ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Հրազդանի քաղաքապետարանում, եւ արդյունքում հայտնաբերվել են բավական լուրջ չարաշահումներ: Սա, իհարկե, սպասելի էր, քանի որ ոչ վաղ անցյալում Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Եւ նա էլ ՀՀԿ-ական մի շարք այլ պաշտոնյաների նման չի զլացել մաս կազմելու ապօրինությունների շքերթին, իհարկե, իր հնարավորությունների սահմաններում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հողօգտագործման բնագավառում Կոտայքի մարզպետարանը Հրազդանի քաղաքապետարանում խախտումներ է հայտնաբերել: Օրինակ` հողամասերի ուղղակի վաճառքները տեղի են ունեցել` չպահպանելով ՀՀ կառավարության 2016 թվականի որոշման պահանջները: Բացի այս, խախտվել է նաեւ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը, ինչի արդյունքում նշանակվել է վարչական տույժ 150 հազար դրամի չափով: Կոտայքի մարզպետարանը պարզել է, որ Հրազդան քաղաքում ոչ բոլոր դեպքերում են աղբախցերը ապահովված ամուր փակվող դռներով եւ սողնակով:
Ավելին` համայնքի ավագանու կողմից հաստատված չէ սանիտարական մաքրման սխեման: Ըստ Կոտայքի մարզպետարանի` Հրազդանում բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման աշխատանքները ոչ միշտ են իրականացվում` գոնե առնվազն երկու օրը մեկ անգամ: Իսկ ահա բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի եւ աղբահավաք խցերի դեռատիզացիա չանելու մասին ավելորդ է անգամ խոսել: Այս աշխատանքները նույնիսկ երեք ամիսը մեկ անգամ չեն արվել: Շենքերի աղբամուղները եւ աղբահավաք խցերը չեն լվացվել եւ ախտահանվել ամիսը մեկ անգամ: Նկատենք, որ այս խնդիրը առկա է նաեւ մայրաքաղաքում:
Հրազդան քաղաքի կրթության ոլորտում եւս խախտումներ են հայտնաբերվել` բնականաբար նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմից թույլ տրված: Այսպես, նա առանց ավագանու համաձայնության Ալվարդ Մարտիրոսյանին նշանակել է քաղաքի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն` խախտելով «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը: Եւս մեկ խախտում. համայնքի այլեւս նախկին ղեկավարը ամեն տարի մեծ գումարներ է տրամադրել համայնքի բնակիչներին որպես օգնություն: Օրինակ` 2016 թվականին տրամադրվել է 2 մլն 80 հազար դրամ 69 բնակչի, 2017 թվականին` 20 մլն 685 հազար դրամ 653 բնակչի, իսկ ահա այս տարվա 1-ին կիսամյակում` 9 մլն 625 հազար դրամ 284 բնակչի:
Օրինակ` Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ ավագանու անդամ Սասուն Լեւոնյանը 2016 թվականից աշխատում է «Հրազդանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ում որպես մասնագետ: Մինչդեռ ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել որեւէ պաշտոն աշխատակազմում եւ համայնքային ենթակայության կազմակերպություններում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ ավագանու որոշ անդամներ ավագանու գումարված նիստերի ավելի քան կեսից բացակայել են, բայց նրանց նկատմամբ միջոցներ չեն ձեռնարկվել: Մինչդեռ ՏԻՄ ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ պետք է դադարեցվեին:
Ըստ Կոտայքի մարզպետարանի` համայնքի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների ծախսի նկատմամբ տարված հսկողության արդյունքում պարզվել է, որ «Նիսան Տիանա» մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենան 2017 թվականի հունիսի 8-ին ենթարկվել է վթարի, որից հետո ավելացել է «Գազ» 31105 մակնիշի ավտոմեքենայի բենզինի ծախսը` կազմելով 600-620 լիտր առանց մեքենայի վազքը հիմնավորող ցուցիչի տվյալների, կամ օրական 14 լիտրից մինչեւ 28 լիտր, որի գումարը ենթակա է վերադարձման` շուրջ 630 հազար դրամ: Բացի այս, անցած տարվա հունվարին քաղաքապետարանի կողմից համայնքի բնակիչներին տրվել է գումարներ: Սակայն կան մարդիկ, ովքեր երկու անգամ իրար հաջորդող ամիսներին դրամական օգնություն են ստացել: Օրինակ` Զեմֆիրա Մելիտոնյանին վճարվել է 2 անգամ 70 հազարական դրամով: Երվանդ Միքայելյանին 40 հազար դրամ հատկացվել է մայիս եւ 40 հազար դրամ էլ հուլիս ամսիներին: Ի դեպ, անցած տարվա համայնքի բյուջեի կապի ծառայություններ հոդվածով նախատեսված գումարների համար չեն սահմանվել նորմատիվներ, հատկապես բջջային հեռախոսահամարների համար, որոնք տրամադրվել են քաղաքապետին եւ մի քանի աշխատակիցներին` թվով 12 հատ անսահմանափակ րոպեավճարով: Ընդհանուր, միջազգային ռոմինգ հեռախոսազանգերը եւ SMS-ները միասին 2016-ի նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին եւ 2017-ի, 2018-ի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 մլն 895 հազար դրամ, որը ենթակա է վերադարձման:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ «Հուղարկավորության կազմակերպում» ՀՈԱԿ-ի տնօրենը իր որդու` Թադեւոս Հովհաննիսյանի հետ կնքել է էքսկավատոր մեքենայի վարձակալության պայմանագիր: Մինչդեռ Թադեւոս Հովհաննիսյանը գրանցված է նույն ՀՈԱԿ-ում որպես մասնագետ 80 հազար դրամ աշխատավարձով: Բացի այս, պարզվում է, որ անցած տարում Հրազդանում կատարվել են փողոցների ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ նորոգման աշխատանքներ, որոնց համար սահմանված կարգով իրականացվել են մրցույթներ: Հիմնականում նախագծանախահաշիվային փաստաթղթերի մասով պայմանագրերը կնքվել են «Ասպնջակ» ընկերության հետ մինչեւ 1 մլն դրամ գումարի սահմանում: Սակայն Կոտայքի մարզպետարանը պարզել է, որ տվյալ ընկերության նախկին հիմնադիր համարվել է Սիլվա Պողոսյանը, ով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կինն է: Ի դեպ, 2018 թվականի մայիսի 25-ին «Ասպնջակ»-ը պետական ռեգիստրում գրանցվել է որպես «Գմբեթ» ընկերություն, որի հիմնադիրն է Մյասնիկ Կոստանյանը, ով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետն է:
Իսկ ահա 2017-2018 թվականներին Հրազդանի քաղաքապետարանը համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների համար «Դանիել-Ա» ընկերությունից ձեռք է բերել մոտ 26.5 մլն դրամի չափով սեղմված գազ, իսկ 2018 թվականին` 32 մլն 240 հազար դրամի չափով: Բայց պարզվել է, որ հիմնադիրը, ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների, Անաստաս Դանիելյանն է` Հրազդանի նախկին քաղաքապետի եղբայրը:
Ահա թե ինչու Արամ Դանիելյանը թավշյա հեղափոխությունից մի որոշ ժամանակ անց շտապեց հրաժարական ներկայացնել: Ու չնայած Դանիելյանը հերքում էր իր պաշտոնավարման օրոք չարաշահումների մասին լուրերը, վերջին բացահայտումները միանգամայն հակառակն են ապացուցում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
37 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Ըստ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության հաշվանցումների եւ վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանի` 2018թ. ութ ամիսների ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է կամ, որ նույնն է, միասնական հաշվին է մուտքագրվել 56,5 մլրդ դրամի չափով գումար, ինչը ներառում է նաեւ 2017թ. վերջի դրությամբ հաստատված դեռեւս չվերադարձված գումարները: ՊԵԿ պաշտոնյայի փոխանցմամբ` 2017թ. ութ ամիսների ընթացքում վերադարձվել էր 37 մլրդ դրամի չափով գումար: Այսինքն` 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 52 տոկոսով:
Վերջինիս խոսքով` փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակներում ներկայում աննախադեպ հարմարավետ պայմաններ են գործում ավելացված արժեքի հարկ վճարող տնտեսական սուբյեկտների համար, ինչը հիմնավորվում է նաեւ թվային ցուցանիշներով: «Ներկայում գործում է միասնական հաշիվ փոխհատուցվող գումարների մուտքագրման պարզեցված ընթացակարգ, ինչը վերաբերում է մինչեւ 20 մլն դրամի չափով հայտերին: Դա վերաբերում է ԱԱՀ-ով զրոյական դրույքաչափով գործարքներին»,- ասել է Ա. Միրզոյանը:
49.2 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 106 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 49.2 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 44 դեպքով նշանակվել է 3.5 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաեւ իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 2.2 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես,
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 44 դեպք, հաշվարկվել է 45.7 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 580 հազար ՀՀ դրամի վարչական տուգանք:
Փայտանյութի ապօրինի տեղափոխման ընթացքում արձանագրվել է իրավախախտման 37 դեպք, հաշվարկվել է 1.3 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.6 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է ապօրինի որսի 11 դեպք, հաշվարկվել է 1.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 360 հազար ՀՀ դրամի վարչական տուգանք:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100 հազար ՀՀ դրամի չափով:
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5.2 մլն ՀՀ դրամ: