Ոչ մեկին չեմ ճանաչում բացի Հայկ Մարությանից, նրան էլ որպես դերասան գիտեմ. Նաիրա Նահապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 10-ին կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը: Նորընտիր անդամներն արդեն ստանձնեցին իրենց պարտավորությունները: Հիմք ընդունելով, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին` Հայկ Մարությանը օրենքի ուժով դարձավ քաղաքապետ: «Ժողովուրդ» օրաթերթը նորընտիր ավագանու մասին կարծիքներ հարցրեց նախկին ավագանու անդամներից:

Երեւանի ավագանու նախկին անդամ, ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյան

Վերջինս դեռ 2017-ի ավագանու ընտրություններից առաջ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում քաղաքային տնտեսությունը: «Ի տարբերություն մեր թիմի ղեկավար Տարոն Մարգարյանի` ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Զարուհի Փոստանջյանը քաղաքային տնտեսությունը չեն պատկերացնում եւ չգիտեն` ինչ է: Նրանք նաեւ չեն պատկերացնում քաղաքի բյուջեն»,- մասնավորապես ասել էր նա: Տիկին Նահապետյանից փորձեցինք ճշտել` արդյոք ինքը նույնը մտածո՞ւմ է «Իմ քայլը» դաշինքի մասին եւ ընդհանրապես ինչպիսի՞ սպասելիքներ ունի նորընտիր ավագանուց: Տիկին Նահապետյանը սկզբում հրաժարվեց որեւէ բան ասել.

-Մենք ավագանի չենք: Ընդհանրապես, որեւէ բան չեմ ուզում խոսել այդ մասին:

-Այնուամենայնիվ, եղել եք նախկին ավագանու կազմում: Ի՞նչ կարծիք ունեք Երեւանի նոր ավագանու մասին:

-Ոչնչի չեմ հետեւել: Ոչ մեկին չեմ ճանաչում բացի Հայկ Մարությանից: Նրան էլ որպես դերասան գիտեմ: Կաշխատեն, կերեւա` ինչ են անում:

-Անցած տարի տեղի ունեցած ավագանու ընտրություններին ասել եք, որ Նիկոլ Փաշինյանը, եւ «ԵԼՔԸ»-ը չգիտեն` ինչ է քաղաքային տնտեսությունը: Հիմա նո՞ւյնը կասեք «Իմ քայլը» դաշինքի մասին:

-Ես տենց բան չեմ ասել: Ես տենց բան եմ ասե՞լ:

-Այո: Ձեր հարցազրույցներից մեկում եք խոսել այդ մասին:

-Քաղաքային տնտեսության տիրապետելը մի օրվա բան է: Լավ:

Այս խոսակցությունից հետո Նաիրա Նահապետյանը արհամարհանքով անջատեց հեռախոսը: Ու անհասկանալի մնաց նրա այդ վերաբերմունքի պատճառը: Մինչդեռ տարրական բարեկրթության կանոնները թելադրում են զրույցը ընդմիջելուց առաջ զգուշացնել այդ մասին: Բայց տիկնոջ մոտ դեռ հին բարքերն են իշխում` ասել, ասածից հրաժարվել, լրագրողների հարցերից խուսափել ու մարդկանց թիկունքում գործել: Ինչպես երեւում է, նա Նոր Հայաստանի իրողություններին դեռ չի ադապտացվել:

Լուսինե Մինասյան




Լրահոս