ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ Փաշինյանը չի ընդունում զոհված զինվորի ծնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարքային Գևորգ Հարոյանի հարազատները մամուլի ասուլիսով են հանդես եկել Գյումրիում: Վերջիններս լրագրողներին ներկայացրել են մանրամասներ Գեւորգի մահվան հետ կապված, նաեւ խոսել մահվան իրենց վարկածների մասին: Շարքային Գեւորգ Հարոյանի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը: Նրանք կոչ են արել բոլոր ծնողներին հանդես գալ բողոքի ակցիայով, որպեսզի բացառվի մահացության անգամ մեկ դեպքը բանակում:

Զինովերի հարազատները բազմիցս փորձել են հանդիպել Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ օրս չի ստացվել: Ծնողներին անգամ բացատրություն չի տրվել, թե ինչու չեն կարող ներկայացնել իրենց խնդիրը:

Հիշեցնենք, որ զինվորի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծառայակիցների կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը։

Իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ վաշտի հրամանատար կապիտանին մեղադրանք է առաջադրվել`ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կապիտանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գեւորգ Հարոյանի հարազատները պայքարելու են մինչեւ դեպքի բազմակողմանի բացահայտումը, իսկ առաջիկայում կլինեն բողոքի ցույցեր ու ակցիաներ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Հեղինե Մանուկյան




Լրահոս