ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տիեզերքը գրավելու փորձեր է անում: Ասել է թե` նախարարության աշխատողների երազանքները հասնում են մինչեւ տիեզերք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թեեւ թափուր է նախարարության տիեզերական քաղաքականության բաժնի պետի պաշտոնը, բայց նախարարությունը փնտրում է տիեզերական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ: Այստեղ հարց է առաջանում` արդյոք նախարարությունը ունի մշակած տիեզերական քաղաքականություն: Եթե այս տեմպով շարունակվի, ապա նախարարությունը հնարավոր է առաջիկայում տիեզերանավեր էլ կառուցի:
Իսկ ո՞վ կարող է դառնալ այդ պատասխանատու բաժնի գլխավոր մասնագետը: Նրա հիմնական գործառույթներից պետք է լինի տիեզերական տրանսպորտի օգտագործման սահմանափակումների եւ նորմերի մշակումը, տիեզերական տրանսպորտի բնագավառում ՀՀ միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստումը:
Նաեւ պետք է իրականացնի տիեզերական տրանսպորտի ծառայությունների մատուցման քաղաքականության ծրագրերի մշակում: Իսկ տիեզերական քաղաքականության գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: Իսկ աշխատավարձի չափը կկազմի 175 հազար 932 դրամ:
Հուսանք, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ամբողջությամբ չի տարվի տիեզերական քաղաքականությամբ եւ չի մոռանա ոլորտի մյուս կարեւոր խնդիրների մասին:
Սյունէ Համբարձումյան