Ես հրարաժարական տալու ռիսկին չէի գնա` իմանալով, թե դիմացս ինչ ուժեր են կանգնած… Դավիթ Մաթևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, վերջին նշանակումների, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, ընդդիմության ձեւավորման անհրաժեշտության եւ այլ թեմաների շուրջ զրուցել է ռեժիսոր, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի հետ:

-Պարո՛ն Մաթեւոսյան, վերջին շրջանում բավական աղմկահարույց նշանակումներ եղան, օրինակ` ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Հանրության մի ստվար զանգված դեմ արտահայտվեց դրան` նշելով, որ նա ժամանակին ծառայել է նախկին ռեժիմին: Հանրությունը չողջունեց նաեւ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Գեղամ Գեւորգյանի նշանակումը, քանի որ նրա անունը կապվում է պետական միջոցները փոշիացնելու դեպքերի հետ: Ի՞նչ եք կարծում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դժգոհության այս ալիքի բարձրացումը բացասաբար կազդի՞ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա:

-Չեմ կարծում, քանի որ վարչապետի հանդեպ վստահությունը բավական մեծ է, որպեսզի դա հիասթափեցնող հանգամանք հանդիսանա: Ինքս Հունան Պողոսյանի նշանակումը չեմ հասկացել, վարչապետի բացատրությունից հետո էլ ինձ համար էական հարցականներ են մնացել: Չեմ կարող ասել` ինչու են հենց նրան մարզպետ նշանակել, ես պարզապես կցանկանայի, որ վրիպակներ հնարավորինս քիչ լինեին: Փաշինյանի նկատմամբ վստահությունը շատ մեծ է, գրեթե անվերապահ, եւ այդ վստահությունը պետք է պահել:

-Երեւանի քաղաքապետի ընտրությունն, ըստ էության, ստուգատեսի պես մի բան էր ներկայիս իշխանության համար: Երեւանցիները, Հայկ Մարությանին իրենց ձայնը տալով, վստահության քվե տվեցին հենց Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ եք կարծում, խորհրդարանական ընտրություններին եւս նման մեծ հաջողություն հնարավոր կլինի՞ ապահովել, Փաշինյանի թիմին կհաջողվի՞ տոկոսային բարձր հարաբերակցությամբ հաղթանակ տանել:

-Միանգամայն վստահ եմ, որ այո: Այնպես, ինչպես Հայկ Մարությանը կարողացավ հաջողության հասնել, նույնը կանի Նիկոլ Փաշինյանը: Բայց սթափությունը չպետք է կորցնել, որովհետեւ նախկինում էլ մենք ունեցել ենք ջախջախիչ հաղթանակներ, իսկ մի քանի ամիս անց` տվյալ քաղաքական ուժի վարկանիշի կտրուկ անկում:

-Նիկոլ Փաշինյանն արդեն հրաժարական տվեց: Ի՞նչ սպասել: Վտանգներ տեսնու՞մ եք` չնայած քաղաքական ուժերի բոլոր երաշխիքներին առ այն, որ իրենք վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրելու:

-Ժողովուրդն արդեն ցույց է տվել, որ ցանկացած դեպքում շատ կարճ ժամանակում պատրաստ է հավաքվել եւ իր կամքը թելադրել: Մյուս կողմից կան որոշակի ռիսկեր, եւ դրանք ինձ էլ են անհանգստացնում: Ես հրարաժարական տալու ռիսկին չէի գնա` իմանալով, թե դիմացս ինչ ուժեր են կանգնած… Պարզապես անկատար եւ շինծու սահմանադրության պարագայում այլ ելք չկա, քան այս ճանապարհով Ազգային ժողովը ցրելը:

-Հայաստանին ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի ձեւավորվի առողջ ընդդիմություն: Օրինակ` «Սասնա ծռեր» կուսակցությունը կարո՞ղ է հավակնել ուժեղ ընդդիմություն լինելուն:

-Առկա քաղաքական ուժերի շրջանում հզոր ընդդիմություն առայժմ չեմ տեսնում եւ ցավում եմ, քանի որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա: Հույսս դնում եմ մեծամասնության ձայնը ստացած ֆրակցիայի ներսում ընդդիմության ձեւավորման վրա: Դա կկանխի մի շարք սխալներ, կստեղծվի պոզիտիվ, սթափ, բայց լուրջ հակակշիռ: Իսկ ընդդիմադիր ուժի ձեւավորումը մի քանի տարվա խնդիր է: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ին, ապա այն համակիրների հսկայական բանակ դժվար թե ունենա, բայց կունենա կողմնակիցների կայուն թիվ: Ամեն դեպքում, հազիվ թե նրան հաջողվի էական հակակշիռ դառնալ դաշտում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս