«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Հայաստանի մի շարք գործարարների` ԱՄՆ մուտքի արտոնագրերը:
Այս տարվա ապրիլին կայացած թավշյա հեղափոխությունից հետո մի շարք պաշտոնատար անձինք, քրեական տարրեր, գործարարներ հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում: Ու մինչ իրավապահները լայն թափով գործի կանցնեին, մի շարք օլիգարխներ, քրեական տարրեր լքեցին Հայաստանը: Ու նրանց մեծ մասը ապահով հանգրվանել էր Ամերիկայի միացյալ նահանգներում: Ըստ էության, այս իրողությունը հաշվի առնելով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը քայլեր ձեռնարկեց: Նրանք սկսեցին հայտնի քրեական տարրերին արտաքսել ԱՄՆ-ից: Մասնավորապես, գրել էինք, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է նահանգներից արտաքսել քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Արմեն Ղազարյանին` Պզոյին: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում է կայացվել, որ նրան երեկ պետք է արդեն Հայաստան ուղարկեն:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան-Թերջանյան կազմակերպության» հետ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու համար:
Բացի նրանից, այլ անձինք եւս հայտնվել են ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Հայաստանի մի շարք գործարարների` ԱՄՆ մուտքի արտոնագրերը:
Ովքե՞ր են նրանք: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ուղարկեցինք հետեւյալ գրությունը.
«Հարգելի՛ պարոն դեսպան,
Խնդրում եմ պատասխանել մեր հետեւյալ հարցին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Հայաստանի մի շարք գործարարների` ԱՄՆ մուտքի արտոնագրերը:
1. Խնդրում ենք հայտնել, թե որքանո՞վ է մեր տեղեկությունը հավաստի:
2. Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա նշեք խնդրեմ, թե ստույգ ո՞ր գործարարների մուտքի արտոնագրերն են չեղարկվել»:
Ի պատասխան մեր հարցադրումների` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին. «ԱՄՆ օրենսդրության համաձայն` վիզաների գործերը գաղտնի են, եւ մենք իրավասու չենք առանձին գործերի հետ կապված մեկնաբանություններ տալ»:
Նկատենք որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը եւս հաճախ է գնում ԱՄՆ, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վերջինիցս հետաքրքրվել՝ արդյոք նա հայտնվել է ԱՄՆ դեսպանատան ուշադրության կենտրոնում, նրա ունեցած ԱՄՆ մուտքի արտոնագիրը եւս չեղարկվե՞լ է. «Ես ո՛չ օլիգարխ եմ, ո՛չ հանցագործ եմ, ո՛չ էլ ես իմ ինչ եմ, բանվոր դասակարգի մարդիկ ենք: Ուր ուզում, երբ ուզում, գնում ենք: Եթե հանցագործություն ես արել, ուրեմն չես կարող գնալ: Նման հարցերի դեպքում ԱՄՆ դեսպանատունը հետ է կանչում, կա՛մ չեղարկում է վիզան, կա՛մ էլ չի տալիս: Հիմա հարսանիք է եղել, ես նորմալ գնացել, հետ եմ վերադարձել: Ես չեմ պատրաստվում հիմա գնալ ԱՄՆ, իսկ եթե պետք եղավ գնամ, չթողեցին, ուրեմն չեմ գնա: Բայց եթե հասարակ մարդ ես ու հարց կա, պետք է գնաս, կարիքի համար պետք է գնաս ու չթողնեն, ուրեմն թող չթողնեն: Ես մաքուր ընտրվել եմ, փող չեմ բաժանել, որեւէ մեկի հավին քշա չեմ արել: Այն ժամանակ դիպլոմատ պասպորտ (նկատի ունի դիվանագիտական անձնագիր) կար, հիմա չկա, պետք է դիմենք, վիզա ստանանք, ինչ է, ես իրավունք չունե՞մ գնամ, հանգստանամ, գամ: Ես այս տարի Հայաստանից դուրս չեմ եկել, անցած տարի եմ գնացել ԱՄՆ: Եթե ԱՄՆ դեսպանատունը տրամադրի վիզա, կգնամ, ինձ երբեք չհամեմատեք ոչ մի օլիգարխի հետ, եւ ոչ մեկից կախում չունեմ»:
Այսպիսով, թեեւ հայտնի է գործարարների ու նախկին պաշտոնյաների ցուցակը, թե ովքեր են մերժվել կամ ում մուտքի արտոնագիրն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել, բայց հրապարակել չենք կարող, քանի որ «անձնական գործ է»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑ
Դատարանը հետ է վերադարձրել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ հայցը: Գործը քննող դատավոր Գեւորգ Սոսյանը, ուսունասիրելով Վաչագան Ղազարյանի հայցադիմումը, այնտեղ սխալներ է գտել եւ, ըստ օրենքի, դիմումը հետ է վերադարձրել:
Գրել էինք, որ Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Վերջինս ՀՀ վարչական դատարան է դիմել սեպտեմբերի 5-ին եւ պահանջում է անվավեր ճանաչել էթիկայի հանձնաժողովի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշումն ու օգոստոսի 13-ի գրությունները: Ասել է թե` Սերժ Սարգսյանի նախկին թիկնազորի պետը էթիկայի հանձնաժողովի գործողությունների եւ կայացրած որոշումների հետ համամիտ չէ եւ դիմել է դատարան:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է հունիսի 25-ին ապօրինի հարստանալու մեղադրանքով: Ավելի ուշ գրավի դիմաց նրան ազատ արձակեցին: Այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Ղազարյանի տիկնոջը` Ռ. Բեգլարյանին:
ԲԵԿՈՐԱՅԻՆ ՆՌՆԱԿ
Իրավապահները շարունակում են բացահայտել բանակից հափշտակված զենքերի վերաբերյալ նոր դեպքեր: Գուրգեն Մացոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1992-1993թթ. ԼՂՀ ինքնապաշտպանական սկզբունքով որպես խոհարար մեկնել է ռազմաճակատ, որի ժամանակ ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի դաշտերից գտել է առանց պայթուցիչի գործարանային արտադրության մեկ հատ «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական բեկորային նռնակ, որը Գ.Մացոյանը, ապօրինի փոխադրելով Հայաստանի Հանրապետություն, պահել է Արմավիր քաղաքի 107 թաղ. 176 տան նկուղում: Ավելի ուշ նա բնակարանը վաճառել է, հիշյալ տան նոր սեփականատեր Մուրադ Ջավոյանի կողմից նռնակը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցներին:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի ապօրինի զենք պահելու հատկանիշներով եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդարգրության` 3-րդ զորամիավորումում մեկնարկել են ենթակա զորամասերի հետախուզության ծառայության պետերի հրամանատարական հավաքներ, որոնց նպատակը մասնագիտական հմտությունների եւ կարողությունների ամրապնդումն ու կատարելագործումն է:
18 ԳՈՐԾ
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք: Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԵԽԽՎ
Երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետեւանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ, այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից` ադրբեջանական իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր անհաջողությունները բարդել հայկական կողմի վրա: Բազմիցս ասել եմ, որ արցախյան հարցում մենք ավելի քան միասնական ենք: Հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության գաղտնապահական կարգը` կայացված որոշումների, հանձնաժողովի դիրքորոշման մասին կտեղեկացնեմ, երբ դրանք կգաղտնազերծվեն»,-գրել է Ա. Հովհաննիսյանը:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Ըստ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի` ՀՀ գործադիր իշխանությանը պետք է ժամանակավոր արտակարգ լիազորություններ շնորհվեն երկրում անցումային արդարադատություն իրականացնելու համար: «Օգոստոսի 17-ին կայացած մեծ հանրահավաքի ժամանակ վարչապետը խոսեց անցումային արդարադատության մասին, սակայն, ցավոք, մենք անցումային արդարադատության իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլերի ականատես չեղանք»,-նկատել է Ենիգոմշյանը: Նրա խոսքով` անցումային փուլում գործադիր իշխանությանը պետք է լրացուցիչ լիազորություներ շնորհվեն, որոնք պետք է հաստատվեն ժողովրդի կամքով` հանրաքվեի միջոցով: «Հայաստանն արտաքին լուրջ խնդիրներ ունի, որոնք լուծելու համար անցումային փուլը պետք է հասցնել ավարտին»,-ասել է նա:
ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԻ
«Մարտի 1-ի» գործով ընթանում է քննություն, եւ քննության վերջնական արդյունքները ցույց կտան, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարությանը: ««Մարտի 1-ի» գործով հիմա ընթանում է քննություն, եւ հատուկ քննչական ծառայության պետն արել է այդ հայտարարությունը, որի մասին տեղյակ եք: Քննությունը շարունակվում է նոր փաստերի ձեռքբերմամբ: Գործի փաստական բազան օրեցօր հարստանում է, եւ վերջում պարզ կլինի, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Գործը դեռ ավարտված չէ եւ դատարան ուղարկված չէ»,- նշել է Արման Եղոյանը: