ՀԱՐՑ. Ես աշխատում եմ դպրոցում, լրացել է 25 տարվա մանկավարժական կենսաթոշակի տարիքս: 2 տարի համատեղությամբ աշխատել եմ որպես պահակ: Ինձ սոցապ բաժնից տեղեկացնում են, որ հրաման ունեն համատեղությամբ աշխատողների ստաժը չհաշվել: Ինչո՞ւ չեն տրամադրում ինձ իմ հասանելիք թոշակի գումարը: Նշեմ, որ ունեմ 27-28 տարվա ստաժ:
Հարություն Հովհաննիսյան (ք. Թալին)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, շատ օրենքներ գործում են ի վնաս շարքային քաղաքացիների: Փաստ է, որ կենսաթոշակառուների թոշակի գումարը, մեղմ ասած, չնչին է ու չի բավարարում նրանց տարրական կարիքներ հոգալու համար: Ընդունված օրենքներն էլ շփոթում եւ տարակուսանքի առաջ են կանգնեցնում թոշակառուներին:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: