«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը հսկայական միլիոններ է ծախսելու Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնակատարության «Գալա» համերգային ծրագրի համար: Խոսքը 178 մլն 110 հազար դրամի մասին է: Նշենք, որ ընկերությունը պայմանագիր է կնքել «ԷյԴիՎի Մեդիա Էս» ՍՊԸ-ի հետ, եւ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, երբ հանրապետության մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ քաղաքապետարանը Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում մշակութային միջոցառումների անցկացման նպատակով հատկացրել է 138 մլն 480 հազար դրամ գումար: Իսկ պայմանագիր կնքվել է դարձյալ «ԷյԴիվի Մեդիա Էս» ընկերության հետ:
Նշենք, որ «Էյդիվի մեդիա Էս» ՍՊԸ-ն պատկանում է երեւանաբնակ Արմեն Աբրահամյանին: Այս ընկերության հիմնադիրներից է եղել վաղամեռիկ Մարկ Սաղաթելյանը: Եւ այս ընկերությանը ժամանակին վստահվել է նաեւ քաղաքի գլխավոր տոնածառի եւ ամանորյա այլ զարդարանքի աշխատանքները: