Նախօրեին Հայաստանում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել «առանց գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
Նրա խոսքով` Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն է ընդունելի իր համար: «Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին»- ասել է նա:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը, անդրադառնալով դեսպանի հայտարարություններին, ասաց, որ դրսից ինչ-որ մեկը չի կարող խոսել այդ հարցի մասին, լինի նա ամերիկացի, թե այլ ազգի ներկայացուցիչ:
«Գլուխը պատին ա տվել, թե նման հայտարարություն ա արել: Ինքը իրավունք չունի նման բան ասելու: Մենք ազատագրել ենք մեր տարածքները: Այսօր դրսից որեւէ մեկը իրավունք չունի այդ մասին խոսելու: Սա միայն մեր ժողովրդի խնդիրն ու որոշելիքն է: Վարչապետ Փաշինյանը շատ հստակ հայտարարեց, որ բանակցային կողմը Ղարաբաղն է լինելու: Մենք հանդես ենք գալու որպես միջնորդ երկիր:
Այսինքն` այս հարցում որոշողը Ղարաբաղի իշխանություններն են: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ եթե Ղարաբաղի կամ Հայաստանի ղեկավարներից մեկը նման որոշում կայացնի, նա կհամարվի ազգի դավաճան»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Դեսպան Ռիչարդ Միլսը, խոսելով Հայաստանի ժողովրդի մեծ մասի դիրքորոշման մասին այս հարցի շուրջ, նշեց, որ իր համար դա հետքայլ է:
«Այն, ինչ լսել եմ, փոքր-ինչ անհանգստացնող է, քանի որ թվում է, որ մենք հետքայլ ենք կատարել: Երբ նոր էի Հայաստան ժամանել, հայտնաբերեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը միանշանակ դեմ էին գրավյալ տարածքների վերադարձին բանակցային կարգավորման շրջանակում: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում «հող` խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,-մասնավորապես նշել է նա:
Անդրադառնալով հայտարարության այս մասին` Ռուստամ Գասպարյանը վրդովվեց.
«Ի՞նչ հետ քայլի մասին է խոսքը: Նորից եմ ասում` վարչապետը շատ ճիշտ որոշում է կայացրել: Իսկ Ղարաբաղի իշխանությունները նման բան անել չեն կարող: Սա նշանակում է` մենք ոչինչ չունենք տալու»:
Հարցին` ըստ նրա` Ղարաբաղի հարցի հետ կապված Հայաստանի դիրքորոշումը պա՞րզ է միջազգային հանրության համար, պարոն Գասպարյանը պատասխանեց, որ մեզ հարգող երկրների կողմից հասկանալի եւ ընդունելի է:
«Վարչապետը նոր բան մտցրեց բանակցային գործընթացի մեջ: Սա նոր քայլ է: Թե աշխարհը ինչպես կհասկանա սա, չեմ կարող ասել, բայց, ամեն դեպքում, սա մեզ ձեռք է տալիս: Մեզ հարգող ու սիրող երկրների կողմից, կարծում եմ, ընդունելի է: Ովքեր էլ որ Ադրբեջանամետ են, պարզ է` չեն ընդունի»:
Լուսինե մինասյան