւ ջուրն էլ գյուղացուն հասնում է որակազրկված: Գարնանն էլ սելավաջրերն են խառնվում խմելու ջրին: Սարսափելի հոտ է գալիս: Մենք անգամ չգիտենք` այդ ջուրը երբեւէ ուսումնասիրվել է, թե ոչ: Երեխաներին էլ չենք տալիս: Դեռ չփոխված 7 կմ-նոց հատվածով է գալիս խմելու ջուրը, ու չգիտենք` ինչ վիճակով»,- ասաց սառնաղբյուրի բնակիչներից մեկը:
Գյուղի վարչական ղեկավարը խնդիրը բազմիցս բարձրաձայնել է: Բայց խոշորացումից հետո պատասխանատվությունը, այսպես ասած, անցել է Անի խոշորացված համայնքի ղեկավարին: «Ըստ կառավարության որոշման` աշխատանքների փաթեթը պետք է հանձնվեր համայնքին, որը հանձնվեց Անի համայնքին: Համայնքը դրանից հետո պետք է հանձներ Ջրպետկոմին: Վերջինս էլ փաստաթղթային փաթեթը պետք է հանձներ «Վեոլիա ջուր» ընկերությանը: Բայց թե ինչ ընթացքի մեջ է, տեղեկություններ չունենք»,- ասաց համայնքի վարչական ղեկավար Գեւորգ Աճեմյանը ու ավելացրեց. «Որոշ մասին ջուրը մեծ ծավալով է հասնում, մյուս կեսին գրեթե չի հասնում: Եթե ջրաչափ տեղադրվի, համաչափ բաշխում կլինի: Մենք առավոտ 2 ժամ ենք միացնում նոր համակարգով, ու վերջանում է ջուրը: Եթե հավասար բաշխվի, խնդիր չի ծագի»:
Իսկ գյուղացիները ջրաչափեր տեղադրելուն դեմ են: Նախ պահանջում է ջրագծերի նորոգումը ավարտին հասցնել ու ջրի որակի բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել. «Մենք ջրաչափ թույլ չենք տա տեղադրել, քանի որ ջրագծերի կեսը հին է, կեղտոտ ջրի վրա ջրաչափ դնում են` ինչ անենք, ստացվում է` վճարելու ենք կեղտոտ ջրի դիմաց: Մենք դեմ ենք»,- ասում են բնակիչները:
Խնդրի առնչությամբ Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը պարզաբանեց. «Խնդիրներ կան ջրային ակունքներում: Կան որոշակի վթարներ, ջրային պաշարներն էլ քիչ են, որի պատճառով են առաջանում խնդիրները: Բացի այդ, Սառնաղբյուրը ռելիեֆային է, ինչի հետեւանքով կան պաշարների ճիշտ բաշխման, ջրաչափերի տեղադրման խնդիրներ: Քննարկել ենք հարցը Ջրպետկոմի հետ, նաեւ «Վեոլիա ջրի» ներկայացուցիչների հետ, որոնց հանձնվելու է ջրամատակարարման սպասարկումը: Խնդիրը կա, մեկ օրվա լուծման էլ չի, ժամանակ է անհրաժեշտ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար»:
Փաստորեն, պետք է արձանագրենք Սառնաղբյուրում ոչ միայն աղբյուրները սառը չեն, այլեւ, ընդհանրապես, գյուղում խմելու ջրի խնդիրը գնալով ավելի ու ավելի է սրվում: Մանավանդ շոգ եղանակներին:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱԼԻԵՎԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի խոսքով` ճիշտ ժամանակն է հստակեցնելու ՀԱՊԿ-ի առջեւ Հայաստանի ստանձնած եւ Հայաստանի առջեւ ՀԱՊԿ ստանձնած պարտավորությունների շրջանակը: «Ադրբեջանական զինված ուժերը կրկին գնդակոծել են Հայաստանի տարածքը: Սա ուղղակի ագրեսիա է ոչ միայն ՀՀ, այլեւ ՀԱՊԿ նկատմամբ: Ալիեւը ստուգում է Ռուսաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների ամրությունը, եւ ճիշտ ժամանակն է հստակեցնելու ՀԱՊԿ- ի առջեւ Հայաստանի ստանձնած եւ Հայաստանի առջեւ ՀԱՊԿ ստանձնած պարտավորությունների շրջանակը»,-նշել է նա:

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի` 1997թ. ստորագրված Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի դադարեցման մասին որոշումը: «Ուկրաինայի ԱԳՆ-ն պետք է Ռուսաստանի Դաշնությանը հայտնի ՌԴ-ի հետ բարեկամության մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու Ուկրաինայի ցանկության մասին` համաձայն գործող պայմանագրի 40-րդ հոդվածի, եւ հաստատված կարգով Ուկրաինայի նախագահի դիտարկմանը հանձնի Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին Ուկրաինայի օրենքի նախագիծը»,-ասված է հաղորդագրությունում:

 

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ
Ադրբեջանում մեկնարկել են լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ, որոնք կտեւեն մինչեւ սեպտեմբերի 22-ը: Հիշեցնենք, որ զորավարժություններին կմասնակցեն մոտ 20 000 զինծառայող, 200 միավոր տանկ եւ այլ տեսակի զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 120 հրթիռա-հրետանային համակարգեր:

 

 

ՀՐԴԵՀ ՄԱՍԻՍԻ ԼԱՆՋԻՆ
Մասիս լեռան լանջին ծավալուն հրդեհ է, այրվող օջախները ներկայում հեռու են հայ-թուրքական սահմանից՝ երեկ «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից՝ հավելելով, որ կառույցն իրականացնում է մշտադիտարկում: «Ներկայում այրվող օջախները հեռու են Հայաստանի սահմանից»,- հայտնել են ճգնաժամային կառավարման կենտրոնից:




Լրահոս