Լուսանկարն արվել է Երեւանում
Նման գրությունները վերջին շրջանում դարձել են «հիթային»: Պետք է ամաչենք նմանատիպ հորդորների համար, ինչպես նաեւ՝ արված տառասխալների:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն պե՞տք է դրամարկղի գիրք վարի, թե՞ պարտադիր չէ:
Վիկտորիա Մխիթարյան (41 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների` ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) վրա: Շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները չեն կիրառվում, եւ նրանք չպետք է վարեն դրամարկղի գիրք:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի եւ հաշվետու անձանց միջոցով: Դրամարկղային գործառնությունների իրականացման, այդ թվում` դրանց փաստաթղթավորման եւ դրամարկղային գրքի վարման կարգը սահմանում է կառավարությունը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ մանրամասն ծանոթանալ աշխատողի սոցիալական փաթեթի հատկացման գործընթացին: Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել սոցփաթեթ:
Հարություն Ավետիսյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար: Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:
Դիմումի եւ տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին` ամսական կտրվածքով` բացառությամբ հանգստի ապահովման ծառայությունից օգտվելիս: Այս դեպքում աշխատողը կարող է իր եւ զբոսաշրջային օպերատորի միջեւ կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում՝ սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով: Նշենք, որ այս դեպքում աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ յուրաքանչյուր աշխատակցին սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11 հազար դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով կազմում է 132.000 ՀՀ դրամ: