ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի շուրջը ձեւավորված կառավարության անդամ ուժերի միջեւ կրքերը չեն հանդարտվում, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ` իր դաշնակիցներին կորցնելու ճանապարհին:

Մասնավորապես, նախօրեին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին եւ վերջինիս պարզապես հիշեցրեց, թե վերջինս ում օգնությամբ է ընտրվել, ինչպես են իրեն պաշտպանել ելույթներով ու գործողություններով, ու բաց տեքստով հասկացրեց` այլեւս մտածելու են՝ քվեարկե՞լ Աժ արտահերթ ընտրությունների համար, թե՞ ոչ։ «Ո՞նց կարելի է նեղացնել Ձեր հետ ճամփա անցած թիմին: Հո խնդիրը մենակ նրանում չի՞, թե ով Ձեր հետ քայլել է, նա էլ պիտի լինի: Եթե մենակ Ձեր հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, ես Ձեզ ասելու էլ բան չունեմ: Դուք էլ մտածեք, թե ոնց եք անելու արտահերթ ընտրության գնալուց: Որովհետեւ երկու ուժը եւ մեր խմբակցության մնացած չորս անդամներն էլ կանգնած են եղել Ձեր կողքին եւ հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից են: Հիմա ես նայում եմ, էդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք, ի՞նչ անենք: Բա ո՞նց ենք էս խնդիրը լուծելու», – նշեց Արամ Սարգսյանը:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը երեկ եւս հայտարարել է, թե միանշանակ կիսում է Արամ Սարգսյանի հնչեցրած մտահոգությունները: «Իհարկե, մտածելու ենք այդ մասին, եւ որեւէ մեկը հանկարծ մտքի ծայրով չանցկացնի, որ կարող է ժողովուրդ բերել Ազգային ժողով եւ պարտադրել, օրինակ, ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, քվեարկել մի բանի համար, որի համար ես չեմ ուզում։ Ժողովուրդը մեկ անգամ մոբիլիզավեց Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու համար, եւ եթե կարծում են, որ հեղափոխական բառաֆոնդը անընդհատ ասելով՝ «պառկեցնեմ ասֆալտին», «կտանք պատերին» եւ այլ անհասկանալի արտահայտություններով մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չեք կարողանալու։ Եվ չեք անելու։ Այնպես որ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը մենք դեռ կքննարկենք, եւ ինչ որոշում էլ, որ կայացնենք, լինելու է մեր քաղաքական որոշումը»:
Ստացվում է, որ արդեն իսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում խորհրդարանում առկա ուժերից ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Ելք»-ում ներկայացված մի քանի պատգամավորներ դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններ անցկացնելուն` ասելով, թե կարող են դեմ քվեարկել այնպիսի նախագծերի, որոնք հենց դա են ենթադրում: Եվ եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում առանձնապես շատ հարթ չեն ՀՅԴ-ՔՊ հարաբերությունները, եւ ՀՅԴ-ական պատգամավորները եւս ասում էին, թե ամեն ինչ պետք է Սահմանադրությանը համապատասխան արվի, իրավական դաշտում, ոչ թե ճնշմամբ, ապա չի բացառվում, որ իրենք եւս դեմ կգնան սահմանադրական փոփոխություններ անցկացնելու նախագծին:
Ինչպես հիշում եք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, քանի որ այնքան էլ վստահ չէ, որ Սահմանադրությունում այժմ ամրագրված կետերով նրանց կհաջողվի հասնել ցանկացածին: Բանն այն է, որ, ըստ Սահմանադրության, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա երկու անգամ վարչապետ չընտրվի, եւ խորհրդարանը լուծարվի: Սակայն վարչապետն այս սցենարում վտանգավոր տարրեր էր տեսնել` մտածելով, թե այդ ընթացքում ՀՀԿ-ն կարող է այլ թեկնածու առաջադրել եւ իր ձայներով անցկացնել նրան: Ասել է թե` մտավախություն կա, որ ՀՀԿ-ն ու խորհրդարանական մյուս ուժերը ներպալատական հեղաշրջում կիրականացնեն: Եվ հենց այդ պատճառով էլ օգոստոսի 17-ի իր հանրահավաքին նա խոսեց սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտադրության մասին, որից հետո հնարավոր կլինի խորհրդարանը տանել ինքնալուծարման: Եվ ավելի հավանական տարբերակ էր, որ այն կմերժվեր խորհրդարանում, սակայն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ ու ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորների աջակցությամբ հնարավոր կլիներ նախագիծը դնել հանրաքվեի, ինչպես եւ կրկին ցանկանում է վարչապետը:
Իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն կարծում, թե Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկածները դա արել են հենց վերջինիս համար: «Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթ ընտրությունների հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Լենա Նազարյանը:
Սակայն պարզվում է` Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ծավալված դեպքերը սպառնում են տապալել բոլոր ծրագրերը. այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը միայն երկու ելք կունենա. կա՛մ հրաժարական կտա, եւ երկու անգամ փորձ կարվի խորհրդարանում վարչապետ ընտրել, ապա միայն հետո գնալ խորհրդարանական ընտրությունների, կա՛մ էլ վախենալով այդ սցենարից եւ այն մտքից, որ կարող են իրեն փոխարինել, Փաշինյանը դատապարտված կլինի մնալ եւ աշխատել հենց այդ Ազգային ժողովի հետ` արդեն մինչեւ հերթական ընտրություններ: Եվ չպետք է մոռանալ նաեւ մի երրորդ սցենարի մասին, որ Փաշինյանին վարչապետ ընտրելուց մեկ տարի հետո արդեն խորհրդարանական ուժերը կարող են նրան անվստահություն հայտնել եւ իրենք էլ ընտրել նոր վարչապետ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՍԱՇԻԿԻ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին հասկանալու համար` առկա են տեղեկություններ՝ այդ գումարները միանգամից են մուտք եղել հաշվին, թե տարիների ընթացքում: Ի պատասխան` Եղոյանը նախ նշեց, թե հարցը գտնվում է իրավապահների տիրույթում, ապա հավելեց. «Վարչապետը որեւէ բան հայտարարելուց առաջ հազար անգամ ստուգում է տվյալների իսկությունը եւ նոր միայն հայտարարում: Մնացածը կպարզի քննությունը»: Մենք դիմեցինք նաեւ ԱԱԾ լրատվական ծառայություն, որտեղից փոխանցեցին. «Քննություն է իրականացվում. նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ չենք կարող հայտնել»:

 

 

ԱՐԽԱՆԳԵԼՍԿՈՎ ՏԱՐՎԱԾԸ
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջեւանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել էին Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել էին պատասխան գործողություններով: Նշենք, որ կրակել էին հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի` այնտեղ գնդակները մինչեւ գյուղ չեն հասել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանից ճշտել` արդյոք կրակոցներից հետո այցելել է Արենի, հանդիպել գյուղի բնակիչների հետ: Սակայն պարզվեց, որ Սաղաթելյանը այս օրերին Արխանգելսկում է, եւ հայտնի չէ, թե ինչ նպատակով: Ավելին, Արենիի կրակոցների մասին անգամ մարզպետարանի պաշտոնական կայքէջում ոչինչ չկա նշված:

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու եւ այլ պաշտոնի նշանակելու մասին: ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել էին` Վահագն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի պաշտոնից փոխադրվել է համարժեք` ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնի: Երեկ տեղեկացանք, որ Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որ դատախազության որոշակի գործողություններ արգելի, արդյունքում գործը նախագահող դատավորը` Էդիկ Ավետիսյանը, բավարարել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնի միջնորդությունը:

 

 

ԼԱՐՎԱԾ, ԲԱՅՑ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախ: Նա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Արցախի զինված ուժերի ղեկավարների հետ առաջնագծում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Վարչապետ Փաշինյանը տեղեկացերլ է. «Առաջնագծում ընդհանուր առմամբ բավականին լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել եւ վերահսկելի: ՀՀ զինված ուժերը եւ պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը»: Նա նաեւ ընդգծել է. «Հստակ արձանագրեցինք, որ չկա որեւէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտ պատասխանն են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին: Բայց դա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների: Արցախի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք, նա նույնպես պատրաստ է պատերազմի: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաեւ պատերազմի,- ասաց նա՝ նշելով, որ դա պետք է արձանագրեն ե՛ւ Հայաստանում, ե՛ւ դրսում,- մեր վստահությունը հիմնված է մեր Զինված ուժերի, մեր ժողովրդի վստահության եւ այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա»:

 

 

ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՆՋԸ
Այն բոլոր քաղաքական ուժերը, պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը եւ կառավարության ծրագրին, դա չեն արել Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթի հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը: Այ հենց այս պահերին է առավել ակնառու երեւում գաղափարական կուսակցությունների պակասը եւ իրական դերը»,-գրել է նա:

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԽՈՉԸՆԴՈՏԻ
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքն ասել է, որ Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի ժողովրդավարացման բոլոր ջանքերը, քանի որ դրանց մեջ վտանգ է տեսնում: «Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»,- ասել է նա: Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում է գործադրելու առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում. «Անհնար է ժողովրդավարություն զարգացնել, քանի դեռ ղարաբաղյան պատերազմը շարունակվում է, քանի որ ողջ հին վերնախավն իր կարողությունն ու դիրքը ստեղծել է ղարաբաղյան պատերազմի վրա: Ու քանի դեռ պատերազմը շարունակվի, նրանք մնալու են ազդեցիկ եւ խափանելու են ժողովրդավարության ցանկացած ընթացք, որով փորձում է շարժվել Փաշինյանը: Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի խաղաղության պահպանումը ղարաբաղյան հակամարտության շրջանում, մի բան, որ Վաշինգտոնը մինչ այժմ ակտիվորեն չի արել, նշում է Բլանքը»,-մեկնաբանել է վերլուծաբանը:




Լրահոս