Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը վերջին օրերին բավականին թեժ ընթացք է ստացել: Իրավիճակը սրվել է հատկապես ԲՀԿ-ի, «Իմ քայլը» եւ «Լույս» դաշինքների միջեւ:
ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ` իրենց հանդեպ պետական մակարդակով տեռոր է իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթը լարված նախընտրական քարոզարշավի, ԱԺ-ի ցրման եւ այլ հարցերի շուրջ զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
-Պարո՛ն Աղազարյան, Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված քաղաքական ուժերի միջեւ իրավիճակը բավականին լարվել է: Ինչո՞ւ այսպիսի իրավիճակ ստեղծվեց:
-Կարծում եմ` այդ ամենը պայմանավորված է մրցակցային պայքարի տրամաբանությամբ:
-Բայց դա մի քանի օր է` վերածվել է վիրավորանքների: ԲՀԿ-ից Գեւորգ Պետրոսյանը իր խոսքում նշել է, որ «Իմ քայլը» դաշինքն է սկսել կռիվը: Նրա խոսքով` ֆեյսբուքում վերջինիս համակիրները հայհոյանքներ են գրում ԲՀԿ-ի հասցեին:
-Սոցցանցերում գրված այդ արտահայտություններին չպետք է լուրջ վերաբերվել: Մեծ մասը գրվում է ֆեյք օգտատերերի կողմից: Անհնար է հստակեցնել` ովքեր են դրանք գրողները: Գուցե դա արվում է ինչ-որ երրորդ ուժի կողմից` քաղաքական ուժերի մեջ սեպ խրելու մտադրությամբ: Հետեւաբար, դրա վրա հենվելով գնահատական տալը ճիշտ չէ:
-Վերջին շրջանում լարված են նաեւ «Լույս» եւ «Իմ քայլը» դաշինքների քաղաքական հարաբերությունները: Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, թե կարծում է` վարչապետը ներողություն կխնդրի ժողովրդից եւ իրենցից հասարակությանը ու քաղաքական ուժերին սեւի ու սպիտակի բաժանելու համար: Կիսո՞ւմ եք վերջինիս կարծիքը:
-Ես չեմ կարծում, որ պարոն Փաշինյանը պետք է ներողություն խնդրի: Ես համաձայն եմ այդ բաժանման հետ, բայց սա այն բաժանումը չէ, որի մասին խոսում է պարոն Մարուքյանը: Այն մարդիկ, այն քաղաքական ուժերը, ովքեր իրենց դիրքորոշմամբ եւ գործելաոճով մոտ են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքին, դրանք սեւերն են: Ով իրեն համարում է այդ առանցքին մոտ, ուրեմն թող ընդունի, որ ինքը սեւ է, իսկ ով իրեն չի տեսնում այդտեղ, ուրեմն սպիտակ է: Այս բաժանման մեջ վիրավորական բան չկա: Սա պայմանական բաժանում է, որովհետեւ աշխարհընկալման, արժեհամակարգի հարցն է դրված: Այս բաժանումը կարելի է անել նույնիսկ մեկ անձի գոյության դեպքում, որովհետեւ եթե այսօր մեր հայրենիքում կա մեկը, ով ինչ-որ իմաստով դրական էմոցիաներ ունի Ռոբերտ Քոչարյանի նման անձի նկատմամբ, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք: Այնպես որ, թող պարոն Մարուքյանը այդ բաժանումից չվիրավորվի:
-ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ասել է` Նիկոլ Փաշինյանը հոգեկան ծանր վիճակում է, որովհետեւ իր թիմը լավը չէ: Արդյոք այդպե՞ս է:
-Նաիրա Զոհրաբյանը բավականին փորձված քաղաքական գործիչ է, եւ ինքը շատ լավ գիտի, որ երբեմն-երբեմն կարելի է մտքեր արտահայտել, որի համար հետո կարող է նաեւ պատասխան չտալ: Պահի տրամադրվածությունից թելադրված խոսքեր է ասել ինչ-որ բաներ շահելու համար: Սա գուցե տրամաբանված է մրցակցային իրավիճակով: Մենք բոլորս տեսնում ենք, որ վարչապետը շատ լավ վիճակում է գտնվում: Իհարկե, նա նույնպես կարող է տրվել էմոցիաներին եւ որոշ մտքեր արտահայտել միգուցե ոչ այն տոնայնությամբ, որը ցանկալի է բոլորի համար: Բայց Նաիրա Զոհրաբյանի կողմից նման գնահատական հնչեցնելը միայն ու միայն հետապնդում է տվյալ պահի համար համահունչ նպատակ:
-Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ եթե ամեն ինչ այսպես ընթանա, ԲՀԿ-ն կողմ չի լինի ԱԺ-ն լուծարելուն: Իրոք հնարավո՞ր է այդպիսի բան:
-Եթե մի հսկայական քաղաքական ուժ ինչ-որ ճանապարհ է որդեգրել եւ պատրաստ է ինչ-որ տեղ նաեւ սարքովի իրավիճակում դիրքորոշում փոխել, ապա սա խոսում է տվյալ քաղաքական ուժի որակի մասին: Եթե անդրադառնանք հարցի բովանդակությանը, ապա կարող եմ ասել, որ միեւնույնն է, ԲՀԿ-ն ուզի, թե չուզի, նրա անդամների մի մասը հաստատ կլինեն այն դիրքերում, որը ավելի հարիր է Ռոբերտ Քոչարյանի որդեգրած քաղաքականությանը , եւ հետեւաբար, ԱԺ-ն ցրելու գործընթացը հենց ԱԺ-ի միջոցով այս պահին արդեն անհնար է դառնում: Մենք պետք է գնանք հանրաքվեների ճանապարհով: Իրենց սպառնալիքը ո՛չ ընդունելի է եւ ո՛չ էլ անակնկալ է մեզ համար:
-Արդյոք կա՞ ԱԺ-ն ցրելու խիստ անհրաժեշտություն:
-ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է դառնան հեղափոխության առաջին փուլը եզրափակող գործընթաց: Այս պահին կա որոշակի քաղաքական անկայունություն, որը պետք է վերացնել: Իսկ դա կարելի է անել միայն ԱԺ արտահերթ ընտրությունների շնորհիվ:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՆՏԱԺԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթն, ըստ էության, պատասխանն էր կառավարությունում իր գործընկեր, իսկ ավագանու ընտրություններում մրցակից ուժերին: Փաշինյանը բաց տեքստով հասկացրեց, որ իր հետ քաղաքական շանտաժի լեզվով հնարավոր չէ խոսել:
Ինչպես հայտնի է, նախընտրական այս օրերին լարվել են «Իմ քայլը» դաշինքի հարաբերությունները մի կողմից ԲՀԿ-ի, մի կողմից «Լույս» դաշինքի հետ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե այսպես շարունակվելու դեպքում իրենք կմտածեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ օրենսդրական նախագծերին կողմ քվեարկելու մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավորներից «Հանրապետություն կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը չէր բացառել, որ իրենք կդադարեցնեն Փաշինյանի կառավարության հետ համագործակցությունը, եթե իրավիճակը շարունակի լարվել: Եւ ահա երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ հայտարարություններին, նշեց. «Ասում են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չենք ուզում, թե նպատակահարմար չէ, այսինքն` ուզում էիք ասել՝ նպատակահարմա՞ր էիք գտնում ինձ վարչապետ ընտրել, դրա համար էլ ընտրեցի՞ք: Այսինքն` ուզում եք ասել` դո՞ւք եք որոշում: Դուք չե՞ք հասկացել` ինչ է կատարվում: Նպատակահարմարը է՛ս մարդիկ պիտի համարեն, ժողովո՛ւրդը պիտի համարի: Դուք, կներեք, ո՞վ եք, որ նպատակահարմար համարեք, ախր: Ընենց ասում են՝ մենք արտահերթ ընտրությունները երեւի որոշենք, որ չլինի, այսինքն` իրենք ուզում են ասել, որ իրե՞նք են որոշել, որ ես վարչապետ ընտրվեմ: Դարդն այդ չի, հիմա այս պրոցեսը շարունակվում է,, ու խորհրդարանում գտնվող այլ քաղաքական ուժեր ասում են՝ դե երեւի մենք էլ դեմ լինենք, որ արտահերթ ընտրություններ լինեն: Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք:… Այդպիսի մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից ՀՀ-ում կարա քաղաքական իրավիճակը փոխվի, դա ժողովուրդն է, ուրիշ այդպիսի ուժ չեմ տեսնում, չկա՛ այդպիսի ուժ ՀՀ-ում»,- հայտարարեց Փաշինյանը: Նա միաժամանակ հիշեցրեց, որ երբ ինքը սկսել էր թավշյա հեղափոխության գնալ, նույն այդ ուժերը սկզբում չկանգնեցին իր կողքին, այլ բանակցում ու համագործակցում էին Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Երեկ Փաշինյանը նաեւ նշեց. «Էդ մարդիկ ասում են՝ մենք հեղափոխություն ենք արել, բայց մինչեւ հիմա չեն հասկացել՝ էդ ի՞նչ հեղափոխություն էր, դուք սկի գլխի չեք ընկել, թե ինչ է նշանակում հեղափոխություն, ո՞նց կարաք դուք հեղափոխություն արած լինեք»:
Այս հայտարարությունները, թերեւս, պատահական չեն: Փաշինյանը մտադիր է ամեն գնով հասնել նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունների, առավել եւս, երբ խորհրդարանի կողմից հաստատված ՀՀ կառավարության ծրագրում եւս այդ մասին դրույթ կա: Ու այլեւս ակնհայտ է, որ Փաշինյանը «նեղն ընկած պահին» ԱԺ արտահերթ ընտրություններ պարտադրել է համաժողովրդական ճնշման միջոցով, ինչպես վարվեց թավշյա հեղափոխության ժամանակ, երբ ԱԺ-ում ՀՀԿ-ն դիմադրում էր` չուզելով իրեն ընտրել վարչապետ: Հիմա ակնարկելով ժողովրդի որոշման մասին, հայտարարելով, որ ժողովուրդն է հեղափոխություն արել` Փաշինյանը հասկացնում է՝ նույն ժողովրդի պարտադրանքով կհասնի նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունների:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ
ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում գտնվող ուժերը հայտնվել են անելանելի վիճակում եւ չեն կողմնորոշվում` ինչպես վարվել: Բանն այն է, որ այս իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսել է քննադատել նաեւ ժամանակավոր կառավարության կազմում գտնվող ուժերին, վերջերս կանգնել են երկընտրանքի առջեւ եւ չգիտեն` ինչպես վարվել` հրաժարական տա՞լ պաշտոններից, թե՞ սպասել, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ նրանց ազատի աշխատանքից: Մեզ հետ մասնավոր զրույցներում ուժերի ներկայացուցիչները նշում էին, թե դուրս գալը կմեկնաբանվի, թե Նիկոլ Փաշինյանին մենակ են թողնում, իսկ դուրս չգալն էլ եւս քննադատվում է: Եվ կառավարության ուժերը գտել են օպտիմալ տարբերակ. նրանք կսպասեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անձամբ նրանց ազատի աշխատանքից:
ԿՏՐՎԵԼ Է ՈՒ ՉԻ ԸՆՏՐՎԵԼ
Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի շուրջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումների արդյունքում լարված կրքերը դեռ չեն հանդարտվում: Երեկ պարզ դարձավ, որ արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվելու: Իսկ ահա երեկվա` սեպտեմբերի 19-ի կայացած մրցույթում հաղթող թեկնածու չի եղել: Սակայն ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Սամվել Դանիելյանը չի բավարարել մրցույթի պահանջները եւ «կտրվել է քննությունից»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սամվել Դանիելյանը համարվում է Թորոսյանի` արյունաբանական կենտրոնի տնօրենի ցանկալի թեկնածուն: Ու հիմա, փաստորեն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է չհանձնվել եւ նոր մրցույթ հայտարարել: Հավանաբար, նա փորձելու է Դանիելյանին կրկին այդ պաշտոնում «առաջ մղել»:
Ի դեպ, Սամվել Դանիելյանը երկրից հեռացել էր, բայց իշխանափոխությունից հետո վերադարձել եւ առաջին օրվանից լծվել էր արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար պայքարին: Ավելին, Դանիելյանը նախկինում մտերիմ եղել է ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, հիմա էլ մտերիմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հետ: Կարծես թե Դանիելյանի մոտ սովորություն է ՀՀ ղեկավարների տիկնանց հետ մտերմանալն ու այդ ամենն օգտագործել գործնական դիրքերը ամրապնդելու համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ Թորոսյանը առանց որեւէ հիմնավորման աշխատանքից ազատել էր պրոֆեսոր, Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին: