Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 10-ին կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը: Նորընտիր անդամներն արդեն ստանձնեցին իրենց պարտավորությունները: Հիմք ընդունելով, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին` Հայկ Մարությանը օրենքի ուժով դարձավ քաղաքապետ: «Ժողովուրդ» օրաթերթը նորընտիր ավագանու մասին կարծիքներ հարցրեց նախկին ավագանու անդամներից:
Երեւանի նախկին ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյան
Երեւանի նորընտիր ավագանու մասին խոսեցինք նաեւ նախկին ավանագու անդամ Լեւոն Իգիթյանի հետ, որը նախկինում հայտնի էր իր սկանդալային արտահայտություններով.
-Նախ առաջին հերթին շնորհավորում եմ բոլորին:- ասաց Իգիթյանը` շարունակելով,- Ես մեծ սպասելիքներ ունեմ ներկա ավագանու թիմից: Ընդամենը մի խնդիր կա. պետք է անսահման սեր ունենալ դեպի այս քաղաքը եւ բնակիչների հետ վերեւից չխոսել:
-Այսինքն` դուք այդպիսի բան եք նկատե՞լ:
-Ես ուղղակի հեռուստատեսությամբ ընդհանուր պատկերն եմ տեսել: Պետք է ասեմ, որ ավագանու անդամների մեջ ինձ համար շատ հարազատ մարդիկ կան: Օրինակ` մի ճարտարապետ կա Լիլիթ անունով, տեսա, որ ավագանու կազմում է նաեւ Արթուր Իսպիրյանը: Հույս ունեմ` հենց նրանք են դառնալու եղանակ ստեղծող: Նաեւ գիտեմ, որ Երեւանը անսահման սիրող մարդիկ կան ավագանու կազմում: Հույս ունեմ` աշխատանքը կհիմնվի այդ զգացմունքի վրա:
–Ձեր կողմից իրականացված ո՞ր աշխատանքները կցանկանաք` շարունակվեն ներկայիս ավագանու կողմից:
-Քաղաքի բարեկարգումը, մանկապարտեզների նկատմամբ ուշադրությունը եւ զինվորների, պատերազմի մասնակիցների հանդեպ ուշադրությունը: