ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ, ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ՍԱՐՍԱՓԸ` ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ներքաղաքական սրացումների համատեքստում անուշադրության մատնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելությունը Ադրբեջան: Էրդողանը Բաքվում կրկնեց իր նախկին հայտարարությունները` ցուցադրելով թուրքական քաղաքականության կայուն անտարբերությունը Հայաստանի նկատմամբ: Հայաստանում առիթը փորձեցին օգտագործել հանրապետականները` վախեցնելով մշտական սպառնալիք համարվող պանթուրքիզմով:

1988թ. Արցախյան շարժման շրջանում Հայաստանի ինքնուրույնության նկրտումները հետեւողականորեն սաստվում էին պանթուրքիզմի վտանգը մատնանշելու միջոցով: 1990-91թթ. այս առումով հատկապես ակտիվ դեր էին ստանձնել կոմունիստներն ու դաշնակցականները, որոնք ամեն քայլափոխի հիշեցնում էին պանթուրքիզմի սպառնալիքը: Երբ Հայաստանը փորձում էր ինքնուրույն հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ, անմիջապես թերթերում հայտնվում էին առանց Կրեմլի ապրելու անհնարինության ու արդյունքում թուրքական «յաթաղանի» վտանգի մասին ահազանգերը: Երբ Հայաստանը հրաժարվում էր ենթարկվել Կրեմլին ու անկախություն էր պահանջում, կրկին նույն շրջանակները խոսում էին թուրք-ադրբեջանական դաշինքի մասին եւ համոզում, որ անկախությունը ձախողակ ձեռնարկ է: 1991թ. սեպտեմբերի 21-ից առաջ նրանք համոզված էին, որ ինքնուրույնանալու պարագայում Հայաստանը, զրկվելով ԽՍՀՄ անվտանգության հովանոցից, անկարող էր լինելու դիմագրավել Թուրքիայի նեոպանթուրքիստական քաղաքականությանը: Այդ շահարկումները որքան էլ կարող էին բխել մարդուն բնորոշ բնական վախից ու անհանգստությունից, քաղաքականապես միտված էին զսպելու Հայաստանի ինքնիշխանության ձգտումը: Որքան Հայաստանն ապրեր թուրքական վտանգից խեղճացածի կարգավիճակում, այնքան ամուր պետք է կառչեր ռուսական բանակի պաշտպանությունից: Հետեւաբար, որքան երկար մնար ռուսական բանակը Հայաստանում, այնքան կենսունակ կլիներ 5-րդ շարասյունը իր պահանջված ծառայությամբ:
Պատմությունը, սակայն, փաստեց, որ Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները անհուսալիորեն խեղդվել են դեռ Առաջին աշխարհամարտում եւ այնքան ժամանակ այդպես կմնան, քանի դեռ գործում է հեգեմոնալ աշխարհակարգը: Թուրքիայի համար պանթուրքիստական քաղաքականության հաջողության կարեւորագույն պայմանը կայսերական բնույթի պետություն լինելն է, որը բավարար հարթակ կարող է ապահովել Ադրիատիկ ծովից մինչեւ Չինաստան թյուրքալեզու ժողովուրդներին մեկ միասնական պետության մեջ համախմբելու համար: Իսկ մեծ տերություններից այդ ո՞ր մեկն այսօր կհանդուրժի, որ Թուրքիային հաջողվի իրականացնելու այդ ծրագիրը: Թուրքիային նույնիսկ նման թույլտվություն չէր պատրաստվում տալ դաշնակից Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում: Թուրքիայի համար պանթուրքիզմը, կարելի է համարել, մի մաքսիմալ ու իդեալական նպատակ է, որը գործնական առնչություն չունի ռեալ աշխարհաքաղաքական շախմատի հետ: Ինչ-ինչ, բայց թուրքական ընտրախավն ընդհանուր առմամբ հաջողությամբ է խաղարկել անհրաժեշտ մինիմումի ծրագիրը իր պատմության մեջ: Իսկ ահա հայկական շրջանակները, թերեւս, պայմանավորված նաեւ 19-րդ դարի վերջին հայկական «հեղափոխության» շարունակական ձախողմամբ եւ Ցեղասպանության բարդույթով, հակված են չափազանցելու թուրքական վտանգը` տեղ-տեղ հասնելով հիվանդագին արձագանքների` հանձինս հայերին ամեն գնով կոտորելու թուրքական մարմաջի ու ատելության:
Այսօր պանթուրքիզմի մասին արդեն խոսում են ՀՀԿ-ականները, մասնավորապես` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Էրդողանի ու Ալիեւի հանդիպմանն ու հայտարարություններին: «Ազգային միասնության» կոչ հղելով ՀՀ իշխանություններին` նա շեշտում էր, որ «նոր իրողությունների պայմաններում եւս մեր երկրի համար թիվ մեկ սպառնալիքը շարունակում է մնալ պանթուրքիզմը»: Մի կողմ թողնենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում նույնքան «ջերմ եւ եղբայրական» էին Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները, ինչը, սակայն, չէր մտահոգում Է. Շարմազանովին: Առավել հետաքրքրական է, որ ըստ ԱԺ փոխխոսնակի` Էրդողանը, հայտարարելով, որ աջակցում է Ադրբեջանի բոլոր նախաձեռնություններին, «կոպտորեն խախտեց Ցյուրիխյան պրոտոկոլները»: Բայց մի՞թե ԱԺ փոխխոսնակը մոռացել է, որ ս.թ. մարտի 1-ին Սերժ Սարգսյանն ինքն է պաշտոնապես չեղարկել դրանք: Արդյոք հնարավո՞ր է խախտել մի համաձայնագիր, որը երկու կողմերից մեկի նախաձեռնությամբ «գրողի ծոցն» է ուղարկվել դեռ ՄԱԿ-ի ամբիոնից: Ինչու ոչ, նաեւ ի պատիվ Սերժ Սարգսյանի` Հայաստանը Թուրքիայի հետ ուներ պաշտոնապես ստորագրված փաստաթուղթ, որը աշխարհաքաղաքական կոնկրետ զարգացումների պարագայում կարող էր վավերացվել եւ գործադրվել: Ըստ էության, մի ձեռքով Սերժ Սարգսյանը սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008թ. զրոյական լեգիտիմությունը ծածկելու, մյուսով չեղարկեց գործընթացը 2018թ. վարչապետությունը մաքուր էջից ստանձնելու մղումներով: Արդ, այսօր հայ-թուրքական պաշտոնական փաստաթղթեր ունենալու համար կրկին հսկայական դիվանագիտական ջանքեր կպահանջվեն` էլ չխոսած աշխարհաքաղաքական հարմար իրադրության մասին:
Սակայն ՀՀ իշխանությունների ընդդիմախոսների կողմից պանթուրքիզմի սարսափով վախեցնելը թերեւս նույն նպատակներն է հետապնդում, ինչ ԽՍՀՄ անկման շրջափուլում: Հայաստանը փորձում է հղկել մեջքը` հանդես գալով ներքին ինքնուրույնությամբ եւ արտաքին այնպիսի պարտնյորի կարգավիճակով, որի հետ պետք է պայմանավորվել առանց հրամայելու: Ցավալիորեն, թուրքական իշխանությունները չեն նկատում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները` գործելով հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ-ի հարցին շաղկապելու այն նույն սխալը, ինչ իրենց նախորդները 1990-ական թթ.: Սակայն թե՛ այդ մարտավարությունը, թե՛ Էրդողանի վարքագիծը չպետք է խոչընդոտ հանդիսանան ՀՀ իշխանությունների համար հայ-թուրքական հարաբերություններում դիվանագիտական նոր նախաձեռնություններով հանդես գալու համար: Հայաստանի ինքնիշխանության աստիճանը, ըստ էության, ուղիղ համեմատական է դիֆերենցված արտաքին քաղաքականությանը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ «ՏԱՎՈՒՇ» ՋՕԸ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Տավուշ» ջուր օգտագործողների ընկերության (ՋՕԸ) նախկին գլխավոր ինժեներ Սերգեյ Ղարախանյանը ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բողոք է ներկայացրել այդ ընկերության գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի դեմ: Նա ոստիկանությանը հայտնել է, որ 2017թ. «Տավուշ» ՋՕԸ-ն Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում ոռոգման ցանցից ճյուղավորում կազմող ջրագիծ է կառուցել, այդ ծրագրում «Տավուշ» ՋՕԸ-ն հանդես է եկել ե՛ւ նյութեր գնող, ե՛ւ ջրագիծ կառուցող: Ս. Ղարախանյանը, որը նախկինում բազում շինարարական աշխատանքներ է ղեկավարել, հաշվարկել է, որ այդ նպատակով ծախսված 6.8 միլիոն դրամից առնվազն 1.8 միլիոն դրամի հավելագրում է կատարվել, այն յուրացվել է: Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով(«Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»):
Ս. Ղարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ Յու. Որսկանյանը «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն է դարձել այն բանի շնորհիվ, որ Ջրային կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Միքայել Մակինյանը նրա հարազատ քրոջ որդին էր, վերջինս սատարում էր քեռուն: Օգոստոսի 31-ին վարչապետ Ն. Փաշինյանի որոշմամբ` Մ. Մակինյանը իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից: Յուրա Որսկանյանը նախկինում լրագրողիս արդարացել է, որ Ոսկեվանում ոռոգման ջրագիծ կառուցելու համար ջրային տնտեսության պետական կոմիտեն սեփական միջոցներից 6.8 միլիոն դրամ է հատկացրել, այն նպատակային նշանակությամբ է ծախսվել, Ոսկեվանի համայնքապետարանը հետեւել է, որ ջրագծի կառուցումը նախագծի համաձայն կատարվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԺԱՄԱՆԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքը: Նրանք հանդիպումներ կունենան Ա. Սարգսյանի եւ վարչապետի հետ, կհյուրընկալվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսին:

 

 

 

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԱՐԳԵԼՎԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ

Արդեն մի քանի օր է՝ Վրաստանի մայրաքաղաքի շրջաններից մեկում` Լիլոյում, ցորենի ներկրողները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են չեղարկել ֆինանսների նախարարի ընդունած որոշումը, ըստ որի` սեպտեմբերի 15-ից արգելվում է Վրաստանի տարածքով ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ցորեն ներկրել եւ արտահանել, հակառակ դեպքում ցուցարարները սպառնացել են փակել կենտրոնական փողոցները:

Դժգոհողների խոսքերով` շուրջ 25 հազար մարդ այս որոշման արդյունքում գործազուրկ է դարձել: Ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ նրանց հետ փորձում են հանդիպել եկամուտների ծառայության աշխատակիցները, սակայն ցուցարարները չեն համաձայնում: Ի դեպ, տեղեկացնենք, որ օրեր առաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52 տոկոսով: Որոշումը կայացրել են «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ու «Վրացական երկաթուղի»-ն: Ըստ ՀԿԵ տվյալների` ամեն օր Հայաստանը ներկրում է 315 հազար տոննա հացահատիկ. 2016 թվականին 156 հազար տոննա տեղափոխվել է երկաթուղու միջոցով, 2017-ին երկաթուղով ներկրված ցորենը կազմել է 111 հազար տոննա: Տեղափոխման գների նվազեցումը հացահատիկի տոննայի վրա արժեքը կնվազեցնի 24,18 դոլարով: Խոսքը Փոթիից Երեւան բերվող հացահատիկի մասին է:
Ի դեպ, նույն խնդրի շուրջ դժգոհում են նաեւ եգիպտացորենի ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող քաղաքացիները: Այս դեպքում, սակայն, արգելքը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս արգելքի արդյունքում զգալի ծախսեր կանեն թռչնարտադրությամբ զբաղվող հայաստանցի տնտեսվարողները: Իսկ ահա թռչնամսի եւ հավկիթի գները զգալի կբարձրանան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս