Հայկական մեքենաները «գերի» են ընկել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գործած քայլերի հետեւանքները դեռ դառնորեն զգացնել են տալիս նրա հեռանալուց անգամ 5 ամիս անց: Հոկտեմբերի 4-ից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին: Հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք որոշում կայացվեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելել: Երբ աղմուկ բարձրացավ, օրենքում որոշակի փոփոխություններ արվեցին՝ սահմանելով, որ 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում:

ՀՀ ազգային ժողովի մարտի 1-ի նիստում 61 կողմ ձայնով ընդունվեց «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը: Թվում էր, թե խնդիրը կարգավորված է, բայց պարզվում է՝ ՀՀԿ-ն` իր ոճին հավատարիմ, քաղաքացիների թիկունքում դավեր է նյութել, եւ օրենքի նախագծի` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելու ժամանակ փոփոխություն է կատարվել եւ հանվել է նախագծից «ժամանակավոր» բառը: Օրենքը մարտի 16-ին ստորագրվել է ՀՀ այլեւս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որի համաձայն` ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնումը ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն. Կառավարությունը, օրենսդիր մարմինը գործել են հասարակության թիկունքում՝ մարդկանց չտեղեկացնելով կատարված այդքան կարեւոր փոփոխության մասին:

Ինչ խոսք, դա ՀՀԿ-ին հատուկ ձեռագիր է: Բայց այս իրավիճակում տարակուսելի է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պահվածքը, որը կոորդինացնում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: 1 ամիս 13 օր է` ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները «գերի են մնացել» սահմանին, որոշ վարորդներ մինչեւ 800 ԱՄՆ դոլար արդեն տուգանք են մուծել այնտեղ կայանելու համար, բայց ՀՀ կառավարությունը խնդրին լուծում չի տալիս: Սա էլ անպատասխանատվության այլ դրսեւորում է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս