Ֆրեդ Դավթյանը որոշ մարդկանց միջոցով հասկացրել էր, որ եթե չխառնվեի թատրոնի ֆինանսական հարցերին, ինքն ինձ կսատարեր. Սուրեն Շահվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է, որ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի: Այդ պաշտոնում նշանակվեց Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը:

Նշենք, որ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո արդեն մեկ տարի էր` թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը չէր կարողանում գեղարվեստական ղեկավար ընտրել: ՀՀ մշակույթի նախարարությունը համապատասխան մասնագետների եւ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի մասնակցությամբ խորհրդակցական ժողով էր հրավիրել, որի արդյունքում 5 թեկնածուներից ընտրվել էին երկուսը` ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանն ու բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը:

Այս երկու թեկնածուներին հանձնարարվել էր մեկ ժամանոց ներկայացում բեմադրել: Դա թույլ կտար լավագույնս բացահայտել մասնակիցների կարողությունները: Մշակույթի նախարարությունը գեղարվեստական ղեկավարի ընտրութան համար հստակ ժամկետներ էր սահմանել․ հարցը պետք է լուծվեր մինչեւ 2019-ի հունվարի 1-ը, վատագույն դեպքում` մինչեւ մարտի 1-ը: Սակայն, ինչպես տեսանք, բանը դրան չհասավ, եւ ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

Ֆրեդ Դավթյանի անակնկալ որոշումը զարմացրել է Սուրեն Շահվերդյանին. «Նախարարության որոշմամբ ես եւ Կարեն Ներսիսյանը պետք է ներկայացում բեմադրեինք, արդյունքում պետք է հասկանայինք, թե մեզնից ով է ավելի լավ դա անում, ով կարող է թատրոնի անդամների հետ աշխատել: Ֆրեդ Դավթյանն ասել է, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր չէր ներկայացում բեմադրել, բայց նախարարությունը մինչեւ մարտի 1-ը ժամկետ էր տվել. դա արդեն 4 ամիս եղավ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տարակուսեց Սուրենը:

Ֆրեդ Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաեւ նշել էր, որ Կարեն Ներսիսյանը կարող է շարունակել ռուսական թատրոնի ավանդույթները. «Ըստ իս` Ստանիսլավսկու թատրոնին նոր տեսակետ, նոր ուժ է պետք, որպեսզի այն համաշխարհային թատրոնին համահունչ քայլի»,-հակադարձեց Սուրենը:

Բեմադրիչի խոսքով` աշխարհի առաջատար թատրոններում գեղարվեստական ղեկավարի լիազորություններն ամենաուժեղն են, տնօրենն էլ նշանակվում է գեղարվեստական ղեկավարի առաջարկով, ոչ թե հակառակը. «Ստանիսլավսկու թատրոնի դեպքում նույն թատրոնի դերասանը նաեւ տնօրեն է եւ ինքն է նշանակում գեղարվեստական ղեկավար: Նշանակում է` վերջինս կախված է դերասան-տնօրենից եւ պետք է այնպիսի գործեր բեմադրի, որ նա բեմում առաջատար լինի: Սա գեղարվեստական լիդերի կարողությունները սահմանափակող անհեթեթություն է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա նաեւ հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ. «Մինչ գեղարվեստական ղեկավարի ընտրությունը Ֆրեդ Դավթյանը որոշ մարդկանց միջոցով ինձ հասկացրել է, որ եթե ես չխառնվեմ թատրոնի ներկա եւ անցյալ ֆինանսական հարցերին, ինքը կողմ է իմ թեկնածությանը: Բայց նախ` տնօրենի աջակցության կարիքը ես չունեմ, եւ երկրորդ` չէի կարող չմիջամտել այդ հարցերին»,- նշեց Սուրենը:

Ավելի վաղ գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունը դրած, իսկ հետո հանած դերասան Ռոբերտ Հակոբյանը համարում է, որ Ֆրեդ Դավթյանը սխալ որոշում է կայացրել. «Մենք Կարեն Ներսիսյանին չենք ճանաչում, չգիտենք` ով է, ինչացու է: Ռուս գործընկերներիցս տեղեկություններ ունեմ, որ նա առանձնապես փայլուն հնարավորություններ չունի: Առանց բեմադրության նրան գեղարվեստական ղեկավար ներկայացնելն առնվազն տարօրինակ է:

Դեռ չեմ պատկերացնում իր հետ իմ աշխատանքը: Թատրոնի անձնակազմից շուրջ 20 հոգի ցանկացել է, որ նա լինի ղեկավար, բայց իրենք էլ Կարենին չեն ճանաչում: Այս մարդկանց գեղարվեստական ղեկավար պետք չէ, Սուրեն Շահվերդյան պետք չէ: Նրանք վախենում են ատեստացիայից, Սուրենը խստորեն դրել էր նաեւ ռուսերենին վարժ տիրապետելու հարցը, իսկ այս թատրոնում շատ դերասաններ թերանում են այդ հարցում: Սուրենը կտրուկ էր լինելու, դա իրենց ձեռնտու չէր»,-կարծիք հայտնեց պարոն Հակոբյանը:

Իսկ ահա երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը` նույն թատրոնի բեմադրիչ Նորա Գրիգորյանը, ով եւս գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար դրել էր իր թեկնածությունը, ապա հանել, ուրախ է, որ թատրոնը վերջապես ունի գեղղեկավար. «Կարեն Ներսիսյանի կենսագրությունից երեւում է, որ աշխատող մարդ է, իսկապես արվեստագետ է, հետաքրքիր մտքեր ունի, ուրախ կլինեմ իր հետ համագործակցել»,-եզրափակեց Նորան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս