Օրերս ահազանգ եղավ այն մասին, որ «Հին Երեւան» թաղամասի մի հատվածում ստորգետնյա ավտոկայանատեղիի եւ հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վտանգել են Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը:
Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կառույցը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման եզրին է: Այս առթիվ ահազանգ հնչեցրեց նաեւ երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանը. «Սա նախորդ իշխանությունների գործունեության հետեւանք է, պողոտան ճանաչվել է գերակա շահ, եւ այստեղ պետք է կառուցապատվեին հին Երեւանի տեսք ունեցող շենքերով, եղածներն էլ պետք է մնային: Սակայն ինձ բոլորովին չի համոզում դա, որովհետեւ հայտնի չէ, թե վերջերս քանդված շենքերի քարերը որտեղ են, ուր մնաց թե 15-20 տարիներ առաջ քանդվածներինը հայտնի լինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց պարոն Հեքեքյանը:
Սեպտեմբերի 15-ին էլ անցկացվեց բողոքի ակցիա՝ «Փրկենք Արամի 23»-ը խորագրով, որի շրջանակում մի խումբ արվեստագետներ կոչ արեցին պատկան մարմիններին անել հնարավորը վտանգից խուսափելու համար:
Նշենք, որ շենքի մի պատը հարակից է Տերյան փողոցին, որտեղ, ինչպես նշվեց, «Հին Երեւան» նախագծով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Դրանք, Տիգրան Հեքեքյանի պնդմամբ, ընթանում են «բազմաթիվ նորմերի խախտմամբ», եւ դա էլ հանգեցրել է շենքի վթարային վիճակին: Ի դեպ, տվյալ տարածքում տեղակայված է 6 պատմամշակութային արժեք ներկայացնող շենք:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանից հետաքրքրվել է՝ ի վերջո, հնարավոր եղավ արդյոք կանխել վտանգը, ինչ ճակատագիր կունենա հուշարձան-շենքը: Փոխնախարարը պատասխանեց, որ 3-4 անգամ հանդիպել է պարոն Հեքեքյանի հետ շենքն ուսումնասիրելու, խնդրին ծանոթանալու նպատակով. «Արդյունքում արձանագրել ենք, որ շինարարարության ընթացքում Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը վնասվել է: Շենքի հիմքին մոտ հատվածում իրականացվել են փորման աշխատանքներ, եւ շենքից հող է թափվել: Վտանգն օրհասական է: Անգամ ԱԻՆ-ից գնացել, ստուգումներ են իրականացրել եւ արգելել են այդ շենքում դասեր անցկացնել: Հիմա ձեռնարկելու ենք բոլոր միջոցները, որպեսզի հողի սահքը կանխենք, շենքը ամրակայենք»,-մանրամասնեց նա:
Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ինքն անձամբ խոսել է կառուցապատողի հետ, որը գտնվում է Շվեյցարիայում: Պարոն Գալստյանը բացատրել է իրավիճակը եւ ներկայացրել, թե հուշարձան-շենքն ինչ կարեւորություն ունի Երեւանի համար. «Կառուցապատողը հորդորեց կապ հաստատել իրենց շինարարների հետ եւ շենքն ամրակայելու համար արագ լուծումներ գտնել: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը եւ ես կառույցի վիճակը եւ հարակից տարածքում իրականացված աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով այցելել ենք Արամի փողոց, ծանոթացել ենք նախագծերին, խոսել շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ղեկավարի հետ, հանդիպել երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:
Ավելի ուշ Քաղաքաշինության կոմիտե են հրավիրվել կառուցապատող եւ շինարարական ընկերությունների ներկայացուցիչները ստեղծված իրավիճակում հարցի լուծման եղանակ գտնելու նպատակով»,-տեղեկացրեց փոխնախարարը:
Նա նաեւ հավելեց, որ սեպտեմբերի 17-ից սկսվել է աշխատանքային պրոցեսը, սեպտեմբերի 18-ին էլ հանդիպում է տեղի ունեցել շինարարների հետ, եւ առաջիկայում հրատապ կարգով գործողություններ կիրականացվեն շենքի փլուզումը կանխելու ուղղությամբ:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՍԵԼՖԻԻ ԺԱՄ՝ ՆԱԽԱՐԱՐԻ «ԱՆԿՐԿՆԵԼԻ ԳԱՂԱՓԱՐԸ»
Սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումներին` նշելով, որ դրանք լինելու են ապակենտրոնացված ու բազմաժանր. «Նախատեսված է հատուկ ժամ Հանրապետության հրապարակում, որը պայմանականորեն անվանել ենք «սելֆիի ժամ»։ Այս ժամին քաղաքացիները կկարողանան նկարվել հայտնի գործիչների հետ»,- տեղեկացրել է Լիլիթ Մակունցը։
Այս հայտարարությունը հայ հանրության շրջանում բուռն քննարկումների տեղիք է տվել: Մշակույթի մի շարք գործիչներ նախաձեռնությունը համարում են զավեշտալի եւ խայտառակ:
Երգահան Մարինա Թագակչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ չի ուզում հավատալ նախարարի հայտարարությանը. «Կա՛մ ես եմ հիմար, որ չեմ հասկանում դրա լրջությունը, կա՛մ էլ ինքն է հումոր արել. ուզում եմ այդպես մտածել: Չեմ ուզում հավատալ, որ նախարարն այդ աստիճան պրիմիտիվ բան է առաջարկել: Այդ ինչքա՞ն է պրպտել, որ գտել է այդքան լուրջ օրվա հետ կապված մարդկանց գրավելու ժամ: Երեխայիս մանկապարտեզի դաստիարակչուհու մտքով անգամ նման բան չէր անցնի: Ավելի լավ է ոչինչ չանել, քան մի բան արած լինելու համար սելֆիի ժամ հայտարարել»,-ասաց նա:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ նկատեց, որ մշակույթի նախարարը չի դադարում զարմացնել իր «անկրկնելի գաղափարներով». «Հիմա էլ պարզվեց, որ Հայաստանում նոր մշակույթ է ձեւավորվել՝ սելֆիի մշակույթը: Հավանաբար, դա մեր մշակույթի բարձրագույն դրսեւորումներից մեկն է, այդ պատճառով էլ այն որոշել են ցուցադրել անկախության օրվան նվիրված միջոցառումների ժամանակ: Ի՞նչ ասել է՝ հայտնի գործիչ, նրանց հետ նկարվելու պրոցեսի մեջ ո՞րն է մշակութային մոտեցումը, հոգեւոր մոտեցումը: Ի՞նչ է տալիս դա մարդկանց: Եթե մշակույթի նախարարությունը որոշել է աշխատել կառավարության փիարի վրա եւ լուսանկարների միջոցով զուտ գովազդային խնդիրներ է լուծում, դա այլ հարց է: Մյուս կողմից՝ ո՞վ եւ ի՞նչ չափանիշներով է որոշելու՝ ով է հայտնի գործիչը, ով՝ ոչ: Կարծում եմ՝ մինչեւ այս գլուխգործոց-նախաձեռնության մասին որոշում կայացնելը նախարարը պետք է մի փոքր խորհեր եւ հասկանար, որ ծիծաղելիից մինչեւ ողբերգականը կես քայլ է»,-եզրափակեց նա:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
«Վեստ Հեմ»-ի անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը վիրահատվել է: Նա ոտնաթաթի վնասվածք էր ստացել: 26-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի վեց շաբաթ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ուիլշիրը մասնակցել է չորս հանդիպման, ստացել է երկու դեղին քարտ: Հիշեցնենք, որ 2008-2018 թվականներին Ուիլշիրը եղել է Լոնդոնի «Արսենալ»-ի խաղացող: Նա այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակում երեք տարվա պայմանագիր կնքեց «Վեստ Հեմ»-ի հետ:
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է Չեմպիոնների լիգայի մեկնարկող խմբային մրցաշարում Արքայական ակումբի խնդիրների մասին:«Չեմպիոնների լիգայում ամեն հանդիպումը կարեւոր է: «Ռեալ»-ն աշխարհի լավագույն ակումբն է եւ ամեն տարի պետք է ապացուցի այս մրցաշարում: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք կրկնել հաջողությունը: «Ռեալ»-ը միշտ էլ ֆավորիտի դերում է»,-ասել է Բենզեման: Հիշեցնենք, որ առաջին տուրում «Ռեալ»-ը կընդունի իտալական «Ռոմա»-ին: Այսօր` սեպտեմբերի 19-ին, կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
ՄԵՍԻՆ ԵՐՋԱՆԻԿ Է
«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահ է, որ թիմի ավագ դառնալուց հետո արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին փոխվել է: «Մեսին շատ երջանիկ է այստեղ: Նա չափազանց ուրախ է շարունակել հաղթել «Բարսելոնա»-ի հետ: Լիոնելը փոխվել է` որոշելով ստանձնել ավագի պարտականությունները եւ պատասխանատվությունը թիմի համար»,- խոսել է Բարտոմեուն: Նշենք, որ Մեսին «Բարսելոնա»-ի ավագ է դարձել այս ամռանը` իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հեռանալուց հետո: Իսպանիայի առաջնության չորս տուրից հետո «Բարսելոնա»-ն 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Հեղինակավոր «WhoScored» վիճակագրական կայքը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի` «Ուրալ»-«Ռոստով խաղում ֆուտբոլիստների գնահատականները: Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը ստացել է ամենաբարձր` 7.7 գնահատականը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով, իսկ տանտերերի կազմում միակ գնդակը հեղինակել է հենց Հարոյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: