Երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, որը ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ խուսափում է ինտերնետային տիրույթում, մասնավորապես՝ սոցցանցերում հանդես գալուց, այսօր փաստացի զբաղվում է վլոգերությամբ: Նա վերջերս Youtube-ի պաշտոնական էջում տեղադրում է տեսանյութեր, որոնց շրջանակում կատարում է իր երկրպագուների պատվիրած երգերը, հանդիպումներ է ունենում հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ, ներկայանում է դուետներով: Երգչուհին իր հյուրերի հետ կատարում է երաժշտական փորձարարություններ, հիշում է երգերի հետ կապված պատմություններ եւ դրվագներ, որոնք մնացել են վարագույրից այն կողմ: Նունե Եսայանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե ինչպես ստացվեց, որ որոշեց զբաղվել վլոգերությամբ:
-Նունե, սկզբում Դուք Instagram-ի Ձեր էջում երկրպագուներից հարցնում էիք, թե որ երգը կցանկանան, որ կատարեք եւ հրապարակեք: Հետո արդեն նոր բան մտածեցիք, սկսեցիք հյուրընկալել հայտնիների, եւ էլի երկրպագուներին հարցնում եք, թե ում կցանկանան հերթական անգամ տեսնել որպես հյուր: Կպատմե՞ք՝ ինչպես որոշեցիք դիմել այս գործիքին:
-Այո, սկզբում ես խուսափում էի հանդես գալ օնլայն տիրույթում, քանի որ չեմ սիրում, երբ, օրինակ, մի նկար են հրապարակում եւ պատմում են, թե որտեղ են եւ ինչ են անում: Բայց հետո հասկացա, որ սոցցանցերը կարելի է նաեւ արդյունավետ օգտագործել: Ինձ դուր է գալիս երկրպագուների հետ ինտերակտիվ այդ կապը: Ի դեպ, առաջին հյուրս Ռուբեն Մաթեւոսյանն էր՝ իմ կուռքը, եւ ես ուրախ եմ, որ իմ հարցմանն ի պատասխան` երկրպագուներս հենց նրա անունը տվեցին եւ պահանջեցին, որ նրան հյուրընկալեմ:
-Երբեւէ մտածե՞լ եք, որ կարող եք ընդլայնել այս նախաձեռնության շրջանակները եւ գուցե վաղը որեւէ հաղորդում նկարահանեք, վարեք, ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեք:
-Այդպիսի ծրագիր իրականացնելու մտադրություն վաղուց ունեի, բայց չստացվեց կյանքի կոչել, ես էլ որոշեցի այս ձեւաչափը կիրառել: Ամեն երկուշաբթի հյուրընկալում եմ մի արտիստի, եւ երկրպագուների հետ միասին լավ ժամանակ ենք անցկացնում: Տեսանյութերը հրապարակում եմ Youtube-ի իմ պաշտոնական էջում, նաեւ Facebook-ի իմ էջում:
-Երկրպագուների համար կարո՞ղ եք փոքրիկ գաղտնիք բացել եւ ասել, թե ով է լինելու հաջորդ հյուրը:
-Այո, Արամեն է լինելու իմ հյուրը, այնպես որ, սպասեք:
Հավելենք, որ Նունե Եսայանի նախորդ հյուրը երգչուհի Քրիստինե Պեպելյանն էր: Վաղեմի գործընկերները միասին կատարեցին արդեն սիրված երգեր, հիշեցին ինչ-ինչ դրվագներ, ավելին՝ Քրիստինե Պեպելյանն անգամ մի պահ մոռացավ իր ամենահայտնի երգերից մեկի՝ «Մայրիկ»-ի խոսքերը, իսկ Նունե Եսայանը փրկեց իրավիճակը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ Քրիստինեի հետ.
