ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ, ՓԱՍՏՈՐԵՆ, ՉԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության հրապարակումից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում ստեղծվեց քննիչ հանձնաժողով: Ու սա չնայած այն հանգամանքին, որ տեղի ունեցածի վերաբերյալ երկու քրեական գործ է հարուցված, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքը քրեական գործի առկայության պարագայում արգելում է քննիչ հանձնաժողովի ձեւավորումը (քրեական գործերից մեկը հարուցվել է գաղտնալսելու կապակցությամբ, մյուսը՝ հեռախոսազրույցի բովանդակության օրինականության հետ կապված): Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստն էր: Բայց ամենաուշագրավը հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարություններն էին, երբ իր հարցազրույցում նա պնդել է, որ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունից պարզ է, որ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում կամ միջամտություն չի եղել։ Հակառակը, նա պնդում է, որ նշված երկու պաշտոնյաները քրեական գործով մտահոգություններ են հայտնել։ «Իմ կարծիքով, միջամտության մասին խոսք չկա, այլ խնդիրը վերաբերում է ԱԱԾ պետի մտահոգվածությանը, թե արդյոք հիմնավոր է ու բավարար չափով ապացուցված, որ այսինչը կամ այնինչը կալանավորվի ու կալանքից բաց թողնվի։ Այսինքն՝ ես այստեղ առերեւույթ միջամտության տարրեր չեմ տեսնում»,- ասել է Կոստանյանը։ Փաստորեն, ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը եւս պնդում է, որ դատական իշխանության վրա միջամտություն չի եղել, արդարադատությունը չի խոչընդոտվել: Ու սրանով, ըստ էության, Գեւորգ Կոստանյանը լավագույնս հիմնավորում է ԱԺ քննիչ հանձնաժողովի գոյության անիմաստ լինելը, որ այն ձեւավորվել է ընդամենը քաղաքական նպատակներով, Փաշինյանի կառավարության դեմ «խաղեր տալու» եւ նոր իշխանությանը սեւացնելու համար:

 

 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Գարեգին Բ կաթողիկոսի եւ ՀՀ նոր իշխանությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վեհափառը այն կթողնի հիվանդության հիմքով: Ի դեպ, այս ընթացքում արդեն լուրեր են տարածվում, որ նա հիվանդ է, առողջական խնդիրներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին, ով ասաց. «Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսեւորել են պատշաճ հարգանք եւ գնահատել են Հայոց Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»:

 

 

Հայաստանում այսօր պահնորդական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած 54 կազմակերպություն կա, սակայն դրանց մի մասը գործունեություն չի ծավալում որեւէ մեկի հետ պայմանագիր չկնքելու հետեւանքով: Ուշագրավն այն է, որ մինչեւ պահնորդական ընկերություններում աշխատանքի անցնելը տվյալ մարդիկ պետք է համապատասխան կրթություն ստանան. այդպես է նախատեսված 2012թ. ԱԺ ընդունած «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքով: Ըստ այդմ սահմանված է թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե պահնորդական ընկերություններին գործունեության լիցենզիա տալիս է ՀՀ ոստիկանությունը, ապա այդ մարդկանց կրթություն տալու լիցենզիան էլ տրամադրում է Կրթության եւ գիտության նախարարությունը: Ասել է թե` այս կամ այն անձի թիկնապահ աշխատել-չաշխատելու հարցը հիմա կախված է նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից:

 

 

ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Հրազդանի քաղաքապետարանում, եւ արդյունքում հայտնաբերվել են բավական լուրջ չարաշահումներ: Չարաշահումների հիմնական պատասխանատուն, բնականաբար, նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն է: Վերջինս փորձել է համայնքային միջոցները ծառայեցնել իր եղբոր բիզնեսին շահույթ ապահովելու համար: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում բացահայտվել է՝ 2017-2018 թվականներին Հրազդանի քաղաքապետարանը համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների համար «Դանիել-Ա» ընկերությունից ձեռք է բերել մոտ 26.5 մլն դրամի չափով սեղմված գազ, իսկ 2018 թվականին` 32 մլն 240 հազար դրամի չափով: Իսկ «Դանիել-Ա» ընկերության հիմնադիրը, ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների, Անաստաս Դանիելյանն է` Հրազդանի նախկին քաղաքապետի եղբայրը: Սա բացահայտումների մի մասն է միայն: Թե ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը, արդյոք դրանց կապակցությամբ քրեական գործեր կհարուցվեն ու նախկին համայնքապետը պատասխանատվության կենթարկվի, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Դանիելյանը մշտապես քաղաքապետ է դարձել կեղծված, կասկածելի ընտրությունների արդյունքում:

 

 

ՈՒՐՎԱԳԾՈՒՄ Է
Պատմում են` երբ Ռոբերտ Քոչարյանը 1997թ. նշանակվել էր ՀՀ վարչապետ, այդ կապակցությամբ կառավարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ հենց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությամբ ասել էր, որ ինքը սովոր չէ երկրորդը լինելուն: Քոչարյանի` վարչապետ դառնալուց հետո` մոտ մեկ տարի անց` 1998թ. փետրվարին, տեղի ունեցավ ներպալատական հեղաշրջումը. նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնի ուժերի պահանջով հրաժարական ներկայացրեց: Այս պատմությունը հիշեցինք «Կոմերսանտ» թերթին Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո: «Ինձ ավելի է դուր գալիս, երբ ինձ դիմում են «պարոն նախագահ», քան «պարոն վարչապետ»»,- հայտարարել է նա: Ու այդքանից հետո որքան էլ Քոչարյանը նույն հարցազրույցում պնդել է, որ ցանկանում է քաղաքականություն վերադառնալ «ոչ իշխանություն ստանալու համար», միեւնույն է, համոզիչ չի հնչում:
Քոչարյանը նույն հարցազրույցում անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իր հասցեին հնչեցրած «քաղաքական դիակ» որակավորմանը: Նա պնդել է, որ Փաշինյանը վախենում է իրենից` համարելով քաղաքական հակառակորդ: Ըստ նրա` հասարակության մի հատվածը հասկանում է՝ ինքը կարող է նորից հասնել այնպիսի տնտեսական հաջողությունների, ինչպիսիք եղել են իր նախագահության տարիներին, մինչդեռ հիմա տնտեսական հաջողություններ չկան:
Ըստ էության, Քոչարյանն այսպես ուրվագծում է իր առաջիկա «պայքարի» հիմնական քարոզչական մեխերը. նա շեշտադրում է սոցիալ-տնտեսական վիճակը: Պատահական չէ, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում էլ նա ասել էր. «Երբ որ սառնարանում վիճակը շատ ավելի կվատանա, այդ դեպքում մի հատ կլսենք ժողովրդին»:
Քոչարյանն, այնուամենայնիվ, գիտի, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն ինչ ծանր ժառանգություն է թողել Փաշինյանի կառավարությանը, ինչ քայքայված վիճակում է տնտեսությունը: Ուստի ահռելի ջանքեր կպահանջվեն իրավիճակը կայունացնելու եւ զարգացման ուղին բռնելու համար: Հիմա Քոչարյանի հույսը մեկն է. մինչ նոր կառավարությունը կսկսի տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ քայլեր անել, մինչ նոր կառավարության քայլերը շոշափելի արդյունքներ կտան, հասարակության մի ստվար հատված հասցրած կլինի հիասթափվել: Եւ իրենք կփորձեն հասարակության մի հատվածի դժգոհություններն ուղղորդել նոր կառավարության դեմ:
Այնպես որ հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է շեշտը դնի տնտեսական իրավիճակի բարելավման, շոշափելի արդյունքներ գրանցելու վրա: Միաժամանակ, Փաշինյանը ճիշտ կաներ, եթե չթերագնահատեր հակառակորդներին, որքան էլ որ նրանց հրապարակավ անվանի քաղաքական դիակներ:




Լրահոս