Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հիմա հիշեցին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին: Ինչպես հայտնի է, երեկ` ՀՀ կառավարության արտահերթ նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ նախկին փոխոստիկանապետի նշանակումից առաջ տեղի ունեցած քննարկումներից ու խոսակցություններից մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատվեց պաշտոնից, նորընտիր իշխանությունը ներքին քննարկումներ է ունեցել եւ որոշել է, որ ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Հունան Պողոսյանը: Մայիսի 9-ին` երեկոյան, ոստիկանության համակարգում արդեն հստակ է եղել, որ ոստիկանապետ է նշանակվելու Հունան Պողոսյանը, սակայն մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամայն այլ որոշում է կայացրել եւ որոշել է, որ ոստիկանապետ պետք է նշանակվի Վալերի Օսիպյանը:
Ինչն է խանգարել ՀՀ վարչապետին ՀՀ ոստիկանապետ նշանակել Հունան Պողոսյանին: Բանն այն է, որ 2017 թվականի Հոկտեմբերի 2-ին Հունան Պողոսյանի որդին ամուսնացել էր «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ: ԵՒ այս հանգամանքը հաշվի առնելով` նախկին իշխանությունների կապը «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ` Նիկոլ Փաշինյանը որոշել էր հետ կանգնել այդ որոշումից:
Այս ամենից հետո Հունան Պողոսյանը դիմում գրեց եւ ազատվեց փոխոստիկանապետի պաշտոնից, եւ տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չէր: Սակայն նկատում ենք, որ 6 ամիս անց իշխանությունների ներսում իրավիճակ է փոխվել, եւ ՀՀ վարչապետը, ըստ էության, նկատել է, որ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի բարեկամ լինելը կարող է առավելություն համարվել, այլ ոչ թերություն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երբ քննարկումներ են եղել, թե ում նշանակել Սյունիքի մարզպետ, որոշել են առաջարկել Հունան Պողոսյանին, քանի որ Սյունիքն այն մարզն է, որտեղ ուժայինի կարիք կա: Իսկ Հունան Պողոսյանը ե՛ւ մասսաներին կառավարելու, ե՛ւ կտրուկ որոշումներ կայացնելու փորձառություն ունի, իսկ նախկին մարզպետների կողմից կազմակերպվող ակցիաները «կմաշեն»:
ՔՆար Մանուկյան