Նոյեմբերին ԵԽԽՎ մոնիթորինգային խումբը կայցելի Հայաստան: Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն էր դիմել միջազգային կառույցին Հայաստանում մոնիթորինգ անցկացնելու խնդրանքով: Եվ ահա արդեն իսկ պարզ է, որ մոնիթորինգային խումբը` համազեկուցող Անդրեյ Շիրչելի (Սլովենիա) գլխավորությամբ, Հայաստան կայցելի Նոյեմբերին:
Մի քանի օր շարունակ ԵԽԽՎ նիստերին զուգահեռ Ստրասբուրգում էր գտնվում նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ով երեկ ամփոփելով այցի արդյունքները` նշեց, թե շատ կարեւոր հանդիպումներ է ունեցել եւ ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակը: «Ասել եմ, որ պատրաստ ենք նոյեմբերին ընդունել մոնիտորինգային խմբին Հայաստանում, պատասխանել բոլոր հարցերին, եւ որեւէ խոչընդոտ չկա նրանց աշխատանքը մեր երկրում արդյունավետ կազմակերպելու համար»,-մանրամասնել է Լենա Նազարյանը: Եվ ահա այդ նույն օրերին նման հանդիպումներ էին ունենում նաեւ պատվիրակության ՀՀԿ անդամները` Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր էլ Հայաստանում տիրող իրավիճակը հակառակ տեսանկյունից էին ներկայացնում:
Եվ այժմ գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ է լինելու մոնիթորինգից հետո, ինչ եզրակացության կգան մոնիթորինգն իրականացնողները եւ ինչ կլինի հետագայում: Եվ այստեղ երկու սցենար կարող է գործել. կա՛մ մոնիթորինգի անդամները կհայտնաբերեն, որ Հայաստանում ոչ մի խնդիր առկա չէ, կա՛մ էլ իսկապես կհայտնաբերեն խնդիրներ: Առաջին տարբերակի դեպքում դա միանշանակ վատ է լինելու այդ հարցը բարձրաձայնողների, այսինքն` Արփինե Հովհաննիսյանի եւ ՀՀԿ-ականների համար, իսկ եթե որեւէ ոլորտներում խնդիրներ հայտնաբերվեն, ապա նրանք պարզապես խորհուրդներ են տալու, թե ինչպես պետք է դրանք վերացվեն: Այլ հարց է, թե որքանով նրանց կողմից հայտնաբերված խնդիրները կարող են այդպիսիք լինել հենց Հայաստանի ներկայիս իշխանությունների համար:
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն կանխատեսում է լուրջ եւ կոշտ արձագանք, սակայն դա կախված է մոնիթորինգի արդյունքներից: Մասնագետները պնդում են, որ ստեղծված իրավիճակում արդեն եվրոպացի համազեկուցողները պետք է կարողանան որոշել, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում ով է ընդդիմություն, ով իշխանություն, եւ ով ում իրավունքները կարող է ոտնահարել, եթե, իհարկե, կա նման բան: Ընդ որում, հետագայում համազեկուցողի հայտարարության արդյունքում նախապատրաստվելու է զեկույց, այնուհետեւ փորձ է արվելու դրան տալու բանաձեւի տեսք։ Իսկ թե Հայաստանի համար որքանով է դա վտանգավոր, կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները երկրում:
Եվ փաստացի «Ելք» խմբակցության ղեկավարն այնտեղ է գործուղված եղել հիմնական վտանգները չեզոքացնելու համար, սակայն դժվար է միանշանակ ասել` դա նրան հաջողվել է, թե ոչ: Ամեն դեպքում չի բացառվում, որ Հայաստանի հասցեին ոչ դրական ձեւակերպումներ լինեն: Ի վերջո, պատվիրակության ներկայացուցիչները, եւ հատկապես` հանրապետականները, վստահ գիտեն, թե ում մոտ խոսելով եւ ում հետ հանդիպելով կարող են արդյունքի հասնել: Եվ պատահական չէ, որ այդ օրերին Ստրասբուրգում ակտիվ հանդիպումներ են ընթացել եւ հենց ՀՀԿ-ականների մակարդակով: Սակայն «Ելք» խմբակցության ղեկավարն էլ ոչ պակաս ակտիվ է եղել եւ կրկին բազմաթիվ հանդիպումներ ունեցել, հիմնականում եվրոպացի գործընկերներին կոչ է արել կարծիքներ կազմելիս չհենվել միայն հանրապետականների կարծիքների վրա, այլ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրել:
Մասնավորապես, Լենա Նազարյանի այդ խոսքերն ուղղված են եղել հիմնականում ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ նա մասնավորապես ասել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը ցույց է տվել, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է, եւ կոչ էր արել, որ Հայաստանում հարգեն ժողովրդավարական արժեքները: Եվ ահա հանդիպումների ժամանակ Նազարյանը փորձել է ապացուցել, որ Հայաստանում նման արժեքներն իսկապես հարգվում են:
Մասնավորապես, նա հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի եւ ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Վոյչեխ Սավիցկի հետ եւ տեղեկացրել, որ իրականում ՀՀ նոր իշխանություններն անչափ կարեւորում են մոնիթորինգային գործընթացը, եւ ակնկալում են, որ այսուհետ մոնիթորինգի համազեկուցողները կլսեն բոլոր կողմերի փաստարկները, այլ ոչ թե հիմք կընդունեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կարծիքը: Ընդ որում, Նազարյանը Ստրասբուրգում կրկնել է նաեւ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը պարզ չէ, թե ում շահերն է ներկայացնում: Նազարյանը, սակայն, մի փոքր փոխել է ձեւակերպումները եւ նշել, թե այդ պատվիրակությունը դեռ մեծամասամբ ներկայացնում է ՀՀԿ-ն:
Ընդ որում, Նազարյանի խոսքով` ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեն իր հետ հանդիպմանը շնորհավորել է նրանց բացառապես խաղաղ եղանակով իշխանափոխության կապակցությամբ: Եվ նրա խոսքով` ԵԽԽՎ պաշտոնյաների հայտնած միակ մտահոգությունը վերաբերում էր ԸՕ-ի փոփոխությունների ընդունման եւ ընտրությունների ժամկետին, Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը: Եվ ահա ստացվում է` Եվրոպան էլ է երկու քարի արանքում հայտնվել` ո՞ւմ հավատալ, գործող իշխանությունների՞ն, թե՞ նախկին իշխանություններին: Եվ, թերեւս, մնում է սպասել մոնիթորինգին եւ դրա արդյունքներին:
Նաիրա Հովհաննիսյան