-Քրիստինե, որքանո՞վ եք կարեւորում նման հանդիպումների դերը, հատկապես ներկայիս պայմաններում, երբ համերգներ բավական քիչ են կազմակերպվում, միմյանց հանդիպելու առիթներն էլ կարծես շատ չեն:
-Սա ոչ միայն հինն ու բարին հիշելու, նոր մելիզմներ սովորելու, այլեւ նույն բնագավառում աշխատող երկու մարդկանց շփման համար լավ առիթ է: Հիմա մարդիկ ամեն էմոցիա սմայլիկների միջոցով են փոխանցում իրար, ուստի գովելի է նման կենդանի հաղորդակցությունը: Ինձ համար հաճելի է նաեւ, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում մասնագիտական նուրբ հարցերի, օրինակ, տարբեր ժանրերի երգեր են կատարվում, տարբեր խաղիկներ են արվում, այդ ամենը հյուրի համար էլ է հետաքրքիր: Այնպես որ, բարի երթ: Սպասում ենք հաջորդ հյուրերին:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՍԿԶԲՈՒՄ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԷԻ, ՀԻՄԱ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է»
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու քաղաքի շատ պրիմիտիվ խնդիրներ իրենց լուծումը չեն ստանում, բայց ինչ-որ մեկին բռնել, տանել, փակելը լավ ստացվում է: Անկեղծ ասած՝ եթե ամիսներ առաջ ոգեւորված էի քաղաքական դաշտի փոփոխություններով, ապա հիմա ինձ համար ամեն բան միեւնույն է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Արմոն:
Նրան Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններն այնքան էլ չեն հետաքրքրում, թեեւ ասում է, որ հնարավոր է՝ վերջին պահին որոշի մասնակցել: Ամեն դեպքում, Արմոյին շատ է հուզում, օրինակ, քաղաքի աղբահանությանն առնչվող խնդիրը: Նա չի հասկանում՝ ինչու պետք է ավագանու ընտրությունները լինեն, նոր ինչ-որ մարդիկ սկսեն զբաղվել կամ չզբաղվել այդ խնդրով. «Շրջում եմ Երեւանի բակերով եւ իսկապես մտահոգվում եմ մեր երեխաների առողջությամբ. ամենուրեք աղբ է, բոլոր թաղամասերում այդ խնդիրը կա: Չեմ հասկանում՝ դժվա՞ր է այդ պրիմիտիվ խնդրին լուծում տալ: Եթե պետք է, կարող ենք ամեն մեկս մեր չափով ֆինանսապես աջակցել, ես ինքս պատրաստ եմ ներդրում կատարել: Եթե վաղը մեր երեխաները դրա պատճառով մի լուրջ հիվանդություն ձեռք բերեն, ո՞վ է պատասխան տալու: Թող քաղաքապետի թեկնածուներից ամեն մեկն իր չափով մտածի սրա մասին: Չմոռանանք նաեւ, որ բացի մեր քաղաքացիներից Երեւան այցելում են նաեւ զբոսաշրջիկներ: Որքանո՞վ է հաճելի նրանց այս դեմքով ներկայանալը»,-մեկնաբանեց Արմոն:
Մենք մի փոքր զրուցեցինք նաեւ գործնական պլաններից: Հարցին, թե ինչու վերջին շրջանում չի երեւում էկրաններին, Արմոն կատակով պատասխանեց. «Մի քանի ամսով հեռացել եմ շոու-բիզնեսից, կվերադառնամ»:
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է իր հեղինակած նոր երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Այն, ի տարբերություն երգչի նախորդ մի շարք ստեղծագործությունների, պարային բնույթի գործ չէ,ավելի հանգիստ եւ մեղեդային երգ է սիրո մասին:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ Է
«Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ գտնվում է լավ մարզավիճակում. «Մարդիկ միշտ ֆուտբոլիստից արդյունավետ գործողություններ են սպասում, հատկապես եթե նա թիմի կարեւոր մասնիկն է ու պատասխանատու է գոլերի համար: Որպես կոլեկտիվ` մենք կարող ենք ավելի լավ հանդես գալ: Իմ մասին` որպես հարձակվողի, շատ են խոսում, բայց ես միշտ ինձ հիանալի եմ զգում եւ կարծում եմ, որ լավ մարզավիճակում եմ գտնվում:Եթե դա այդպես չլիներ, մարզիչն ինձ մեկնարկային կազմում դաշտ դուրս չէր բերի»,- ասել է Քեյնը:
Հիշեցնենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի մեկնարկային 5 տուրում Քեյնն իր ակտիվում 2 գոլ եւ 1 գոլային փոխանցում է գրանցել:
ՆՈՒՅՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
Մադրիդի «Աթլետիկո»-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն իրեն համեմատել է Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ: «Կարծում եմ` հիմա ես Ռոնալդուի եւ Մեսիի հետ նույն սեղանի շուրջ եմ նստած: Ես ցանկանում եմ առաջադիմել եւ տիտղոսներ նվաճել: Ֆուտբոլ նայել կարելի է տարբեր դիտանկյուններից, եւ ակնհայտ է, որ ես տարբերվում եմ Ռոնալդուից, Մեսիից, Նեյմարից կամ Կիլիան Մբապեից: Ես ամենաբարձր մակարդակի վրա եմ, բայց կարող եմ ավելի առաջ գնալ»,-ասել է Գրիզմանը:
Հիշեցնենք, որ «Աթլետիկո»-ն տարօրինակ էր համարել Անտուան Գրիզմանին ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչում չընդգրկելը: Մրցանակին հավակնում են Ռոնալդուն, «Ռեալ»-ի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը եւ անգլիական «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:
ԲԱՅԻՆ ԿՀԵՌԱՆԱ
Պաշտպան Էրիկ Բային ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: 24-ամյա ֆուտբոլիստը գոհ չէ թիմում իր ներկայիս վիճակից եւ մշտական խաղային պրակտիկայի բացակայությունից: Բային պատրաստ է հունվարին հեռանալ մանկունիացիներից, եթե մինչ այդ չսկսի կանոնավոր կերպով խաղաժամանակ ստանալ ՄՅՈւ-ում: «Տոտենհեմ»-ն ու «Արսենալ»-ը կարող են փորձել ձեռք բերել իվուարցի ֆուտբոլիստին:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 4 հանդիպման է մասնակցել, որոնցից երկուսում փոխարինման է մտել: