Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը: 27 տարի առաջ այս օրը ՀՀ տարածքում անցկացվեց անկախության հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 56 հազար 758 քաղաքացիներից 2 մլն 42 հազար 627-ը (94.39%) ՀՀ անկախությանը «այո» ասաց։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը: Մեծ էր խանդավառությունն ու ոգեւորությունը: Բայց կարճ ժամանակ անց հետեւեց հիասթափությունը, երբ նորաստեղծ պետությունը հայտնվեց լրջագույն դժվարությունների ու փորձությունների առաջ՝ ավերիչ երկրաշարժի հետեւանքներ, անօթեւանների խնդիր, փախստականներ, էներգետիկ ճգնաժամ, քայքայված տնտեսություն, Ղարաբաղյան հակամարտություն, պարտադրված պատերազմ: Այս ամենից կարողացանք դուրս գալ պատվով, դուրս գալ հաղթանակած՝ մեր ժողովրդի ոգու տոկոնության, համազգային միասնության, համառ պայքարի շնորհիվ: Այս տարի ՀՀ անկախության օրը նշում ենք քաղաքական առումով հետաքրքիր իրավիճակում. երկար տարիների ընդմիջումից հետո քաղաքացին օտարված չէ իր պետությունից, ինչպես վերջին քսան տարիներին էր: ՀՀ քաղաքացին իրեն զգում է երկրի տերը. սա այն բանից հետո, երբ կարողացավ թավշյա հեղափոխության արդյունքում վերահաստատել իր իշխանությունը: Ու հիմա օրվա հրամայականն է՝ վերստին ձեռք ձեռքի տված` լծվել պետականության հիմքերի ամրապնդման, պետության զարգացման ու շենացման գործին: Այնպես որ, շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն:
Ինչպես հայտնի է` 2018թ. օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը` Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Այս գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին: Միայն թե դատախազության՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու օրվանից անցել է 1 ամիս, սակայն դատարանը վարույթ չի ընդունել գործը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ Վճռաբեկ դատարանը 3 ամիս ժամկետ ունի` այս գործը քննելու համար: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, չի բացառվում, որ Վճռաբեկ դատարանը ժամկետի վերջին օրերին անդրադառնա այս գործին` որոշում կայացնելով այն վարույթ ընդունելու մասին: Չի բացառվում նաեւ՝ այս գործը ոչ թե վարույթ ընդունվի, այլ ուղարկվի ՍԴ, քանի որ առնչվում է նախագահի՝ Սահմանադրությամբ անձեռնմխելիության դրույթին: Հիշեցնենք` ՀՔԾ-ում քննվող մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Ըստ շրջանառվող լուրերի` նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Ու սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին: Բայց հիմա ստացվում է` նրանք եւս ընթանում են նախորդների ճանապարհով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳ նախարար Ար. Հարությունյանը, անդրադառնալով այդ հարցին, ասել է. «ՔՊ-ականներ կլինեն, որովհետեւ նրանցից շատերը ներկայումս վարչական պաշտոններ են զբաղեցնում ե՛ւ կառավարությունում, ե՛ւ խորհրադարանում: Բազմաթիվ են ՔՊ-ականները, եւ մենք չենք կարող դրանից խուսափել: Բայց ներկայումս նույն ՔՊ ներկայացուցիչները, կառավարությունը եւ ԿԳՆ-ն մշակում են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, որով կբացառվի որեւէ պաշտոնյայի ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում: Մասնավորապես չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ միայն նրանց) հեռախոսազրույցները գաղտնալսելու համար աշխատել է մեծ թիմ՝ հանցավոր լուրջ խմբավորում: Թե ով կամ ովքեր են ներգրավված գործում, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Բայց ըստ մեր աղբյուրների` իրավապահների համար արդեն մոտավորապես պարզ են այդ հանցագործությունը կատարած անձանց շրջանակները:
ՄԻԵԴ-Ը ՀԻՄՆԱՎՈՐԵՑ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008թ. մարտի 1-ի գործերով առաջին վճիռներն է հրապարակել:
Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի եւ Վարդգես Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով ՄԻԵԴ վճիռները եղել են հօգուտ նախկին քաղբանտարկյալների:
Այսպիսով` ՄԻԵԴ-ն իր վճիռներով, ըստ էության, հաստատել է, որ մարտի 1-ի ոճրագործությունը եղել է իշխանությունների կողմից նախապես ծրագրված գործողություն, որի նպատակը եղել է բռնի ուժով ցրել կեղծված ընտրությունների դեմ ծավալված խաղաղ բողոքի ակցիաները: Բացի այդ, ՄԻԵԴ-ը հաստատել է, որ նախկին իշխանությունների օրոք ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2008թ մարտի 1-ին հարուցված քրեական գործով թույլ է տվել հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ, իսկ ՀՀ դատախազությունը հաստատել է այդ քրեական գործերով ակնհայտ անհիմն եւ անարդար մեղադրական եզրակացությունները։ Եւ վերջապես, ՀՀ դատական եռաստիճան համակարգը, խախտելով արդարադատության հիմնարար նորմերը, դակել է դատախազության կողմից հաստատված շինծու մեղադրական եզրակացությունները:
Դժվար չէ ենթադրել՝ ՄԻԵԴ-ը կբավարարի մարտի 1-ի գործով մյուս քաղբանտարկյալների բողոքները եւս: Ի վերջո, նախկին իշխանությունները խախտել են նրանց բոլորի իրավունքներն անխտիր:
Ու հատկանշական է փաստը, որ ՄԻԵԴ որոշումները եղան այս օրերին, երբ Հայաստանում վերաբացվել է մարտի 1-ի գործը, եւ դրա շրջանակներում հիմա հերթով մեղադրյալի կարգավիճակում են հայտնվում նախկին իշխանության ներկայացուցիչները: Ասել է, թե ՄԻԵԴ-ն էլ իր վճռով, ըստ էության, հիմնավորեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գործողությունները, առաջ քաշված պնդումը, որ 2008թ.-ին հանցագործություն տեղի է ունեցել ոչ թե ընդդիմության, այլ իշխանության կողմից: Ուստի պետք է պատասխանատվության կանչվեն նաեւ մարտի 1-ի գործերով իրավապահ եւ դատական մարմինների՝ արդարադատության դեմ հանցանք կատարած պաշտոնյաները:
Ի դեպ, ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ իշխանություններին որպես փոխհատուցում մեծ գումար տրամադրել դիմումատուներին՝ Սաղաթելյանին ու Գասպարիին: Ու ստացվում է, որ նրանց իրավունքները խախտել են նախկին իշխանությունները, բայց փոխհատուցում պետք է տրամադրի այս կառավարությունը, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը եւս ժամանակին մարտի 1-ի գործով եղել է քաղբանտարկյալ, ու նրա իրավունքները եւս խախտվել են ամենակոպիտ կերպով:
Այս դեպքում վարչապետը ճիշտ կաներ, եթե փորձեր օրենսդրական մեխանիզմներ ներդնել՝ այս գործերով փոխհատուցումները նախկին իշխանության ներկայացուցիչների հաշվին վճարելու համար: Ի վերջո, անցումային արդարադատության պարագայում միգուցե հնարավոր լինի այդպես վարվելը: