ԲՈՒՀԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՒՄ ՀՀԿ-ԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՊ-ԱԿԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ տարեվերջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, որով կարգելվի պետական պաշտոնյաների ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ձեր նախաձեռնությամբ վերջին շրջանում հայաստանյան մի շարք բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմը փոփոխության են ենթարկվում…
-Լուրեր չեն, դրանք իրականություն են. ըստ էության մենք մի շարք բուհերում փոփոխություն ունեցել ենք: Եւ արդեն այնտեղ գործընթացներ են գնացել: Օրինակ` Շիրակի պետական, ագրարային համալսարաններում: Բնականաբար, «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքով պետական պաշտոնյաներն առայժմ կարող են տեղ զբաղեցնել եւ ըստ պաշտոնների տեղ են զբաղեցնում բուհերի հոգաբարձուների խորհրդում: Բայց քանի որ եղել են բազմաթիվ հրաժարականներ, տեղի է ունեցել իշխանափոխություն, այդ փոփոխությունները, բնականաբար, պետք է լինեին նաեւ հոգաբարձուների խորհրդում: Եւ դա գործընթաց է, որը հիմա շարունակվում է, եւ բոլոր բուհերում էլ այդ փոփոխությունները պետք է լինեն:
-Կնշեք, թե կառավարության եւ ԿԳՆ-ի կողմից ի՞նչ սկզբունքով են ընտրվում խորհրդի անդամները, նախագահները:
-Տվյալ բուհի հետ որոշակի առնչությունները, մասնագիտական որակներն ու հմտությունները… բազմաթիվ սկզբունքներ կան: Իրականում մենք շուտով կհրապարակենք նաեւ մյուս բուհերի կազմերը: Բավականին դժվար է ընտրել կազմերը, որոնք կլինեն պատասխանատու, որոնք կլինեն իրենց որոշումներում անկախ եւ նախկին` մեկ կենտրոնից թելադրվող փոփոխություններ չեն լինի բուհերում: Ըստ էության սա շատ կարճաժամկետ գործընթաց է, որովհետեւ մենք հիմա պատրաստ ենք եւ խորհրդարան կմտցնենք, դա ամիսների հարց է: Խոսքը «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի մասին է, որով պաշտոնապես կարգելվի պետական պաշտոնյաների ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում: Սրանով մենք լիարժեք ու բավարար ինքնավարություն ու ակադեմիական ազատություններ կտանք բուհերին:
-Այսինքն` ՀՀԿ-ականները չեն փոխարինվի ՔՊ-ականներով…
-Դա նոր օրենքով, բայց հիմա մենք դրանից չենք կարող խուսափել. տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կլինեն, որովհետեւ ներկայում կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք ե՛ւ ՔՊ-ից են, ե՛ւ ՀՅԴ-ից: Դրանից մենք այս` գործող օրենքով մանավանդ չենք կարող խուսափել: Բայց նոր օրենքը, որը գալու է, կբացառի պետական պաշտոնյաների ներկայությունը կառավարման խորհուրդներում:
-Ի՞նչ են արվում` խորհուրդների անդամներին, նախագահներին կուսակցականացումից զերծ պահելու համար:
-Օրենքը կփոխվի, եւ այդ հարցը կլուծվի:
-Արդյո՞ք ապաքաղաքական անձինք են ընտրվում խորհրդի անդամ կամ նախագահ:
-Մենք չենք կարող նշանակել նախագահ. կրթության եւ գիտության նախարարությունը իր 25 տոկոս անդամներին է առաջարկում, կառավարությունը` իր 25 տոկոսին, 25 տոկոս էլ ուսանողներն են առաջարկում, 25 տոկոս էլ` բուհերի գիտական խորհուրդը, այնուհետեւ այդ 100 տոկոսը, նայած բուհերում տարբեր թվեր են` 28 հոգի, 36 եւ այլն, ընտրում են իրենց խորհրդի նախագահ: Օրինակ` ագրարային համալսարանում ընտրություն է տեղի ունեցել, եւ խորհրդի նախագահ է ընտրվել անկուսակցական, նախկինում գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, ով այդ ոլորտի լավագույն մասնագետներից է, Գյումրիում Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել Լեւոն Բարսեղյանը: Այսինքն` այդ նախկին մի կուսակցությունից թելադրվող եւ նշանակվող նախագահներ այլեւս չեն լինելու:
-Պարո՛ն Հարությունյան, տեղեկություններ կան, որ Դուք Ձեր ՔՊ-ական մտերիմներին, ծանոթներին նշանակելու եք հոգաբարձուների խորհուրդներում…
-ՔՊ-ականներ կլինեն, որովհետեւ նրանցից շատերը ներկայումս վարչական պաշտոններ են զբաղեցնում ե՛ւ կառավարությունում, ե՛ւ խորհրդարանում: Բազմաթիվ են ՔՊ-ականները, եւ մենք չենք կարող դրանից խուսափել, որովհետեւ նրանք զբաղեցնում են վարչական եւ համապատասխան պաշտոններ: Բայց ներկայումս ՔՊ-ն` նույն «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները, կառավարությունը եւ կրթության, գիտության նախարարությունը մշակում են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, որը առաջիկա ամիսներին կընդունվի, եւ որով կբացառվի որեւէ պաշտոնյայի ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում: Մինչեւ տարվերջ: Այսինքն` այս խորհուրդները շատ կարճ ժամանակ են ունենալու, իսկ փոփոխություններն էլ մենք անում ենք այն պատճառով, որովհետեւ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ լքել են իրենց պաշտոնները:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

500 ԴԻՏՈՐԴ
«Ազատություն» ռ/կ փոխանցմամբ` Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին կհետեւեն ավելի քան 500 դիտորդներ՝ տեղական 8 կազմակերպություններից: Այդ կազմակերպություններից մի քանիսը, որոնք դիտորդական լուրջ փորձառություն ունեն, միավորվել են 2 նախաձեռնություններում՝ «Անկախ դիրտոդ» եւ «Ականատես»։
«Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ներկայացնող իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասել է, թե գործընկերների հետ պայմանավորվել են այնպես աշխատել, որ կարողանան ծածկել Երեւանի 575 ընտրատեղամասերի մեծ մասը` աշխատելով մոտ 320 դիտորդներով։
160 դիտորդներով աշխատող «Ականատես» նախաձեռնության ներկայացուցիչ Ալեքսեյ Պետրոսյանը հավելել է, թե ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ եւս դիտորդներին լավ նախապատրաստել են, ընտրել քաղաքական կուսակցություններում չներգրավված անկախ մարդկանց։
Նախորդ խորհրդարանական ընտրություններից, նաեւ սահմանադրական հանրաքվեից հետո բավական կոշտ գնահատականներ հնչեցրած «Անկախ դիտորդի» եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» ներկայացուցիչների խոսքով՝ հեղափոխությունից հետո ակնկալում են նոր որակի ընտրություններ, երբ իրավապահների նպատակը ոչ թե կեղծիքները կոծկելը, այլ դրանք բացահայտելն է լինելու։

 

 

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման եւ հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին եւ 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:
Վերջիններս կապահովեն քաղաքացիների եւ կուսակցությունների կողմից նշված օրերին ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամներին կանխիկ եւ անկանխիկ վճարումների սպասարկումը:

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ
Կառավարությունը հավանություն է տվել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը եւս մեկ տարով երկարաձգում նախատեսող օրինագծին: «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին որոշումը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս նշել է, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ հին նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է մինչեւ 2019թ. հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ հունվարի 1-ից հետո ՀՀ քաղաքացիներին կարող են տրամադրվել բացառապես կենսաչափական անձնագրեր: Ըստ Վ. Օսիպյանի` այժմ առաջարկվում է ժամկետը սահմանել ոչ թե 2019թ. հունվարի մեկը, այլ 2021թ.:




Լրահոս