ՕԼԻԳԱՐԽ` ԵՐԵՔ ԹԻԿՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՄԵԿ ՄԵՔԵՆԱՅՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատարած ռեյդ սկսելու, օլիգարխների թիկնազորին զինաթափելու հրահանգին: Մենք գրել էինք, թե ամենեւին էլ պատահական չէ, որ Փաշինյանը հենց հիմա հիշեց հայտնի անձանց թիկնազորի մասին: Ստացվում է` նույն օլիգարխներն օրինական են պահում թիկնազոր` ի դեմս պահնորդական կազմակերպությունների աշխատակիցների: Ընդ որում, այդ պահնորդական ընկերությունները պատկանում են հենց հայտնի անձանց եւ շատ ժամանակ պահպանում են հենց նրանց անվտանգությունը:

Նշենք, որ մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը Հայաստանում պահնորդական եւ թիկնապահական գործունեություն իրականացնող մասնավոր կազմակերպությունները գործում էին բաց դաշտում առանց օրենսդրական կարգավորման եւ չափորոշիչների: 2012 թ. փետրվարի 9-ին Ազգային ժողովը վավերացրեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ մտավ 2013-ի հունվարին), որով սահմանվեցին մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պետական եւ այլ մարմինների հետ համագործակցության կարգը եւ այլն:
Սակայն փաստորեն մինչեւ պահնորդական ընկերություններում աշխատանքի անցնելը տվյալ մարդիկ պետք է համապատասխան կրթություն ստանան, որը եւս կանոնակարգված է 2012 թվականին ընդունված օրենքով: Ըստ այդմ` սահմանված է թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները: Եվ եթե պահնորդական ընկերություններին գործունեության լիցենզիա տալիս է ՀՀ ոստիկանությունը, ապա այդ մարդկանց կրթություն տալու լիցենզիան էլ տրամադրում է Կրության եւ գիտության նախարարությունը:
Այսօր շուկայում լիցենզավորված է 54 պահնորդական կազմակերություն, որոնց մի մասը գործունեություն չեն ծավալում, քանի որ համապատասխան պայմանագրեր չկան։ Իսկ ուսումնական հաստատություններն այնքան էլ շատ չեն: Դրանցից է նաեւ «Բերկուտ» թիկնապահական եւ պահնորդական ուսումնական կենտրոնը: Մենք զրուցեցինք կենտրոնի տնօրեն Վահագն Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց կարգի վերաբերյալ: Նախ նա մանրամասնեց, որ լիցենզավորված ուսումնական հաստատություններում դասընթացներ անցնելուց հետո ստանում են համապատասխան վկայական կրթություն ստանալու մասին` պահնորդի կամ թիկնապահի որակավորմամբ:
«Օրինական են համարվում այն թիկնապահները, ովքեր որ, համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի, լիցենզավորված ուսումնական հաստատությունում անցել են թինապահի դասընթացներ, ստացել են թիկնապահի որակավորում ոստիկանության կամ լիազոր մարմնի կողմից: Ուսուցումը ավարտելուց եւ վկայականը ստանալուց հետո նրանք հանձնաժողովում քննություն են հանձնում եւ դրանից հետո նրանք համարվում են օրինական դաշտում աշխատող թիկնապահներ», – նշեց նա: Ընդ որում, Հարությունյանը նշեց, թե սովորելու համար սահմանափակում չկա, այդ թվում` տարիքային: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչին եւ դրա անհրաժեշտությանը` Հարությունյանը նշեց. «Համաձայն օրենքի` պատվիրատուին պետք է ուղեկցեն 3 թիկնապահ եւ մեկ տրանսպորտային միջոց: Այսինքն` բացի պատվիրատուի մեքենայից եւս մեկ մեքենա կարող է ուղեկցել: Խոսքն ուղեկցող մեքենայի մասին է, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքը կամ կոչը վերաբերում է այն դեպքերին, որ մենք սովոր ենք տեսնելու այսօր: Բնականաբար, դա արդեն օրենքի խախտում է, եւ խոսքը վերաբերում է դրան»:
Հավելենք, որ թիկնապահական ծառայություններ են իրականացնում նաեւ պահպանության վարչությունում, որտեղ կա անձի պաշտպանության բաժին, այսինքն` հնարավոր է` մարդիկ աշխատեն այդ բաժնում եւ թիկնապահական ծառայություններ իրականացնեն: Եվ իսկապես այս ոլորտը կանոնակարգման կարիք ունի, եւ եթե վարչապետը ցանկանում է զինաթափել, ապա պետք է ոչ թե կենտրոնանա մեկ-երկու մեքենայի վրա, այլ կատարի փոփոխություններ ոլորտում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՍԱՐՈՅԱՆԸ ԼԱՎԱՑԵԼ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը մինչեւ այս ամսվա վերջ Ռուսաստանի Դաշնությունից կվերադառնա Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Սեյրան Սարոյանը մեկնել է Մոսկվա: Լուրեր էին շրջանառվում, որ նա մշտական բնակություն է հաստատելու: Սակայն նրա օգնականը տեղեկացրել էր, որ իրականում ՀՀԿ-ական պատգամավորը մեկնել է այնտեղ ամբողջական բուժման: Սեյրան Սարոյանը ՌԴ-ում ստացել է ամբողջական բուժումը եւ հիմա, փաստորեն, վերադառնում է Հայաստան: Հետաքրքիր է՝ արդյոք նա կշարունակի՞ մասնակցել ԱԺ նիստերին:

 

 

ՀԱՍԱՎ ՀՔԾ
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակման միջադեպով հարուցված գործը քննելու է Հատուկ Քննչական ծառայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման որոշում է կայացվել` հաշվի առնելով, որ գործով ներգրավված է եղել ոստիկանության աշախատակից: Հիշեցնենք, որ Օգոստոսի 28-ին 3 անձինք զինված հարձակվել էին Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա: Մկրտումյանին ու որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին: Մյուս երկուսը փախուստի էին դիմել: Պարզվել էր, որ վնասազերծված անձը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան հայտնաբերել էին Վրաստանում: Այժմ իրավապահները Վրաստանի հետ քննարկում են նրա արտահանձնման հարցը: Երրորդ անձն էլ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանն է, որը ծառայել է ՀՀ ոստիկանությունում, կոչումով ավագ:

 

 

ՉԻ ԳՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ
Տեւական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ որոշ տեղեկությունների` նա Հայստանում նոր քաղաքական իրավիճակի հետ կապված մտադիր է հրաժարական տալ` ազատվելով ռեկտորի պաշտոնից: Սակայն Արամ Սիմոնյանը այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցը լսելուց անմիջապես հետո արձագանքեց. «Սուտ եւ կեղծ լուրեր են: Այդպիսի բաներ չկան: Այդ մարդիկ շատ մեծ հույսեր ունեն, որ ես դիմում կգրեմ, բայց ես չեմ գրել եւ չեմ էլ պատրաստվելու գրելու: Ոչ, ես ընտրված ռեկտոր եմ եւ ունեմ իմ ժամկետը»: Հիշեցնենք, թավշյա հեղափոխությունից հետո Արամ Սիմոնյանի դեմ «ԵՊՀ ռեսթարթ» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ էր անցկացնում` պահանջելով ռեկտորի հրաժարականը: Սիմոնյանը փորձել էր հանդիպել նախաձեռնության անդամների հետ, բայց այդ հանդիպումը վերածվել էր վեճի, որի ժամանակ ռեկտորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ու նա տեղափոխվել էր հիվանդանոց:

 

 

ԱՌԱՆՑ ՈՒԺԻ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի կիրառման` բացառապես խաղաղ ճանապարհով: Այս առումով ակտուալ է կողմերի ուշադրության սեւեռումը բանակցային գործընթացի ակտիվացման վրա, որի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության շուրջ գագաթաժողովի ընթացքում` Ժնեւում 2017թ.-ի հոկտեմբերին»:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը երեկ հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: ՀԱԿ-ից փոխանցում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական գործընթացները, մասնավորապես՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը, ժողովրդավարության խորացման, անցումային շրջանում պետական կառավարման եւ արդարադատության խնդիրները, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը:

 

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել են Երեւանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները: Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ` 03.09.2018թ.-ին, ընտրողների թիվը եղել է 850 124: Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ ընտրողների թիվը 848 343 է:

 

 

ՄԱՔՈՒՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը քննարկումներ է ունեցել «Սանիթեք» ընկերության տնօրենի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ, ինչի արդյունքում «Սանիթեք»-ն արդեն 2 անգամ տուգանվել է: Նախարարի խոսքով` շուտով ՀՀ կբերվի հինգ նոր աղբահան մեքենա, որոնք աղբահանության հարցի լուծումն ավելի հեշտ կդարձնեն: Պապիկյանի խոսքով` իրենք ապահովագրական որոշակի քայլեր են ձեռնարկել եւ քննարկել են, որ Երեւանի տոնի եւ Ֆրանկոֆոնիայի միջոցառումերի ընթացքում, ըստ անհրաժեշտության, այլ համայնքներից տեխնիկա կբերվի. «Անկախ «Սանիթեք»-ի աշխատանքից` վստահ կարող ենք ասել, որ առաջիկա միջոցառումներին պատրաստ ենք հյուրերին ընդունել պատշաճ, ընդունել համահայկական մայրաքաղաքում, կլինի մաքուր մայրաքաղաք»:

 

 

ԿՈՄԻՏԵԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լեւոն Մելիքյանին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու վերաբերյալ:

 

 

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
Երեկ ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթեւոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս նա մահացել է:

 

 

ՆՈՐ ՏՆՕՐԵՆ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն է նշանակվել Լուսինե Քոչարյանը: Թափուր պաշտոնի մրցույթը կայացել էր օգոստոսի 28-ին, որի ընթացքում հաղթող էր ճանաչվել նշված թեկնածուն: Մրցույթի արդյունքները բողոքարկվել էին, բայց, ի վերջո, մնացել անփոփոխ:

 

 

ԳՈՐԾԱԴՈՒԼ
Երեւանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսային հ.5 երթուղու վարորդները երեկ գործադուլ էին հայտարարել: Խնդիրն այն է, որ «Էջմիածին-Երեւան-Էջմիածին» միջմարզային միկրոավտոբուսային հ.203 երթուղում շահագործվող տրանսպորտային միջոցները Կենտրոնական ավտոկայանում սահմանված վերջնակետից անօրինական ձեւով շարունակում են ուղեւորափոխադրումների իրականացումը` հասնելով մինչեւ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ: Դրա հետեւանքով խաթարվել է Երեւանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող մի շարք ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը:




Լրահոս