Նոր մարզպետները. ինչով են հայտնի նոր կադրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կազմում թափուր մնացած պաշտոնները համալրված են: Երեկ կառավարության նիստում մարզպետներ նշանակվեցին, իսկ ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով նշանակվեցին նաեւ նախարարներ: Իսկ ովքե՞ր են նրանք. Արագածոտնի նորանշանակ մարզպետը Տարածքային կառավարման եւ զարգացման նախկին փոխնախարար անկուսակցական Դավիթ Գեւորգյանն է։

Նա դեռեւս 2012թ. հիմնել է «Բիզնես Քալչր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մարքեթինգային գործունեությամբ, գովազդով: Եվ կենսագրական տվյալներից դատելով` տարբեր ոլորտներում է աշխատել, նաեւ զբաղեցրել է շուկայի ուսումնասիրության մասնագետի պաշտոնը: Ընդ որում, մինչ այժմ անկուսակցական Գեւորգյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե պատրաստվում է անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Իսկ Արմավիրի մարզպետ, անկուսակցական Համբարձում Մաթեւոսյանին երեկ Նիկոլ Փաշինյանը բնութագրեց որպես «քաղաքական նախընտրություններ չունեցող կամ, ըստ էության, քաղաքական չեզոք միջավայրից եկող» անձնավորություն: Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ նշանակվեց Սյունիքի մարզպետ: Արծվիկ Մինասյանի փոխարեն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար նշանակվեց Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այդ փոխնախարար է եղել, այսինքն աշխատել է ՀՀԿ տարիներին:

Իսկ գյուղատնտեսության նախարար էլ նշանակվեց ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Գեղամ Գեւորգյանը, ով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է: Օրեր առաջ էլ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը, ով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է:




Լրահոս