ՀՅԴ-ն առաջիկայում ընդհանուր ժողով է հրավիրելու, եւ շրջանառվող տեղեկությունների համաձայն` ներսում բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու տրամադրություններ են հասունացել: Սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը, անդրադառնալով այս լուրին, ասաց, որ ընդհանուր ժողովը խնդիր ունի քննարկելու շատ հարցեր եւ միասնական որոշում կայացնելու: «Նման տրամադրություններ չկան: Ամեն ժողովից առաջ այդպիսի բաներ են հայտնվում լրատվամիջոցներում: Դա աբսուրդ է»,- ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը պատգամավորից հետաքրքրվեց` ճի՞շտ է, որ սփյուռքի «Դաշնակցությունը» գոհ չէ հայաստանյան կառույցի` գործադիր մարմնի գործելաոճից, տիկին Կյուրեղյանը պատասխանեց, որ նման բան չկա, եւ ընդամենը կարող են լինել մոտեցումների տարբերություններ: Պատգամավորից նաեւ հետաքրքրվեցինք` «Դաշնակցությունը» հստակ որոշում ո՞ւնի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ կապված, եւ եթե մասնակցելու է, ապա հնարավոր է` քաղաքական որեւէ ուժի հետ դաշինքով հանդես գա: Տիկին Կյուրեղյանն ասաց, որ իրենք անպայման մասնակցելու են ընտրություններին միայնակ, առանց դաշինքների: