ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ ԱՄՆ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Վարչապետ ընտրվելուց հետո սա Փաշինյանի առաջին այցն է ԱՄՆ, սակայն առկա տեղեկատվությամբ` վարչապետը չի հանդիպելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս հանգամանքը խիստ մտահոգիչ է` ցուցադրելով ամերիկյան քաղաքական շրջանակների հստակ անտարբերությունը Հայաստանի նկատմամբ:

Հայաստանը ԱՄՆ-ի համար քաղաքական հետաքրքրություն, որպես այդպիսին, միշտ չէ, որ ներկայացրել է: Մերձավորարեւելյան մեծ քաղաքականության համատեքստում ԱՄՆ-ն Կովկասում առանձին մարտավարություն, ըստ էության, չի իրացնում: Կովկասյան տարածաշրջանում իր դիրքավորումը ԱՄՆ-ն հիմնականում զուգորդում է մի կողմից` Թուրքիայի եւ Իրանի, մյուս կողմից` Ռուսաստանի հետ հարաբերություններին: Այլ կերպ ասած` Հայաստանն ԱՄՆ-ին հետաքրքիր է այնքանով, որքանով հայ-ամերիկյան հարաբերությունները կարելի են ծառայեցվել վերոնշյալ պետությունների հետ ԱՄՆ հարաբերությունների կարգավորմանը կամ ինչ-ինչ խնդիրներ առաջացնելուն: Եվ սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլ Կովկասի բոլոր պետություններին: Օրինակ` Վրաստանի հետ հարաբերություններն ԱՄՆ-ի համար խիստ նշանակալից են բացառապես ռուս-վրացական հակադրության համատեքստում, հետեւաբար Վրաստանին ցուցաբերվող աջակցությունը հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում: Հատկանշական է, որ այս օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը Սպիտակ տանը հանդիպել է նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, իսկ սեպտեմբերի 20-ին` պետքարտուղար Մայք Փոմփեոյի: Հաշվի առնելով Վրաստանի թվացյալ կարեւորությունը ԱՄՆ-ի համար, մեղմ ասած, տարակուսելի է, որ վարչապետին չի ընդունել ոչ միայն նախագահ Դոնալդ Թրամփը, այլեւ նույնիսկ փոխնախագահ Մայք Փենսը: Արդ, նույնիսկ տարածաշրջանում իր հիմնական աջակից համարվող պետության վարչապետին ԱՄՆ նախագահը չհանդիպեց, ինչը մատնում է, որ Թրամփի արտաքին քաղաքական հետաքրքրություններն ավելի շատ չինա-կորեական տարածաշրջանում են:
Հայաստանի անկախության 27-ամյա պատմության ընթացքում Հայաստանով ԱՄՆ-ն հետաքրքրվել է մի քանի անգամ: Այդ հետաքրքրության առաջին վկայությունը կարելի է համարել 1991թ. նոյեմբերին երդմնակալության արարողությունից անմիջապես հետո նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցելությունը ԱՄՆ: Այնժամ փլուզվող ԽՍՀՄ-ում Հայաստանը խիստ հետաքրքրական էր ԱՄՆ-ի համար` պայմանավորված նաեւ Հայաստանում, համեմատ ԽՍՀՄ մյուս պետությունների, կայուն ու ժողովրդավարական իշխանության ձեւավորմամբ:
1994թ. օգոստոսի 9-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական այց կատարեց ԱՄՆ: Տեր-Պետրոսյանը նորանկախ Հայաստանի միակ ղեկավարն էր, որը ԱՄՆ պաշտոնական այց կատարեց: Եւ ընդհանրապես այդ այցը բացառիկ էր, քանի որ կրում էր պաշտոնական-աշխատանքային բնույթ։ Պահպանված էին արարողակարգի բոլոր առանձնահատկությունները, իսկ Հայաստանի պատվիրակությունը (պատմության մեջ առաջին ու դեռեւս վերջին անգամ) հանգրվանել էր «Բլեյեր Հաուս»-ում, որն ԱՄՆ նախագահների հատուկ հյուրերի կեցավայրն է։
Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նոր թափ ստանալով 1998-1999 թթ., երբ ԱՄՆ-ն ակտիվորեն սատարեց պալատական հեղաշրջմամբ իշխանության եկած ուժերին, իսկ հետո կայացավ Վազգեն Սարգսյանի այցելությունը Վաշինգտոն ու բանակցությունները փոխնախագահ Ալ Գորի հետ: 2001թ. նոր նախագահի ընտրությամբ պայմանավորված` ԱՄՆ-ն կրկին հայացք ձգեց Հայաստանին, երբ նոր վարչակազմը փորձում էր պատմություն կերտել` Արցախի հակամարտության կարգավորումն իրականություն դարձնելով: Ջորջ Բուշ Կրտսերը ջանքեր գործադրեց Քի Վեստում Քոչարյանին ու Ալիեւին համաձայնության հակելու համար, սակայն ձախողումից հետո ԱՄՆ-ն մոռացավ Հայաստանի մասին: Հայաստանն ամերիկյան օրակարգում հայտնվեց արդեն 2008թ. Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու ժամանակ: «Վիկիլիքսի» բացահայտումներից պարզ է դարձել, որ դեռեւս նախընտրական շրջանում էր Սերժ Սարգսյանը խոստացել ամերիկացիներին համաձայնելու հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկին: Դրա դիմաց ԱՄՆ-ն լուռ կեցվածք ընդունեց մարտի 1-ի սպանդի ու խիստ վիճահարույց ընտրությունների արդյունքներով ձեւավորված Սարգսյանի նախագահության հանդեպ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալումից հետո ԱՄՆ-ն կրկին անտարբեր կեցվածք որդեգրեց Հայաստանի նկատմամբ:
ԱՄՆ-ի այսօրինակ քաղաքականությունը, սակայն, լիովին բնական է` հաշվի առնելով ԱՄՆ-ի գերտերություն լինելու հանգամանքն ու աշխարհաքաղաքական շահերը: Այս համատեքստում Հայաստանի իշխանության խնդիրը պետք է լինի ոչ թե համոզել ԱՄՆ-ին ինչ-որ քայլեր ձեռնարկել ի նպաստ ՀՀ-ի, այլ որսալ ամերիկյան հիմնարար հետաքրքրություններն ու ՀՀ շահերը փորձել համընկեցնել դրանց:
Ակնհայտ է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձելու են դիվիդենտներ քաղել` շահարկելով վարչապետ Ն. Փաշինյանի ու ԱՄՆ նախագահ Թրամփի չկայացած հանդիպման փաստը: Դրանից խուսափելու համար նախընտրելի կլիներ, որ ՀՀ իշխանություններն ի սկզբանե ջանքերը կենտրոնացնեին փոխնախագահ Փենսի հետ հանդիպում կազմակերպելու վրա` չտարվելով քարոզչական հետաքրքրություններով: Սակայն սա կարելի է գործնական դաս համարել, թե ինչի վրա պետք է շեշտադրել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում եւ կոնկրետ ո՞ր հարցերում է հնարավոր առաջացնել ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Հայաստանն աշխարհին որեւէ շնորհ չի արել իր թավշյա հեղափոխությամբ, որպեսզի միայն այդ փաստով նրա առաջ բացվեն բոլոր դռները: Հեղափոխությունը միջազգային հարթակներում հնարավոր է կապիտալիզացնել նոր կադրերով ու արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգով:

Ն. ՀՈՎԵՍՓՅԱՆ

 

 

ՄՈՏ 82.5 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66 մլն 782 հազար 900 դրամի չափով սերմնացուներ է փչացել, եւ 15 մլն 656 հազար դրամի չափով պակասորդներ են հայտնաբերվել: ՀՀ կառավարության 2017թ. որոշմամբ` ՊՈԱԿ-ին հանձնարարվել է չիրացված սերմնացուները պահպանել: Պարզվել է, որ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից չի կատարվել չիրացված սերմացուների պահպանությունը: Եւ 736 տոննա խմբաքանակը պահեստավորվել է ոչ մասնագիտացված պահեստներում: Չեն ունեցել խոնավության, ջերմության կարգավորման հնարավորություն: Արդյունքում պետբյուջեի միջոցներով ձեռք բերված 66 մլն 782 հազար 900 դրամի 229 տոննա սերմնացուն վարակվել է ամբարային վնասատուով եւ դարձել ոչ պիտանի: Բացի այս` արձանագրվել է 15 մլն 656 հազար դրամի` 30,4 տոննա գարու, ցորենի եւ առվույտի սերմնացուների պակասորդներ: Հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մյուս կողմից` ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իրենք սերմնացու չեն պահեստավորել: «Տարիներ շարունակ մեզ մոտ այդ վիճակը չի եղել: Ուղարկել ենք մարզեր: Իսկ հետո նախարարության ծրագիրը կառավարության 2017 թվականի որոշմամբ փոխվեց, եւ մենք ստիպված էինք այն պահեստավորել ոչ մասնագիտացված պահեստներում: Մենք մեղք չունենք այստեղ: Դե, հիմա նման թվեր են գրել, բայց գրելով չէ, դեռ քննություն պետք է անեն, կգան, ես կբացատրեմ»,- արդարացավ ՊՈԱԿ-ի տնօրենը:
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արձագանքեց. «Պետք է դեռ ճշտվեն քանակությունները, թե իրականում որքանն է ծլողունակությունը կորցրել»: Ըստ փոխնախարարի` նախարարության մասնագետները տեսել են «ոչ պիտանի սերմնացուն»: Բայց փաստ է, որ վնասված սերմնացուի ծլողունակությունը ցածր է, եւ այն չի կարող օգտագործվել որպես սերմնացու: Մյուս կողմից, ԳՆ-ն այլեւս ձեռնպահ է մնալու նմանատիպ ծրագրերի իրականացումից: «Մեր մոտեցումը այլ է: Մենք շեշտը դնելու ենք տեղական սերմնաբուծության զարգացմանը, ծրագիրն ենք պատրաստում: Կներկայացնենք կառավարության հաստատմանը»,- լրացրեց փոխնախարարը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՉԿԱ, ԲԱՅՑ ՓՈՂ ԵՆ ԳԱՆՁՈՒՄ
Իջեւան քաղաքում տնտեսական ապրանքների «Տիգրան Մեծ» խանութի սեփականատեր, անհատ ձեռներեց Դավիթ Ղազարյանը եւ մի քանի այլ ձեռներեցներ դժգոհել են, որ իրենց խանութների հսկիչ-դրամարկղային սարքերի համար սպասարկման համար «Էլ սիստեմսերվիս» կազմակերպությանը եռամսյակում 6000 դրամ գումար են վճարում, սակայն իրականում այդ կազմակերպությունը այդ սարքերի սպասարակում չի իրականացնում, այդ սարքերի սպասարկման կարիք չկա: Նշված կազմակերպությունը Իջեւանում հսկիչ-դրամարկղային սարքեր նորոգող մասնագետ չունի, այդ սարքերի խափանման դեպքում դրանք ուղարկում են Երեւան, դրա համար ձեռներեցները հավելյալ 1000 դրամ են վճարում: Խափանված սարքը նորոգելը, դրանցում հարկային կոդը բացելը կատարվում է 24 ժամվա ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Ղազարյանը հայտնեց, որ ինքը մտադիր է հրաժարվել հսկիչ-դրամարկղային սարքերի սպասարկումից, դրա համար «Էլ սիստեմսերվիս» կազմակերպությանը գումարներ վճարելուց: Նա ասաց, որ կան նոր տեսակի՝ էլեկտրոնային հսկիչ-դրամարկղային սարքեր, որոնց համար վերոհիշյալ կազմակերպությունը իսկապես սպասարկում է կատարում, ծառայություններ մատուցում, այդ սարքերի սպասարկման վճարն էլ համեմատարաբար ցածր է` ամսական 1200 դրամ:

 

ՄՐՑՈՒՅԹ` ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը սեպտեմբերի 12-ին որոշել է լուծել Գոշի միջնակարգ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Հայկազ Ամիրխանյանի հետ 2016թ. հունիսի 24-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Հ. Ամիրխանյանը շուրջ 2 տարի եւ 3 ամիս դպրոցը ղեկավարել է որպես դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նա կենսաթոշակի տարիքի է: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Մանե Ղազումյանը հայտնեց, որ սեպտեմբերի 10-ին կայացել է Գոշի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել է մեկ թեկնածու` Գոշի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Սոնա Օհանյանը: Սեպտեմբերի 12-ին մարզպետ Վ. Ղալումյանը որոշել է սեպտեմբերի 13-ից Սոնա Օհանյանին նշանակել Գոշի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում, նրա հետ կնքել 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Սեպտեմբերի 3-ին մարզպետ Ղալումյանը որոշել է լուծել նաեւ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եթեր Նազարյանի հետ 2018թ. օգոստոսի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Մինչեւ մրցույթով Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելը, մարզպետը սեպտեմբերի 4-ին Սամվել Սիմոնյանին նշանակել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ս. Սիմոնյանը մինչ այդ որպես վերապատրաստող մասնագետ էր աշխատում կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս