Երեկ ՀՀ 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից, նախագահ Արմեն Սարգսյանն էլ Սահմանադրության համաձայն ընդունեց կառավարության հրաժարականը: Արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ իր ելույթում ընդգծեց հրաժարական ներկայացնելու պատճառները եւ խոսեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու իր տեսլականի մասին:
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու ճանապարհային քարտեզը հետեւյալն է. իմ հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում երկու անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակվում է, եւ Հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ», – նշեց նա:
Եվ չնայած Սահմանադրության 158-րդ հոդվածում ասվում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը, եւ Փաշինյանն էլ հանդիսանալու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ մինչեւ դեկտեմբերի 9-ը եւ դրանից հետո մինչ նոր խորհրդարանի եւ կառավարության ձեւավորումը Հայաստանը գտնվելու է ոչ շահեկան վիճակում հատկապես արտաքին քաղաքականության առումով: Եվ առաջին ապացույցն էլ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի անցկացման վայրի տեղափոխությունն էր, որին ռուսական կողմը հենց այդ պատճառաբանությունն էր տվել, թե պաշտոնակատարի հետ բանակցելն անլուրջ է, եւ նաեւ երբ Հայաստանում այսպիսի ներքաղաքական զարգացումներ են:
Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ առջեւում այդպիսի իրավիճակներ եւս կարող են լինել: Այստեղ հետաքրքիր է նաեւ խորհրդարանի ձեւաչափով անցկացվող գործընթացները: Նախ նշենք, որ նույնիսկ արձակվելուց հետո այս խորհրդարանը դեռ լիազորություններ է ունենալու: Այս առումով Սահմանադրության 90-րդ հոդվածն ասում է. «Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով մինչեւ արտահերթ ընտրությունների միջոցով նոր կազմավորված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը։ Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:
Եվ սա նշանակում է, որ կրկին մինչ արտահերթ ընտրությունները խորհրդարանը պետք է բնականոն գործի, նախագծեր քննարկի: Ավելին, հոկտեմբերի 29-ից խորհրդարանում մեկնարկելու են 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որն ավանդաբար տեղի է ունենում կառավարության անդամների ներկայությամբ, մեծամասամբ պատգամավորներ-կառավարության անդամներ բանավեճերով: Եվ այս անգամ տեղի ունեցող քննարկումները փաստորեն անցնելու են իրավունքի ուժով արձակված խորհրդարանի պատգամավորների եւ պաշտոնակատարների մասնակցությամբ: Հատկապես հետաքրքրական կլինի դեռեւս խորհրդարանում մեծամասնություն համարվող ՀՀԿ խմբակցության պատգամավորների զգացողությունները, որոնցից շատերը, ըստ էության, այլեւս չեն լինի հաջորդ խորհրդարանում: Եվ չնայած դրան` Սահմանադրության համաձայն` խորհրդարանը պետք է գործի թեկուզ վերջին շնչով:
Հավելենք, որ ՀՀԿ-ականները մինչեւ վերջ չեն էլ որոշել` կմասնակցեն դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին, թե ոչ: Այս առումով կուսակցության ներսում կարծես հակասություն է առկա, եւ մի մասը կողմ է մասնակցելուն եւ թեկուզ փոքր ներկայացվածությամբ ընդդիմություն լինելու, մյուս մասն էլ կտրականապես դեմ է: Եվ մինչ այս եւ մյուս ուժերը վերջին քննարկումները կիրականացնեն իրենց ճակատագրերի շուրջ, այժմ խորհրդարանում ներկայացված պատգամավորները կվայելեն իրենց մանդատի վերջին րոպեները:
Նաիրա Հովհաննիսյան